Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակը և Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը ս.թ. սեպտեմբերի 23-ին ՀՊՄՀ դահլիճում կազմակերպեցին համահայկական գիտաժողով՝ «Պոլսահայ գրականությունը 20-րդ դարի կեսից մինչև մեր օրերը» խորագրով։
Գիտաժողովը մեկնարկեց լռության րոպեով՝ հոտնկայս հարգելով հանուն Հայրենիքի նահատակված զոհերի հիշատակը։
Բացման խոսքով հանդես եկավ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ. պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքը ներկաներին փոխանցեց Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը՝ կարևորելով Ցեղասպանություն վերապրած պոլսահայության դերը հայ գրականության անդաստանում։
Ս.Դանիելյանն ընթերցեց Պոլսո պատրիարք Ամենապատիվ Տեր Սահակ Բ. Մաշալյանի օրհնության խոսքը։
Բացման խոսքով հանդես եկավ նաև ՀՊՄՀ ռեկտոր, հ.գ.դ. պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը՝ նշանավորելով համալսարանի 100-ամյակին նման թեմայով գիտաժողովի կազմակերպման կարեւորությունը։
Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ Զաքար Քեշիշյանը ԿՎ անունից ողջունեց գիտաժողովի մասնակիցներին և իր խոսքում կարևորեց, որ ներկա օրերում, երբ Սփյուռքը ուծացման տագնապի առաջ է կանգնած, երբ Հայրենիքում նվազում է հետաքրքրությունը սփյուռքահայ գրականության և արեւմտահայերենի նկատմամբ, կարևոր է պոլսահայ գրականությանը համահայկական գիտաժողովի մակարդակով անդրադառնալը։
«Արևմտահայերենի գոյությունը լուրջ վտանգված է։ Ազգային աղետներին համընթաց՝ պոլսահայ գրական ժառանգությանը նվիրված գիտաժողովն իր գիտական վերլուծությամբ, հայրենիքում արևելահայ և արևմտահայ գրական արժեքների նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու կարևոր քայլ է»,- նշել է Զ. Քեշիշյանը։
Համազգային հայ կրթական և մշակութային միության Երեւանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանն իր ողջույնի խոսքում շեշտեց.« Մեր պետության այս ժամանակահատվածում խորհրդանշական է պոլսահայ գրականությանը նվիրված այս գիտաժողովը, որովհետև այն, ինչ ասում է գրականությունը, գուցեեւ, չկարողանան ասել քաղաքագետները»։
Հայաստանի Գրողների միության անունից մասնակիցներին ողջունեց և խոսք ասաց ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը։
Գիտաժողովի զեկուցումներն ընթացան երկու նիստով, որոնց ընթացքում զեկույցներով հանդես եկան բ.գ.դ. պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանը, Ֆրանսիայից Հայաստան ժամանած հ.գ.դ. պրոֆեսոր Հիլդա Գալֆայան-Փանոսյանը, բ.գ.դ. պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը, բ.գ.դ. պրոֆեսոր Արծրուն Ավագյանը, Քուեյթից ժամանած դոկտոր Հրայր Ճեպեճյանը, ԱՄՆ-ից դոկտոր Հրանտ Մարգարյանի զեկույցը նրա փոխարեն կարդաց Մարի Մերտխանյանը։ Զեկույցներ ունեցան բ.գ.թ. Լիլիթ Սեյրանյանը, Թուրքիայի «Ակօս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագարատ Էսդուքյանը(տեսակապով), բ.գ.դ. պրոֆեսոր Աշոտ Գալստյանը, բ.գ.դոկտոր Հայկազուն Ալվրցյանը, բ.գ.թ.Վալերի Փիլոյանը, Արցախի պետական համալսարանից բ.գ.թ Նոնա Դավթյանը, գրականագետ Ֆելիքս Բախչինյանը, բ.գ.թ. դոցենտ Քնարիկ Աբրահամյանը, փ.գ.թ.դոցենտ Դավիթ Մոսինյանը, բ.գ.թ. դոցենտ Կարինե Մարտիրոսյանը, Արցախից Մանուշ Բալայանը եւ Հայաստանից Մարինե Ղազարյանը։