կարևոր
3616 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-08 11:45
Քաղաքական

Գոնե երկու, բայց փոքր հաղթանակներ ընդդիմությունը տարել է․ «Հրապարակ»

Գոնե երկու, բայց փոքր հաղթանակներ ընդդիմությունը տարել է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. 

«Հրապարակը» զրուցել է քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանի հետ։

- Նոյեմբերի 5-ի հանրահավաքը ոմանց կողմից քննադատվեց, ոմանք կարծում են, որ անիմաստ է նման ակցիաներ կազմակերպելը։ Ձեր կարծիքով՝ ո՞րն էր հանրահավաքի գլխավոր նպատակը։

- Հանրահավաքի առաջնային նպատակը հայկական հասարակական եւ քաղաքական օրակարգում Արցախի հարցը պահելն է, որովհետեւ հիմա տարբեր տնտեսական թվերի մանիպուլյացիաներով փորձում են իմիտացիա ստեղծել, որ Հայաստանում եւ Արցախում ամեն ինչ լավ է, որ կորուստներ ունեցող մարդկանց փողը հատուցվում է, սակայն բանակցությունները գնում են Արցախը հանձնելու շուրջ։ Հանրահավաքի գլխավոր նպատակը հասարակական օրակարգում այս հարցը պահելն է։ Երկրորդը՝ ցույց տալն է ներքին հանրությանը, արտաքին ուժերին ու կենտրոններին, որ Հայաստանում հանրությունը դեմ է այն բանակցություններին, որոնց շրջանակում քննարկվում է Արցախը հանձնելու, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հարցը։ Այս հանրահավաքի ուղերձն այն է, որ հանրությունն իշխանությանը մանդատ չի տալիս՝ նման հարցերի շուրջ բանակցություններ վարելու համար, որ այս իշխանությունը լեգիտիմություն չունի՝ նման որոշումներ կայացնելու․ սա կարմիր գիծ է։ Երբ որ ընտրությունների կամ, օրինակ, 2018 թվականի հեղափոխության միջոցով իշխանություն է ձեւավորվում, նոր պայմանագիր է ձեւավորվում իշխանության եւ հասարակության միջեւ։ Հիմա, փաստացի, նոր պայմանագիր է ձեւավորվում, որտեղ հանրությունն ասում է՝ սա կարմիր գիծ է, եւ մենք թույլ չենք տա, որ դուք այս կարմիր գիծը խախտեք։

- Մի շրջանակ կա, որ քննադատում է ընդդիմությանը եւ կոչ անում հանրահավաքներ ընդհանրապես չկազմակերպել ու հերթական անգամ ցույց չտալ, որ իրենք չեն կարողանում հասարակության լայն զնագվածներ փողոց հանել։

- Այստեղ մի քանի հարց կա․ մեզ թվում է, թե բոլորը գիտեն, որ այսպիսի խնդիր կա, իրականում մի մեծ զանգված տեղյակ չէ այս խնդիրներից։ Օրինակ, հարցումներ են արվել, որոնց տվյալներով՝ ապրիլյան հանդիպման ժամանակ, երբ հայտարարվել էր, որ միջազգային հանրությունն ակնկալում է Հայաստանից՝ իջեցնել իր նշաձողն Արցախի հարցի վերաբերյալ ունեցած դիրքորոշումներում, պարզվել է, որ հարցվածների 50 տոկոսից ավելին չի իմացել ո՛չ այդ հանդիպման, ո՛չ էլ դրա արդյունքների մասին։ Ի՞նչ է սա նշանակում, որ խորհրդարանական ընդդիմությունը փորձում է օրակարգ ձեւավորել այն հարցի շուրջ, որից ժողովուրդը չի հասկանում, որովհետեւ ժողովուրդը պատկերացում անգամ չունի այդ խնդրի մասին։ Դրա համար ընդհանուր խնդիրն այստեղ՝ ոչ միայն ընդդիմության համար, իրական պատկերը ցույց տալն է։ Իշխանության եւ ոչ իշխանական շրջանակների հնարավորություններն անհավասար են։ Եթե սովորական մարդու աչքերով նայենք, նրանք ի՞նչ են տեսնում՝ Արցախի հանձնում չկա, եթե ինչ-որ բանակցություններ են գնում, ապա՝ անվտանգային հարցերի շուրջ, իշխանությունները հայտարարում են, որ փոխհատուցում են հայրենազուրկ արցախցիներին, սովորական մարդը տեսնում է, որ նոր տներ են կառուցում՝ իրենց մոտ պատկեր է ձեւավորվում, որ ամեն ինչ նորմալ է, խնդիր չկա։ Այս հանրահավաքների գլխավոր նպատակը դա է՝ մարդկանց հասցնել, թե իրականում ինչ գործընթացներ են տեղի ունենում։ Այդ նույն հարցման արդյունքներով՝ կարծեմ 24 կամ 28 տոկոս մարդիկ կային, որոնք տեղյակ չէին, թե 44-օրյա պատերազմից հետո Արցախն ինչ կորուստներ է կրել, կամ արդյոք կրե՞լ ենք, թե՞ ոչ։ Ընդդիմությունն այդքան ռեսուրս չունի՝ մարդկային, ֆինանսական, գիտական, մենք չպետք է գերագնահատենք ընդդիմության հնարավորությունները՝ դա սխալ է։ Եթե ընդդիմությունը ոչինչ չի անում, տեսել ենք ամռանը, սեպտեմբերին, հոկտեմբերին, երբ ընդդիմությունն օրակարգ չէր ձեւավորում, ոչ մեկը դա չէր անում։ Բանակցությունները գնում էին, ընդդիմությունը հայտարարեց, որ Դիմադրության շարժումն ուրիշ փուլ է անցնում՝ վրանները հավաքում ենք, դրանից հետո, բացի ընդդիմությունից, ոչ ոք ոչինչ չարեց։

- Այսինքն՝ այս ընդդիմությունը փորձում էր դաշտ բացել այլընտրանքային ընդդիմությունների համար, որպեսզի նրանք կարողանան ինքնադրսեւորվե՞լ։

- Քաղաքական, ընդդիմադիր կերպարները ծնվում են պայքարի մեջ, երբ որ չկա այդ պայքարը, ոչ մեկն էլ չի ծնվի։ Դիմադրության շարժումը որ կար, մարդիկ ծանոթանում էին, միանում էին, ինչ-որ գաղափարներ, մտքեր էին տալիս, նոր անձեր էին գալիս, հիմա, երբ ուրիշ փուլի անցավ Դիմադրության շարժումը, մենք տեսնում ենք, որ այն մարդիկ, ովքեր անընդհատ քննադատում են ընդդիմությանը եւ փորձում են օբյեկտիվության դիրքերից հանդես գալ, եթե իրենք ավելի շատ գիտելիքներ ունեն, ռեսուրսներ ունեն, հնարավորություններ ունեն, թող անեն։ Բայց մենք տեսանք, որ ոչ ոք ոչինչ չարեց՝ ցավոք սրտի։

- Արդյոք ընդդիմությունն իր հանրահավաքներով կարողանո՞ւմ է ազդել արտաքին քաղաքականության, Հայաստանի ու Արցախի շուրջ բանակցությունների վրա։

- Ոչ, օրինակ, երբ քննարկում էին Տավուշի, այսպես կոչված, անկլավների հանձնումը, «Հայկական նախագիծը» որոշեց, որ պետք է այդ օրակարգը ձեւավորվի, որովհետեւ հասարակությունը չգիտեր, որ նման բան կա։ Մի քանի ավտոբուս լրագրողների հասցրին Տավուշ, ցույց տվեցին, բացատրեցին, եւ մի քանի շաբաթվա ընթացքում օրակարգ էր ձեւավորվում, այսպես կոչված, անկլավների շուրջ։ Հետագայում Ադրբեջանի հետ բանակցություններից, այսպես կոչված, անկլավների օրակարգը դուրս մղվեց։ Նույնը, եթե հիշենք, վերջին պատերազմից հետո նույնիսկ իշխանությունը խոսում էր միջանցքի մասին, որ դրա մեջ ոչ մի վատ բան չկա։ Այն բանից հետո, երբ ընդդիմությունն ու փորձագիտական շրջանակները սկսեցին բացասական բովանդակությամբ ներկայացնել միջանցքի գաղափարը, հասարակության մոտ «միջանցք» բառը սկսեց ընկալվել միայն բացասական իմաստով, իսկ իշխանությունը սկսեց հայտարարել, որ իրենք խուսափում են բանակցել միջանցքային տրամաբանության շուրջ՝ իրենց համար դարձավ կարմիր գիծ։ Գոնե երկու, բայց փոքր հաղթանակներ էին, որոնք ազդում են բանակցային պրոցեսի վրա։

- Այսինքն՝ հանրահավաքները, անկախ մարդկանց քանակից, պետք է շարունակվե՞ն։

- Այո, որպեսզի օրակարգը ձեւավորվի, ցույց տրվի, որ այս հարցերը կարմիր գիծ են, եւ հանրությունը ձեզ նման որոշումներ կայացնելու մանդատ չի տվել, եւ որ այսպիսի քայլերը Հայաստանի, Արցախի հանրությունն ու սփյուռքը համարում է ոչ լեգիտիմ։ Պատկերացրեք, եթե վակուում լինի, Հայաստանում եւ արտաքին աշխարհում տպավորություն կստեղծվի, որ հայերի համար ընդունելի է։ Եթե հայերը չեն բողոքում, ուրեմն ոչ մի խնդիր չկա, բայց եթե ինչ-որ հարցադրում է արվում՝ ընդդիմությունը կամ այլ շրջանակներ բողոքում են, ուրեմն կա մի հանրույթ, որը դա չի ընդունում։ Եթե այս հանրահավաքները, բողոքը չլինեին, այդ որոշումները վաղուց կընդունվեին։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում