կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-31 13:16
Արցախ

Ցուցահանդես՝ ապրելու մասին

Ցուցահանդես՝ ապրելու մասին
Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ և «Դիզակ Արտ» կենտրոնի հետ համագործակցությամբ մայիսի 30-ին կայացավ հադրութցի նկարիչ Արծիվ Լալայանի աշխատանքների ցուցահանդեսը։
 
Բացման խոսքով հանդես եկավ Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը։
 
«Այս ցուցահանդեսը ապրելու մասին է, որովհետև նկարիչ Արծիվ Լալայանը, մասնակցելով երեք պատերազմների, պատերազմներում կորցնելով երկու եղբայրներին, կորցնելով իր ծննդավայրը, իր երազանքներն ու նպատակները, նորից ու նորից, ի հեճուկս պատերազմի, իր մեջ ուժ ու կամք է գտել հայրենի հողի վրա ամուր կանգնելու և վերստին ստեղծագործելու։ Ուրեմն այս ստեղծագործությունները ապրելու մասին են , ուրեմն այս ցուցահանդեսը այդ իրողության լավագույն առհավատչյան է»,- նշել է Հերմինե Ավագյանը։
 
Ցուցահանդեսին օրհնության խոսք է ասել Տեր Գրիգոր Հովհաննիսյանը։
 
«Դիզակ Արտ» կենտրոնի համահիմնադիր Երազիկ Ավանեսյանն էլ իր խոսքում նշել է, որ Արծիվ Լալայանի կինն ու երեխաները նույնպես նկարում են եւ մեծ սիրով ապագայում ընտանեկան մեծ ցուցահանդես կկազմակերպի նրանց համար։
 
Ներկաներին ուղղված խոսքով հանդես եկավ նաեւ Համազգային հայ կրթական և մշակութային միության նորընտիր Կենտրոնական վարչության ատենապետ Զաքար Քեշիշյանը։
 
Ցուցահանդես-վաճառքի առաջին նկարը գնեց Համազգայինի Կենտրոնական վարչությունը։
 
Արծիվ Լալայանը նշեց, որ իր բոլոր ստեղծագործությունները մնացել են հայրենի Մեծ Թաղեր գյուղում, մի քանի կտավներ են ընդամենը փրկվել, որոնք մինչեւ պատերազմը ցուցադրության էին ներկայացված Ստեփանակերտում։
 
Ցուցահանդեսին հանդես եկան նաեւ «Դիզակ Արտ» կենտրոնի սաները՝ գեղարվեստական գեղեցիկ նոտաներով ամբողջացնելով ցուցահանդեսը։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 10-ը։
 
Հասցե՝ Խորենացի 47/7։