կարևոր
3724 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-03 20:21
Հասարակություն

Վրեժից տոգորված ներուժով՝ դեպի նոր հաղթանակներ

Վրեժից տոգորված ներուժով՝ դեպի նոր հաղթանակներ

Արցախում երկու տարի առաջ բռնկվեց պատերազմ: Այդ պահից յուրաքանչյուր հայի թե՛ առօրյայում եւ թե՛ հոգեկերտվածքում ինչ-որ բան փոխվեց: Պարտությունը իր հետ բերեց տարածքային կորուստները եւ անտանելի դարձրեց մարդկային կորուստների ցավը: Պատերազմից հետո սահմանված բոլոր թույլատրելիներն ու անթույլատրելիները իրար խառնվեցին: Առաջին պահին չհասկացանք, չըմբռնեցինք կատարվածը. 21-րդ դարում ոչ ոք չէր հավատում, որ կարելի է խեղել մարմիններ, բարբարոսաբար ավերել մշակութային-կրոնական արժեք ունեցող կոթողներ: Իսկ «քաղաքակիրթ» աշխարհը լռեց:

Ամբողջատիրական նկրտումներ ունեցող պետությունները լռեցին, քանի որ նավթն ու հարստությունը գերադասվեցին մարդկային արժեքներին: Կեղծ արդարության ջատագովները իրենց լռությամբ համաձայնության կանաչ լույս վառեցին բարբարոսությունների համար:

Երկու տարի առաջ սկսված այս իրողությունը շարունակվում է մինչեւ այժմ: Սեպտեմբերի 13-ին Ջերմուկի, Վարդենիսի եւ Սյունիքի հարակից շրջաններում կրկնվեցին թշնամու ոճրագործությունները: Այս բոլորը պարտավորեցնում է մեզ իրականությունը տեսնել առանց գունավորման ու պճնանքի, առանց խաբկանք առաջացնող արդուզարդի՝ իրականությունն իր ամբողջ մերկությամբ:

Միգուցե բոլոր պատերազմներում էլ նույն պատկերները կրկնվում են, միգուցե պատերազմների կորուստները մարդկության զանազան խավերի համար նույնական են, սակայն մեկ բան բնորոշ էր մեր հաղթանակին՝ դա մեր ասպետականությունն էր, որից փաստորեն զուրկ է թշնամին: «Թուրքը մնում է թուրք» թեւավոր խոսքի իրավացիությունը մեր օրերում եւս փաստվեց:

Անցել է երկու տարի, ապացուցվել է, որ ՀՀ արտաքին աղետաբեր քաղաքականությունը՝ «խաղաղության դարաշրջան» վարագույրով շղարշված, այլ բան չէ, քան պարտությունների շարանը երկարեցնող մղձավանջ:

Մղձավանջը, անկումներն ու պարտությունները շարունակական են լինելու, քանի դեռ չենք սթափվել եւ համաժողովրդական մակարդակով չենք թեւակոխել պայքարի եւ դիմադրության փուլ: Իսկ դրա համար նախեւառաջ համախմբում եւ ապա՝ ինքնակազմակերպում է պետք:

Այդ ինքնակազմակերպման առանցքը ինչպես 1988թ., այս անգամ էլ պետք է դառնա Արցախը: Բնական է, որ պատերազմից՝ 44-օրյա աղետից հետո յուրաքանչյուր արցախցու համար հիմնական մտահոգությունը գոյատեւումն է: Սակայն, այլեւս ժամանակն է, որ գոյապահպանման համար վատնվող ներուժը ուղղվի դեպի վերակազմակերպման, պետականության խարխլված հիմքերի ամրապնդում եւ վերընձյուղում: Թող այդ ներուժի սնուցման աղբյուրը դառնա յուրաքանչյուր հայորդու սրտում բոցկլտացող վրեժը: Կորցրածին վերատիրանալու, նոր հաղթանակներ կերտելու եւ հայրենիքում ապրելու վեհ եւ համամարդկային իրավունքները ազգային հարատեւման եւ առաջադիմության միակ երաշխիքներն են. այլընտրանք չունենք:

«Ապառաժ»-ի խմբագրական

30 սեպտեմբերի, 2022թ.