Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց ոստիկանների եւ «Դիմադրություն» շարժման մասնակիցների միջեւ հրմշտոցի հետեւանքով մի քանի քաղաքացի տուժել է. ցուցարարներից մեկը ոտքի շրջանում վնասվածք է ստացել: Նա նստել էր խոտերի մեջ, իսկ քաղաքացիներն ու ոստիկաններից մեկը փորձում էին օգնություն ցուցաբերել:
Վատացել էր նաև երիտասարդ ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը․ նրան ոստիկանները գրկած դուրս բերեցին հրմշտոցի հատվածից:
Որոշ ժամանակ անց իրավիճակը լարվեց, ցուցարարները սկսեցին հրել շղթա կազմած ոստիկաններին, նրանք կարողացան դիմադրել եւ թույլ չտվեցին ցուցարարներին՝ մուտք գործել շենք: Ուժեղ հրմշտոց սկսեց:
Ավելի վաղ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել էր իրենց հայտարարության տեքստում ամրագրված պահանջները. «Յուրաքանչյուր պաշտոնյա հայտնի հստակ դիրքորոշում.
Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը:
Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու:
Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:
Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով:
Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:
Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»: