կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-06 19:40
Առանց Կատեգորիա

Երևանի կողմից ԼՂՀ-ի ճանաչումը դարձնել միջազգայնորեն ճանաչման նախադրյալ. պահի հրամայականը

Երևանի կողմից ԼՂՀ-ի ճանաչումը դարձնել միջազգայնորեն ճանաչման նախադրյալ. պահի հրամայականը

ՀՀ կառավարության կողմից ԼՂՀ-ի ճանաչման օրինագծի եզրակացությանը հավանություն տալուն հաջորդեց պաշտոնական Մոսկվայի արձագանքը։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ իրենք հույս ունեն՝ կողմերը զերծ կմնան այնպիսի քայլերից, որոնք կխախտեն Ղարաբաղում հաստատված փխրուն խաղաղությունը և կլարեն իրավիճակը։ Պաշտոնական Մոսկվայի այս գնահատականը, ըստ էության, վերաբերում է ոչ թե կոնկրետ իրավիճակում ճանաչման հնարավորությանը, այլ ճանաչմանը` իբրև իրավաքաղաքական քայլի՝ ընդհանրապես, անկախ հանգամանքներից, իրադրությունից և ամենակարևորը՝ ժամանակից։

Երեկ կառավարությանը որոշման կապակցությամբ պաշտոնական դիրքորոշում է արտահայտել նաև Վաշինգտոնը։ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է. «Միացյալ Նահանգները, ամբողջ միջազգային հանրության հետ, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը: ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի միայն համապարփակ կարգավորման համատեքստում: Այսպիսով` մենք կոչ ենք անում կողմերին` կարգավորման սեղանի շուրջ հավաքվել բարի կամքով՝ այդ նպատակներին համապատասխանող կարգավորման հասնելու համար»: Թոները, փաստորեն, իմաստային առումով, Երևանին հղում է գրեթե նույն ուղերձը, ինչ Մոսկվան, այն է՝ իրենք ոչ միայն չեն ողջունում այդ հնարավոր քայլը, այլև դա համարում են ապակառուցողական։ Ուշագրավն այն է, որ ո'չ Վաշինգտոնը և ո'չ էլ Մոսկվան, շտապելով նման հայտարարություններով կանխել Երևանի կողմից նման շրջադարձային որոշման կայացումը, դա որակելով որպես կարգավորման խաղաղ գործընթացին հասցվող հարված, ոչ մի ակնարկ չեն արել Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման սպառնալիքների, ապրիլյան պատերազմից հետո զորքերը շփման գծից ետ չքաշելու մասին, որոնք են, ի վերջո, ստիպել Երևանին օրակարգ բերել ԼՂՀ-ի ճանաչման հարցը։

Մոսկվայի և Վաշինգտոնի նման արձագանքն արդեն իսկ կանխորոշում է, թե ինչպիսին է լինելու միջազգային հանրության և, մասնավորապես, ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների դիրքորոշումը, եթե, անկախ հանգամանքներից, Երևանը հայտարարի ԼՂՀ-ն ճանաչելու մասին։ Իսկ Երևանն ասել է, որ այդ քայլը կանի, եթե Ադրբեջանը դիմի նոր ռազմական սադրանքի և լայնածավալ գործողություններ սկսի։ Հարց է առաջանում` հաշվի առնելով ՄԽ համանախագահող և միջազգային քաղաքականությունը որոշող այս երկրների նման նախազգուշացնող, մերժողական դիրքորոշումները՝ իսկապե՞ս հայկական կողմը կճանաչի ԼՂՀ-ի անկախությունը, եթե Ադրբեջանը կրկին ռազմական գործողություններ սկսի, թե՞ ոչ։ Բանն այն է, որ պետք է հստակ հաշվարկել՝ այս հայտարարությունների ֆոնին միակողմանի ճանաչումն ավելի շատ վնասելո՞ւ է ԼՂ-ի միջազգայնորեն ճանարման գործխընթացին, թե՞ խանգարելու։ Համենայն դեպս, մեզ հասկացնում են, որ խանգարելու է։ Հայաստանը կարող է կանգնել մի փաստի առաջ, երբ կդառնա ԼՂՀ-ն միակ ճանաչող երկիրը, դրան զուգահեռ` խնդիրը վերջնականապես կտեղափոխվի անկանխատեսելի հետևանքներով հղի պատերազմի հարթություն, և, այդ ամենից բացի, Երևանը կխաթարի համանախագահող երկրների վստահության կապիտալը, որը կուտակել է անցած տարիներին՝ սկսելով ընկալվել որպես խաղաղ գործընթացը տորպեդահարող կողմ։ Այսինքն` հայկական կողմը կունենա մոտավորապես այն, ինչ Ստեփանակերտի օդանավակայանի դեպքում է` մի բան, որն իր նպատակին չի ծառայի։

Այս ռիսկը ակնհայտ է նաև Երևանի համար։ Դրա մասին է վկայում ԼՂՀ-ն ճանաչելու հնարավորության վերաբերյալ միջազգային հանրության արձագանքին ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը։ «Որպես կանխատեսելի և վստահելի գործընկեր՝ նման կարևոր որոշման կայացման պարագայում ՀՀ նախագահը նախապես կտեղեկացնի իր գործընկերներին, առաջին հերթին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին»,- այդ կապակցությամբ արված հատուկ հայտարարության մեջ ընդգծում է ՀՀ ԱԳՆ-ն: ՄԽ համանախագահներին որոշման մասին նախապես տեղեկացնելու ակնարկով Երևանը հուշում է, որ այդ որոշումը չի կայացնելու՝ առանց ՄԽ համանախագահների հետ խորհրդակցության, գուցե նաև՝ առանց նրանց համաձայնությունը ստանալու։

Եվ այստեղ առաջանում է երկրորդ հարցը` իսկ եթե նրանք համաձայնությունը չտան, ի՞նչ է անելու Երևանը, առաջնորդվելու է նրա՞նց դիրքորոշմամբ, թե՞ իր։ Սա չափազանց նուրբ պահ է։ Չի բացառվում, որ Երևանը չհամարձակվի նաև Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սանձազերծման դեպքում ճանաչել ԼՂՀ-ն, ինչն արդեն վերջնականապես կարժեզրի դրա հետ կապված` Երևանի սպառնալիքներն ու նախազգուշացումները և ակնհայտ կդարձնի, որ այդ համարձակությունը չի դրսևորելու երբեք։ Սա, առանց չափազանցության, հայաստանյան դիվանագիտությունը կարող է տանել վերջնական և խորը փակուղի, որից որևէ ելք այլևս հայկական կողմի շահերից չի բխի։

Իսկ նման իրավիճակ առաջացել է մի շատ պարզ պատճառով` ԼՂՀ-ի ճանաչման հարցը Հայաստանի կողմից կիրառվում է ընդամենը որպես Ադրբեջանի և միջազգային հանրության վրա ճնշում գործադրելու գործիք։ Առաջինի դեպքում՝ նրան նոր ռազմական գործողությունների դիմելու հարցում զսպելու, երկրորդի դեպքում՝ Բաքվի սանձերը քաշելու և կառուցողականության դաշտ վերադարձնելու։ Սակայն, դրան զուգահեռ, հայկական կողմը ոչ մի նախադրյալ չի ստեղծում՝ ԼՂՀ-ի միջազգայնորեն ճանաչման հեռանկարն իրատեսական դարձնելու համար, այսինքն՝ միջազգային օրակարգում այնպես հասունացնելու ԼՂՀ-ի ճանաչման հեռանկարը, որ երբ Երևանն կայացնի այդ որոշումը, վստահ լինի, որ դրան հաջորդելու է ԼՂՀ-ի ճանաչման շքերթ։ Հետևաբար՝ Ադրբեջանը պետք է զգուշանա ոչ թե նրանից, որ Երևանը հանկարծ կճանաչի ԼՂՀ-ն, այլ նրանից, որ դրան կհաջորդի ԼՂՀ-ի միջազգայնորեն ճանաչման անկասելի գործընթաց։

Այսպիսի օրակարգի ձևավորումը հնարավոր է, ինչի համար կա երկու լուրջ գործիք։ Առաջինը ԼՂՀ բնակչության անվտանգության ապահովումն է, ԼՂՀ-ի՝ միջազգային իրավունքի սուբյեկտ դառնալը որպես ԼՂՀ բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման ամենաարդյունավետ կամ միակ արդյունավետ միջոցը ներկայացնելը։ Հայատյացության, ֆաշիզմի իր քաղաքականությամբ Ադրբեջանն ինքն է ստեղծում այդ նախադրյալները։ Երևանին մնում է միջազգային հանրության մոտ, սրելով այդ իրողությունը, ձևավորել ԼՂՀ-ի ճանաչման անխուսափելիության ընկալումը։

Երկրորդը Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և պայմանագրային պարտավորություններից փաստացի հրաժարվելու բաց քաղաքականությունն է։ Երևանին մնում է առաջ քաշել ու զարգացնել այն թեզը, որ Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սկսումը, հրադադարի ռեժիմի ամրապնդման, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումից հրաժարվելու` միջազգային հանրության միակ ռացիոնալ պատասխանը պետք է լինի ԼՂՀ-ի անկախության ճանաչումը։ Այսինքն` ելակետը պետք է դարձնել հետևյալ մոտեցումը` ԼՂ հարցը պետք է լուծել՝ ելնելով նրանից, թե կողմերից որն է կատարում իր պայմանագրային պարտավորությունը, որն է հանդես գալիս խախտողի դերում։ Այս դեպքում կստեղծվեն երաշխիքներ, որ Ադրբեջանի  կողմից պատերազմի վերսկսման անգամ փոքրիկ փորձը կհանգեցնի ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործընթացի մեկնարկի։ Այսինքն` ճանաչումն ինքնին չի լինի միայն Երևանի ձեռքին խաղարկվող մեկանգամյա օգտագործման և ժամանակի ընթացքում իր ազդեցիկությունը կորցնող չարչրկված գործիք։

Գևորգ Դարբինյան