կարևոր
3925 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-21 20:52
Հասարակություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կոչը՝ Կովկասի մահմեդականների վարչության նախագահին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կոչը՝ Կովկասի մահմեդականների վարչության նախագահին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել Բաքվում մեկ օր առաջ տեղի ունեցած Թյուրքական պետությունների կազմակերպության կրոնական առաջնորդների հանդիպման վերաբերյալ։

Yerkir.am-ը ներկայացնում է ամբողջական հայտարարությունը.

«Հոկտեմբերի 20-ին Թյուրքական պետությունների կազմակերպության կրոնական առաջնորդների երրորդ հանդիպմանը Բաքվում, որը շարունակվեց գրավված Շուշիում, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի կողմից հերթական անգամ հնչեցվել են հերյուրական ու նենգափոխիչ հայտարություններ եւ դատողություններ ղարաբաղյան հակամարտության խնդրի, էթնիկ զտումների, թյուրք-իսլամական մշակութային-հոգեւոր ժառանգության ոչնչացման, սրբավայրերի յուրացման, ադրբեջանական խաղաղասիրության եւ հայկական ռեւանշիզմի վերաբերյալ, որոնց առնչությամբ հայկական կողմի պետական եւ հոգեւոր պատկան կառույցների կողմից բազմիցս տրվել եւ այսօր էլ շարունակաբար տրվում են պատասխաններ եւ լուսաբանություններ։

Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը չի խորշել անգամ Հայոց Եկեղեցուն մեղադրանքներ հասցեագրել եւ կեղծ վերագրումների համատեքստում կոչ հղել Սուրբ Էջմիածնին եւ ցուցումներ՝ մեր «ժողովրդին ոչ թե նոր արհավիրքներ, այլ փրկություն» բերող քայլերի առաջնորդելու։

Տարօրինակ է, որ 2020 թվականին Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձնազերծած պատերազմից եւ իրագործած անմարդկային դաժանություններից հետո Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հրահրիչ խոսույթը բնավ չի փոխվել։ Ժողովուրդների խաղաղ գոյակցությունը  իբրեւ թե կարեւորող Կովկասի մահմեդականների վարչության նախագահը, հակառակ հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպումներում որդեգրված ուղերձների ոգուն, նույն ժամանակ լուռ է Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի, ռազմատենչության եւ հայատյացության, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների, սահմաններին ամենօրյա սադրանքների, խաղաղ բնակավայրերը գնդակոծելու, հայ ռազմագերիներին անօրինաբար պահելու եւ խոշտանգելու, դաժանորեն կյանքից զրկելու, զոհվածների մարմինները խեղելու եւ պղծելու, Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքը ոտնահարելու, հայկական պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգությունը ոչնչացնելու եւ յուրացնելու փաստերի առնչությամբ, որոնք հստակ եւ հիմնավոր փաստագրված են նաեւ միջազգային հանրության եւ կառույցների կողմից։

Թվարկված հարցերը կարոտ են շուտափույթ լուծումների, իսկ հումանիտար խնդիրները առավել եւս կարիքն ունեն Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի ուշադրության եւ միջնորդական ջանքերի։ Սուրբ Էջմիածնի կոչն է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին՝ հավատարիմ հոգեւոր իր կոչմանն ու առաքելությանը, տեսանելի քայլեր գործադրել այս ուղղությամբ՝ թոթափելու վշտացյալ հոգիներից ցավն ու տրտմությունը։

Թող Բարձրյալը օրհնի տարածաշրջանի ժողովուրդների կյանքը երկնապարգեւ խաղաղությամբ, ողորմությամբ եւ առատ շնորհներով»։