|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է.
«2025 թ.-ի ամենախորհրդանշական ՛՛արդյունքներից՛՛ մեկը Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության կտրուկ անկումն էր։
Սակայն իրականում սա վերադարձ է բնական, օրգանական մակարդակին։ Երկնիշ աճի պատրանքը ձևավորվել էր ոչ թե տնտեսության կառուցվածքային վերափոխման, այլ աշխարհաքաղաքական հանգամանքներով պայմանավորված վերաարտահանման գործառույթի հաշվին։ Այդ մոդելը արտաքին ճնշումների արդյունք էր, ոչ թե ներքին զարգացման։
Այսօր Երևանը գիտակցաբար պատրաստ է զոհաբերել սեփական տնտեսական շահերը՝ հանուն նոր քաղաքական գրավիտացիոն կենտրոններին լոյալության հրապարակային ցուցադրության։ Սակայն իշխանությունների հաշվարկը այստեղ ակնհայտորեն սխալ է․ հենց վերջին տարիների տնտեսական աճն էր, որ ապահովում էր քաղաքական ռեժիմի հարաբերական լեգիտիմությունը։ Քանի դեռ տնտեսությունը աճում էր, սոցիալական հակասությունները սառեցված վիճակում էին։ Այժմ, Մոսկվայից հեռացման ֆոնին, անխուսափելի է դառնում ստագնացիան՝ լիովին կանխատեսելի ներքաղաքական ճգնաժամով։
Այս համատեքստում ցուցադրական է Դեն Բայերի՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպանի ՛՛սառը՛՛ ռեալիզմը․ Հայաստանը, ըստ նրա, պետք է երկար ճանապարհ անցնի ՛՛կախվածությունից՛՛ ազատագրվելու համար և պատրաստ լինի մի քանի ցուրտ ձմեռների։ Լավ ձևակերպում է, հատկապես եթե այդ ձմեռները նախատեսվում է հաղթահարել այլոց ռեսուրսների և այլոց համբերության հաշվին։
Թվերը, սակայն, մետաֆորիկ չեն: Ապրանքաշրջանառությունը ՀՀ և ՌԴ միջև նվազել է 12,4 մլրդ դոլարից մինչև 6 մլրդ, իսկ Ռուսաստանից ներմուծումը կրճատվել է 58%-ով։ Վերաարտահանման հանգույցի դերը չի կորցվել ինքնաբերաբար․ այն զիջվել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի ուղղակի ճնշման ներքո՝ պատժամիջոցային համապատասխանության պահանջների շրջանակում։
Տնտեսական բազիսը կրկին հիշեցնում է իր մասին։ Կամ էլ առաջիկայում անխուսափելիորեն կհիշեցնի»: