կարևոր
4873 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-11 20:27
Հասարակություն

Հայտնի են բուհերի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների օրերը

Հայտնի են բուհերի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների օրերը

Հաստատվել են բուհերի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների օրերն ըստ առարկաների։ Այս մասին հայտնում է Գնահատման ու թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

21 հոկտեմբերի՝ «Քիմիա», «Ռուսաց լեզու»,

22 հոկտեմբերի՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»,

23 հոկտեմբերի՝ «Մաթեմատիկա»,

25 հոկտեմբերի՝ «Օտար լեզուներ»,

26 հոկտեմբերի՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»,

27 հոկտեմբերի «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»։

Միասնական քննություններն անցկացվում են հոկտեմբերի 20-27-ը: Ներբուհական քննությունների անցկացման համար բուհերի կողմից կարող են սահմանվել այլ ժամկետներ: Քննություններն անցկացվում են քննական կենտրոններում, որոնց ցանկը մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 5-ը հաստատում է ԳԹԿ-ը տնօրենը:

Բուհ ընդունված դիմորդների ցուցակները հաստատվում են մինչև հոկտեմբերի 30-ը:

Ներբուհական քննությունների անցկացման համար ԳԹԿ-ի տնօրենի հրամանով մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 27-ը ստեղծվում են առարկայական քննական հանձնաժողովներ:

Բուհերի ընդունելության մրցույթը, բացառությամբ ներբուհական քննություններ հանձնած դիմորդների մրցույթի, անցկացնում է ԳԹԿ-ն՝ ըստ մասնագիտությունների (կրթական ծրագրերի), հատկացված տեղերի և միավորների: Մասնագիտությունների (կրթական ծրագրերի) մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության (կրթական ծրագրի) գերակայությամբ:

Դիմորդները կարող են պահպանել տվյալ տարվա միասնական և տվյալ բուհի համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) համար հանձնած ներբուհական քննությունների դրական գնահատականները` իրենց ցանկությամբ: Դիմորդին իրավունք է վերապահվում, պահպանելով նաև միասնական և ներբուհական կարգով հանձնած քննական առարկայի գնահատականը, տվյալ առարկայից հանձնել քննություն: Այն դեպքում, երբ դիմորդը ստանում է ավելի բարձր գնահատական, հաշվի է առնվում հանձնած քննության արդյունքը:

Առաջին հայտագրված մասնագիտության (կրթական ծրագրի) մրցույթով չանցած դիմորդների համար մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտում հայտագրված մասնագիտությունների հերթականությանը համապատասխան, դիմորդի միավորներով, եթե նշված մասնագիտություններում առկա են թափուր տեղեր:

Ըստ այդմ՝ ՀՀ պետական բուհերին հատկացվել է 7726 հեռակա ուսուցման ընդունելության տեղ։ Համաձայն հրամանի՝ ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներն ուսման վարձի չափը պետք է սահմանեն ոչ ավելի, քան առկա ուսուցման համապատասխան մասնագիտության համար հաստատված ուսման վարձի չափը: