Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեխաների որդեգրման վերաբերյալ վերջին աղմկահարույց իրադարձությունների հետ կապված՝ hraparak.am-ը զրուցել է ընտանեկան իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Արմեն Հայկյանցի հետ։
- Ո՞ր դեպքում կարող են օտարերկրացիները որդեգրել ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաներին, արդյոք նրանք հավասար իրավունքներ ունե՞ն ՀՀ քաղաքացիների հետ համեմատած։
- Պետությունը հոգում է նաև այն մասին, թե ովքեր պետք է լինեն որդեգրողներ։ Որդեգրողները ևս պատահական անձինք լինել չեն կարող։ Պոտենցիալ որդեգրողներն այն անձինք են, որոնք հավակնում են դառնա ծնող, ճիշտ է՝ ոչ սերման փաստի ուժով, բայց որդեգրելու դեպքում նրանք իրավաբանորեն դիտարկվում են որպես ծնողներ և նրանք պետք է ունենան բոլոր այն հատկանիշները, ծնողին անհրաժեշտ այն բնութագիրը, որ նրանք հետագայում կկարողանան պատշաճ իրականացնել երեխայի խնամքն ու դաստիարակությունը։ Որդեգրողները նույնպես ենթակա են հաշվառման, և որդեգրողների հաշվառման դեպքում կիրառվում է հաշվառման նույն մեխանիզմը, ինչը կիրառվում է երեխաների հաշվառման պարագայում։ Հաշվի առնելով, որ որդեգրում կարող են իրականացնել և՛ ՀՀ քաղաքացիները, և՛ օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները, վերջին 2 կատեգորիային ես միասնական անվանում են օտարերկրացիներ։ Օտարերկրացիների պարագայում՝ քանի որ երեխան, բնականաբար, նրանց հետ կտեղափոխվի այլ երկիր՝ համատեղ բնակության, որովհետև երեխան համատեղ է բնակվում ծնողների հետ` մինչև 14 տարեկանը, և այդ հիմքով պետք է անպայման հետևի նրանց բնակության վայրին, պետությունն այստեղ լրացուցիչ մեխանիզմներ է նախատեսում, ավելի բարդացված մեխանիզմներ՝ նրանց հաշվառման համար, քան կնախատեսվեր ՀՀ քաղաքացիների համար։ Ես պետք է ասեմ, որ հավասարության տեսանկյունից, որ նրանք ՀՀ քաղաքացիների պես կարող են որդեգրել ՀՀ քաղաքացի երեխաներին, այո, նրանք հավասար են, բայց, որպեսզի ձեռք բերեն որդեգրելու իրավունք, նրանք ավելի ծանր ֆիլտրացիոն մեխանիզմով են անցնում, քան ՀՀ քաղաքացիները։ Այս տեսանկյունից ես համարում եմ, որ մի փոքր անհավասար են։ Օրինակ՝ եթե միևնույն երեխային ցանկանու մ են ՀՀ քաղաքացին և օտարերկրյա քաղաքացին, նախապատվությունը տրվում է ՀՀ քաղաքացուն։ Երբ երեխաներին հաշվառում են և կազմում են որդեգրման ենթակա երեխաների ցուցակը, այդ ցուցակը տրամադրվում է օտարերկրյա քաղաքացիներին երեխա ընտրելու համար ցուցակները կազմելուց հետո միայն 3 ամիս անց: Դա նշանակում է, որ այդ 3 ամսվա ընթացքում ՀՀ քաղաքացիները կարող են որդեգրել, այսինքն՝ օտարերկրացիների հերթը գալիս է այն ժամանակ, երբ այլևս չկա որդեգրելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացի։
- Կա՞ տարբերություն՝ երեխա որդեգրող ընտանիքն ունի՞ այլ երեխաներ, թե՞ ոչ։
- Օրենսդրորեն նման հիմք նախատեսված չէ, որ նախապատվություն տրվի երեխա ունեցող կամ չունեցող ընտանիքին։ Մեկ չափանիշ կա, այդ չափանիշը պետք է գործի ամենուրեք՝ երեխայի լավագույն շահը հաշվի առնելը։ Ներպետական որդեգրման դեպքում մարզպետարանները պետք է տան եզրակացություն, իսկ Երևանում` քաղաքապետարանը, այդ եզրակացությունը պետք է ներկայացնեն դատարան, թե որքանով է այդ որդեգրումը բխում որդեգրվող երեխայի շահերից։ Եթե այդ մարմինները կուսումնասիրեն և կտեսնեն, որ երեխայի լավագույն շահից է բխում, որ ինքը պետք է ընդգրկվի մի ընտանիքում, որտեղ այլ երեխաներ կան, եթե ապագա քույրերի և եղբայրների հետ ինտեգրացիայի պայմաններում երեխան ավելի արագ կինտեգրվի նոր ընտանիքին, ուրեմն այդ երեխային կհատկացնեն երեխա ունեցող ընտանիքի, բայց բացառված չէ, որ երեխան ունենա բնավորության այնպիսի առանձնահատկություններ, գուցե ուշադրության արժանի այնպիսի այլ հանգամանքներ կան, որ լավագույն շահը կստիպի ասել, որ անհրաժեշտ է երեխային տեղավորեն երեխա չունեցող ընտանիքում։
- Թույլատրվո՞ւմ է միջնորդական գործունեությունը որդեգրման գործընթացում։
- Միջնորդական գործունեությունն այն է, երբ որդեգրողի և որդեգրվողի միջև 3-րդ անձինք օգնում են նրանց, որպեսզի այդ գործընթացը տեղի ունենա։ Ընտանեկան օրենսգիրքը նշում է, որ միջնորդական գործունեությունն արգելվում է, բայց միևնույն ժամանակ նշում է, որ որդեգրումը կարող է իրականացվել ներկայացուցիչների միջոցով, օրինակ՝ փաստաբանի օգնությամբ։ Ենթադրենք՝ որդեգրման համար անհրաժեշտ է ներկայացնել օրենքով պահանջվող փաստաթղթերը, որդեգրողները լավ չեն տիրապետում այդ նրբություններին և կարող են փաստաբանին խնդրել, նա որդեգրողների փոխարեն այդ փաստաթղթերը կարգի կբերի, կհանձնի և այլն։ Այս պարագայում մենք չունենք միջնորդական գործունեություն, սա կարելի է ապահովել ներկայացուցչի միջոցով, սակայն որդեգրման գործընթացում կան մի շարք գործողություններ, որոնք, ըստ օրենքի, որդեգրողը կատարում է անձամբ․ օրինակ՝ որդեգրողը անձամբ պետք է տեսակցի երեխային, և որդեգրողի և երեխայի տեսակցությունը պետք է տա նաև հիմք, որպեսզի մարզպետարաններն իրենց եզրակացությունը կազմելիս հենվեն դրա վրա՝ ստացվե՞ց արդյոք ապագա ծնողի և երեխայի կապը, թե՞ ոչ։ Մենք այստեղ չենք կարող ասել, որ երեխայի հետ թող հանդիպի որդեգրողի ներկայացուցիչը։ Ցանկացած գործողություն, որը, ըստ օրենքի, որդեգրողը պետք է անի անձամբ, բայց անում է 3-րդ անձը, դա կհամարվի միջնորդական գործունեություն, ինչն արգելված է։ Օրենքը հստակ նշում է, որ միջնորդական գործունեություն չեն համարվում խնամակալության հոգաբարձության մարմինների, մարզպետարանների, իսկ Երևանում՝ քաղաքապետարանի, և լիազոր մարմնի գործողությունները, որովհետև նրանք անում են օրենքի ուժով։
- ՀՀ-ում խրախուսվո՞ւմ է օտարերկրյա որդեգրումը։
- Բնականաբար, խրախուսվում է, բայց սա ես պետք է մեկնաբանեմ, որպեսզի սխալ չընկալվի։ Խրախուսվում է՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը։ Եթե երեխան չի որդեգրվում ՀՀ քաղաքացիների կողմից, չկան նման ցանկություն հայտնող անձինք, երեխան չի ընտրվել, սակայն ընտրում է օտարերկրյա քաղաքացին, մենք, իհարկե, դա պետք է խրախուսենք։ Խրախուսելը նաև արտահայտվում է նրանով, որ մեր պետությունը միացել է միջազգային պայմանագրերի, մասնավորապես դրանցից կարևորագույնը, որի մասին նշվում է Ընտանեկան օրենսգրքում, «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին Հաագայի կոնվենցիան» է։ Այս կոնվենցիայով բավականին լուրջ հիմքեր են դրված օտարերկրյա որդեգրումների համար, այս կոնվենցիային միանալը նշանակում է, որ պետությունը ի լուր աշխարհի հայտարարում է, որ ինքը թույլատրում է իր քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրումն օրենքով սահմանված հստակ մեխանիզմների պահպանմամբ։ Այո, երեխայի լավագույն շահերից ելնելով` ես կարծում եմ, որ խրախուսելի է երեխայի օտարերկրյա որդեգրումը, բայց օրենքով սահմանված ընթացակարգի խստագույնս պահպանմամբ։
Կորյուն Սիմոնյան