կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-26 10:41
Արցախ

Դավիթ Բաբայանը Հարավային Օսիայում ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ներկա իրողությունները

Դավիթ Բաբայանը Հարավային Օսիայում ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ներկա իրողությունները

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մայիսի 23-25-ը աշխատանքային այցով գտնվում էր Հարավային Օսիայի Հանրապետությունում՝ մասնակցելու հանրապետության նորընտիր նախագահ Ալան Գագլոևի երդմնակալության հանդիսավոր արարողությանը։

Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ պաշտոնամուտի արարողության ժամանակ Արցախի ԱԳ նախարարն ընթերցել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը։

Այցի ընթացքում ԱԳ նախարարին ընդունել է Հարավային Օսիայի նորընտիր նախագահ Ալան Գագլոևը։ Տեղի է ունեցել նաև հանդիպում ԱԳ նախարարի պաշտոնակատար Դմիտրի Մեդոևի հետ։ Քննարկվել է Արցախ-Հարավային Օսիա կապերին և տարածաշրջանային գործընթացներին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Կարևորվել է հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը, պետական և հասարակական տարբեր կառույցների միջև փոխգործակցության ընդլայնումը։

Այցի շրջանակում նախարար Բաբայանը դասախոսությամբ հանդես է եկել Հարավօսական պետական համալսարանում, ներկայացրել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ծագման պատճառները և ներկա իրողությունները, անդրադարձել հայ-օսական դարավոր կապերին։ Դասախոսության վերջում նախարարը պատասխանել է պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հարցերին։

Կայացել է նաև Դավիթ Բաբայանի հանդիպումը ՀՕՀ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը կարևորել է հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումը, բարձր գնահատել Հարավային Օսիայի իշխանությունների առանձնահատուկ մոտեցումը տեղի հայ համայնքի նկատմամբ՝ հպարտությամբ ընդգծելով, որ հայերին հաջողվում է ոչ միայն պահպանել ազգային ինքնությունը և կապը պատմական հայրենիքի հետ, այլ նաև լինել Հարավային Օսիայի օրինակելի և հայրենասեր քաղաքացիներ։

Այցի ընթացքում նախարարին ուղեկցել է ԱՀ ԱԳՆ Գլխավոր քարտուղար Սեմյոն Աֆիյանը։