Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Լիբանան-Իսրայել ծովային սահմանագծման համաձայնությունը փակուղուց դուրս գալու նախադրյալ կարող է համարվել: Նման գնահատական տվեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում արձագանքելով միջազգային լրատվամիջոցների այն հրապարակումներին, որ Լիբանանն ու Իսրայելը ծովային սահմանագծման ծրագրին համաձայնության նշաններ են ցույց տալիս:
«Եթե հանկարծակի նոր խնդիրներ չծագեն,պաշտոնական հայտարարությունները այս առումով կլինեն շուտով։ Իսրայելի վարչապետն արդեն հայտարարել է, որ Լիբանանի հետ պատմական համաձայնության են հանգել այս առումով, իսկ իր լիբանանցի պաշտոնակիցը կոչ է արել ներգրավված ընկերություններին անմիջապես սկսել լիբանանյան ջրերում հետազոտական գործնական աշխատանքները»,-նկատեց փորձագետը:
Բանակցություններն ընթանում էին միջնորդավորված․ ամերիկացի հատուկ բանագնացը այցեր էր կատարում Բեյրութ եւ Թել Ավիվ։ Գանտահարյանը միջնորդավորումը բացատրում է այն հանգամանքով, որ երկու երկրները չունեն դիվանագիտական հարաբերություններ։ «Կարծում եմ՝ մի քանի հանգամանք պետք է նկատի ունենալ։ Կար շտապողականություն եւ ճնշում այս գործընթացն արագացնելու եւ դա կապված է ռուսական գազի արտահանման արգելքի աշխարհաքաղաքականության եւ այլընտրանքային շուկաներ եւ արտադրամասեր աշխատեցնելու շարժառիթների հետ։ Գործընթացի կայացումը կամ առկախում-վերագործարկումը սերտորեն կապված էր նաեւ Վիեննայի բանակցությունների ելևէջների հետ»,-նշեց նա։
Իրանյան գործոնը Լիբանանում ազդեցիկ է, եւ գործընթացները Շահան Գանտահարյանը դիտարկում է Իրան-Արեւմուտք հարաբերակցության շրջածիրում։ «Ընդծովյա էներգիայի այս խնդրի լուծումը պայմաններից մեկն է Լիբանանի դեմ իրականացվող ֆինանսատնտեսական շրջափակման։ Փակուղուց դուրս գալու նախադրյալ կարող է համարվել ծովային սահմանագծման համաձայնությունը։ Համենայնդեպս չի նշանակում, որ միանգամից Լիբանանը դուրս կգա փակուղուց։ Շուտով Լիբանանի խորհրդարանը պետք է ընտրի հանրապետության նախագահ․ կա դեռեւս կառավարության կազմավորման խնդիր։ Այս ամենին զուգահեռ սիրիացի փախստականների վերադարձ, Լիբանանում ապրող պաղեստինցի զանգվածի վերջնական բնակեցման միջազգային պահանջ եւ տարածարջանային տարողությամբ նման խնդիրներ»,-եզրափակեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը։
Աղբյուրը՝ armenpress.am