կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-16 21:56
Հասարակություն

Կոլաբորացիոնիզմը և դրա հետևանքները հայ իրականության մեջ

Կոլաբորացիոնիզմը և դրա հետևանքները հայ իրականության մեջ

Մայիսը ավանդաբար համարվում էր հայության հաղթանակների՝ կորացած մեջքը շտկելու, ոտնահարված արժանապատվությունը վերականգնելու ամիս, սակայն արդեն երկրորդ տարին է, ինչ մայիսյան եռատոնը վերածվել է խլված հաղթանակները մի օր վերականգնելու երազանքի: Իսկ ի՞նչը մայիսյան եռատոնը վերածեց «խլված հաղթանակների մայիսի»՝ սովորական դավաճանությո՞ւնը, թե՞ դավաճանության մեկ այլ՝ ավելի եղկելի տեսակ կոլաբորացիոնիզմը կամ ավելի ճիշտ՝ հայ հասարակության մեջ տասնամյակներ շարունակ բույն դրած ու աննկատ տարածված կոլաբորացիոնիստները:

Իսկ ովքեր են կոլաբորացիոնիստները։ Կոլաբորացիոնիստ համարում են այն մարդուն, որը, թշնամուն միացած, պատերազմում է այն երկրի դեմ, որի քաղաքացին կամ բնակիչն է: Վերջին շրջանում հայաստանյան իրականության մեջ հստակ նպատակներով ուղղորդվող որոշ շրջանակներ փորձում են Գարեգին Նժդեհին ներկայացնել որպես կոլաբորացիոնիստի, որը պատերազմել կամ գործել է սեփական պետության դեմ: Իրականությունն այն է, սակայն, որ Գարեգին Նժդեհը երբևէ իր պետության դեմ պատերազմ չի մղել։ Զանգեզուրի ինքնապաշտպանության օրերին Գարեգին Նժդեհը Զանգեզուրում կռվում էր խորհրդա-ադրբեջանական զավթիչների և հայ կոլաբորացիոնիստների (բոլշևիկների) դեմ՝ Զանգեզուրը Խորհրդային Հայաստանի կազմում պահելու նպատակով: Ինչ վերաբերում է Երկրորդ աշխարհամարտին, ապա այդ ժամանակ Նժդեհը որոշ չափով համագործակցել է նացիստական ղեկավար շրջանակների հետ՝ չեզոքացնելու համար ադրբեջանցի մուսաֆաթականների և վրաց մենշևիկների հակահայ քարոզչությունը, ինչպես և օգնելու համար հայ ռազմագերիներին։ Հատկանշական է, որ նույն Նժդեհը 44 թվականին, այլ հայ գործիչների պես, չփախավ Բուլղարիայից, այլ մնաց և հանձնվեց այս երկիր մտած խորհրդային զորքերին, իսկ պատերազմից հետո նամակներ էր գրում Ստալինին՝ առաջարկելով իր ծառայությունը Ֆաշիստական Գերմանիայի դաշնակից Թուրքիայի դեմ հնարավոր պատերազմի դեպքում։

Ակնհայտ է, որ նա այս բոլորը չէր անի եթե ծանր հանցանքներ գործած լիներ խորհրդյին միության դեմ։ Ի վերջո Նժդեհը ԽՍՀՄ քաղաքացի չէր և չէր բնակվում ԽՍՀՄ տարածքում, հետևաբար նրան կոլաբորացիոնիզմի մեջ մեղադրելը անհիմն է, մինչդեռ հայ բոլշևիկների գործողություններն ամբողջովին տեղավորվում են կոլաբորացիոնիզմի տրամաբանության մեջ: Բայց մինչ հայ բոլշևիկների կոլաբորացիոնիստական գործունեությանն անդրադառնալը փոքր-ինչ խոսենք այն մասին, թե ինչ դրսևորումներ է ունեցել կոլաբորացիոնիզմը հայ իրականության մեջ և ինչ հետևանքներ է ունեցել:

Հայոց պատմության մեջ դավաճաններ քիչ չեն եղել, բայց այդ դավաճաններից շատ քչերն են մեր պատմության մեջ մնացել որպես կոլաբորացիոնիստներ։ Այդ քչերից մեկն է Մերուժան Արծրունին (շատերը կարող են չհամաձայնել, վիճել և կասկածի տակ առնել նույնիսկ պատմահայր Խորենացու հաղորդած տեղեկությունների անաչառությունը, բայց և այնպես, մենք կառաջնորդվենք ձեռքի տակ եղած փաստերով): Մերուժան Արծրունին ոչ միայն համագործակցում էր թշնամու հետ, այլև, ըստ պատմահայր Խորենացու, Ձիրավի ճակատամարտում, պարսկական զորքին միացած, պատերազմում էր Հայաստանի դեմ: Խորենացու վկայությամբ՝ «Արշակի մահից հետո Շապուհը մեծ զորք գումարեց Մեհրուժանի ձեռքի տակ և ուղարկեց Հայաստան…. Նրան խոստացավ տալ Հայոց թագավորությունը, եթե միայն նախարարներին հնազանդության բերե և մեր աշխարհը դարձնե մազդեզական կրոնին….»:

Շապուհի կարգադրությամբ պարսկական զորքի հետ գործող Մերուժան Արծրունու քայլերը Հայաստանում հանգեցրել էին երկրի քաղաքական ինքնիշխանության կորստին և ռազմական, տնտեսական ու քաղաքական ծանր կացության մեջ դրել երկիրը:

Պետության ինքնիշխանությունը վերականգնելու, հրո ճարակ դարձած երկիրը վերակառուցելու և ոտքի հանելու համար երիտասարդ արքա Պապ Արշակունին հսկայական ջանքեր ու ռեսուրսներ պետք է ներդներ… Մինչ այդ, թեև թագաժառանգ Պապը կարողացավ Մերուժանին վռնդել երկրից ու հաստատվել գահին, այնուամենայնիվ, Մերուժանը չդադարեցրեց իր կոլաբորացիոնիստական գործունեությունը։ Պատմահայր Խորենացու վկայությամբ՝ «Մեհրուժանը Խորասանի երկրում Շապուհին իմաց տվեց, թե ինչպիսի մեծ օգնություն ցույց տվեց Թեոդոսը Պապին. ուստի Շապուհից հրաման է տրվում, որ Պարսից բոլոր զորքը Մեհրուժանի հետ Հայաստան գնա պատերազմի: Պատերազմը խմբվեց Ձիրավ կոչվող դաշտում….»։

Ու թեև պատերազմում հայ-հռոմեական միացյալ զորքը հաղթանակ տարավ, և Մերուժանն էլ պատժվեց (սպանվեց) սպարապետ (թագադիր ասպետ) Սմբատ Բագրատունու ձեռքով, այնուամենայնիվ, Հայաստանը Արշակունիների թագավորության հետագա շրջանում այլևս չկարողացավ լիարժեքորեն վերականգնել իր ինքնիշխանությունը, իսկ 387 թ․ բաժանվեց Պարսկաստանի և Հռոմեական կայսրության միջև, 428 թ․ էլ վերջնականապես կորցրեց ինքնիշխանությունը, որն ավելի քան 400 տարի անց պետք է վերականգնեին Բագրատունիները:

Հայոց պատմությանը հայտնի կոլաբորացիոնիստներից է Գագիկ Արծրունին, որը Վասպուրականի իշխանն էր։ Նրա ու Սյունյաց Սմբատ իշխանի միջև վեճ էր ծագել Նախճավան քաղաքի պատկանելության շուրջ։ Վեճը լուծելու խնդրանքով իշխանները դիմեցին հայոց արքա Սմբատ Ա Բագրատունուն, որը վեճը լուծեց հօգուտ Սյունյաց իշխանի: Սա Գագիկ Արծրունուն մղեց նախ դավաճանության, ապա՝ կոլաբորացիոնիզմի: Այդ շրջանում Հայաստանն ասպատակում էր արաբ ամիրա Յուսուֆը: Սմբատ Ա արքայից «վիրավորանքի» համար վրեժ լուծելու նպատակով Գագիկ Արծրունին, «Շատ նվերներ, ընծաներ ու պարգևներ պատրաստելով, շարժվում գնում է Պարսկաստան, Յուսուֆ ոստիկանի մոտ: Եվ նրան մատուցելով իր խորհրդավոր ընծաները՝ նա իր անիրավ ամբաստանության խոսքն էր բարձրաձայն զորացնում արքայի մասին: Իսկ նա (Յուսուֆը ‒ Ա. Մ․) սիրով ընդունում է նրան, տալիս է արքունական թագ, պատիվ ու պարգևներ»:

Գագիկին հռչակելով հայոց թագավոր՝ Յուսուֆ ամիրան նրան մղում է պատերազմի Հայաստանի դեմ. «Նա զորքը տալիս է Գագիկ թագավորի ու նրա մյուս նախարարների ձեռքը ու այդ դավաճաններին նենգորեն ուղարկում է նրա (Սմբատ Ա-ի ‒ Ա. Մ․) վրա», ինչի հետևանքով Հայաստանը ներքաշվում է երկարատև ու ծանր պատերազմի մեջ։ 914 թ. Սմբատ Ա արքան զոհվում է, իսկ արաբական լծից այդքան դժվարությամբ ազատագրված երկիրը դարձյալ հայտնվում է արաբական լծի տակ. «Հագարի ծանրատաղտուկ լուծը թեքվում ու կուտակվում էր մեզ վրա….»։

Թշնամուն միացած Գագիկ Արծրունու կոլաբորացիոնիստական գործունեությունը հանգեցրեց նրան, որ փաստացի անկախությունը կորցրած, պառակտված ու թուլացած Հայաստանում թագաժառանգ Աշոտ Բ Երկաթից գերմարդկային ջանքեր և ութ տարվա հերոսական պայքար պահանջվեցին իրեն հավատարիմ փոքրաթիվ ուժերով երկիրը կրկին ազատագրելու, արաբական զորքերից մաքրելու, քաղաքական անկախությունը վերականգնելու, խռովարար նախարարներին զսպելու և խաղաղություն հաստատելու համար:

Երիտասարդ, եռանդուն ու անկոտրում կամքի տեր արքան, փոխանակ խաղաղության պայմաններում երկիրը շենացնելու, ստիպված եղավ պայքարել կոլաբորացիոնիզմի աղետալի հետևանքների դեմ…

Հայոց պատմության մեջ, սակայն, առավել ողբերգական էին կոլաբորացիոնիստ հայ բոլշևիկների գործողությունները: Վեց հարյուր տարվա չգոյությունից հետո, երբ հայկական պետականության մասին միայն մարող հուշեր էին մնացել, Հայաստանն ու հայ ժողովուրդն էլ կարծես մեկընդմիշտ լքում էին պատմության թատերաբեմը, Արամի, Դրոյի, Սիլիկյանի ու նրանց գործակից փոքրաթիվ նվիրյալների վերերկրային ջանքերի ու Մայիսյան հերոսամարտերում կռած անհավանական թվացող հաղթանակների շնորհիվ 1918 թ. մայիսի 28-ին երկար սպասված, բայց և անսպասելի հրաշքի պես Հայաստանի մի փոքրիկ եզերքում ծնունդ առավ Հայաստանի առաջին հանրապետությունը՝ ավելի քան վեցդարյա ընդմիջումից հետո հայոց առաջին պետականությունը:

Հենց այդ մայիսի 28-ից սկսած, դարեր շարունակ «ընդ հուր և ընդ սուր անցնելով, Հայաստանը կոչվեց անկախ կյանքի»։ Անկախ Հայաստանը հայության վեցդարյա երազանքն էր, չնայած որ «….արցունքի ու տառապանքի ծովից ծնվեց Հայաստանի անկախությունը: Ոմանք չէին հավատում նրան. անկախություն ու հանրապետություն բառերը դնում էին չակերտի մեջ….»։

Բայց և այնպես, երկար սպասված ազգային պետականությունը պետք է որ համընդհանուր սիրո և հոգածության առարկա լիներ, համենայնդեպս այդպես էր թվում։ Սակայն հայ բոլշևիկները (կամ ավելի ճիշտ՝ բոլշևիկ հայերը) հենց սկզբից թշնամաբար էին տրամադրված Հայաստանի Հանրապետության նկատմամբ և 1920 թ. ապրիլի 28-ին` Ադրբեջանի խորհրդայնացումից հետո, երբ իրենց համար բարենպաստ պայմաններ ստեղծվեցին, խորհրդա-քեմալական ուժերի հետ համագործակցելով, պատերազմի մեջ մտան սեփական պետության՝ Հայաստանի Հանրապետության դեմ: Խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության միջև թշնամանք սերմանելու նպատակով հայ բոլշևիկները դիմեցին ամենաստոր միջոցների՝ ընդհուպ մինչև ակնհայտ կեղծիքի՝ բողոքելով Ռուսաստան ու Բաքու, որ «գնդակահարվել է ընկեր Միկոյանը», մինչդեռ, ինչպես իրավացիորեն նշում է Սիմոն Վրացյանը, «Միկոյանը Հայաստանի երես անգամ չէր տեսած»:

Հայ բոլշևիկների նման պահվածքի պատճառով էր, որ Հայաստանի Հանրապետության ու Խորհրդային Ռուսաստանի միջև սկսված բանակցությունները ձախողվեցին: Հայ բոլշևիկներն ավելի հեռուն գնացին՝ սովորական դավաճանից սահուն անցում կատարելով կոլաբորացիոնիստ դավաճանի, և 1920 թ. սեպտեմբերին սկսված թուրք-հայկական պատերազմում ոչ միայն Թուրքիայի կողմը բռնեցին, այլև ամեն ինչ արեցին Հայաստանի պարտությունը գլուխ բերելու համար: Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն Բաքվի «Կոմունիստ» թերթի հոկտեմբերի 8-ի համարում Խորհրդային Ադրբեջանին կոչ էր անում միասին պայքարելու Հայաստանում իշխող «սպիտակ տեռորի» դեմ:

Թուրք-հայկական պատերազմի ժամանակ «կամավոր» Կարսի ճակատ մեկնած բոլշևիկների ձեռքով Կարսի հանձնումը իրենց համար բարեհաջող կերպով գլուխ բերելուց հետո, երբ Հայաստանի Հանրապետությունը փաստացի օղակված էր թշնամու կողմից և անելանելի վիճակում էր հայտնվել, սեփական պետությանը թիկունքից ևս մեկ դաշույնի հարված հասցնելուն պատրաստվող հայ բոլշևիկները, կոլաբորացիոնիստ Սարգիս Կասյանի գլխավորությամբ, 1920 թ. նոյեմբերի 22-ին Բաքվում ստեղծեցին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն, որը մեկ շաբաթ անց Իջևանի կողմից մտավ Հայաստան՝ այն հռչակելով խորհրդային:

Հայ բոլշևիկների կոլաբորացիոնիստական գործողությունները հանգեցրին Հայաստանի անկախության կորստին, և 1920 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանը խորհրդայնացվեց, որից հետո էլ, սակայն, Կասյան-Աթարբեկյան-Ավիս կոլաբորացիոնիստ եռյակը չհանգստացավ: Հունվարի 10-ին Դրոյին Մոսկվա արտաքսելուց հետո, երբ այլևս խոչընդոտ չկար, իսկական տեռոր սկսվեց Հայաստանի բնակչության նկատմամբ, ինչը հանգեցրեց նրան, որ փետրվարին համաժողովրդական ապստամբություն բռնկվեց բոլշևիկյան իշխանության դեմ, և փետրվարի 19-ին կարճ ժամանակով Հայաստանն ազատագրվեց բոլշևիկյան լծից: 1921 թ․ ապրիլի 2-ին, սակայն, հավատարիմ իրենց կոլաբորացիոնիստական էությանը, օտար զորքերի՝ խորհրդային Կարմիր բանակի օգնությամբ հայ բոլշևիկները Հայաստանում նորից գրավեցին իշխանությունը: Իր քաղաքական անկախությունից զրկված Հայաստանը բզկտվեց քեմալա-բոլշևիկյան ուժերի կողմից:

Իր կամքն արտահայտելու, իր շահերը պաշտպանելու, իր քաղաքական դիրքորոշումը բարձրաձայնելու իրավունքից զրկված Հայաստանը կորցրեց իր փաստացի տարածքների մեծ մասը՝ Կարսի մարզը, Սուրմալուի գավառը, Ջավախքը, Նախիջևանը, Արցախը և այլն, իսկ Զանգեզուրն արդեն խորհրդայնացած Հայաստանի կազմում մնաց Նժդեհի գլխավորած հերոսական պայքարի շնորհիվ: Արդեն խորհրդայնացած Հայաստանը, փաստորեն, իր փաստացի 70.000 քառ․ կմ տարածքից կորցրեց ավելի քան 40.000 քառ․ կմ-ը՝ կծկվելով ընդամենը 29.800 քառ․ կմ փոքրիկ տարածքի վրա:

Այսպիսով, ինչպես բազմիցս նշել ենք, «Հայկական պետությունը վերացնելու, Հայաստանի տարածքները նվաճելու իր ձգտումներում …. Թուրքիան մենակ չէր, նրա հետ էր ոչ միայն բոլշևիկյան Ռուսաստանը, այլև հայ բոլշևիկը, որն այնքան էր օտարացել իր ազգից ու թշնամանքով լցվել հարազատ պետության նկատմամբ, որ առանց վարանելու զոհաբերեց իր ազգի ու պետության շահերը՝ հանուն ինչ-որ անիրական «համաշխարհային հեղափոխության», և այլևս կասկած չկա, որ նրանք Հայաստանը զոհաբերում էին գիտակցաբար….»:

Զարմանքով կարդալով ու ցավով խոսելով հայ բոլշևիկների կոլաբորացիոնիստական գործունեության մասին՝ միաժամանակ դժվար էր պատկերացնել, որ 21-րդ դարում մոտ երեք տասնամյակ անկախ ապրած Հայաստանում ինքներս ականատես կլինենք կոլաբորացիոնիզմի, մի երևույթ, որը սկսվեց 2020 թ. սեպտեմբերի 27-ին, երբ Հայաստանում իշխողները, թուրք-ադրբեջանական տանդեմին միացած, պատերազմ մղեցին (և դեռ մղում են) Հայաստանի պետականության դեմ՝ հայ բոլշևիկների օրինակով ամեն կերպ ձգտելով Հայաստանի պարտությանը, և շարունակվում է մինչ օրս։ Այն, ինչ տեղի էր ունենում Հայաստանում 2018 թ․ գարնանից մինչև 2020 թ. սեպտեմբերի 26-ը՝ արցախյան հաղթանակի արժեզրկում, պատերազմում հաղթած հերոսների վարկաբեկում կամ զինված ուժերից հեռացում, բանակի կազմալուծում և հայ զինվորի կերպարի աղավաղում (խեղճ, վախվորած ու սոված զինվորի մասին անիրական պատմություններ պետության ղեկավարի շուրթերից), «խաղաղության» մասին կեղծ քարոզներ, հայ հասարակության մեջ փամփուշտներից զարդեր պատրաստելու գաղափարի քարոզչություն («Որքան շատ կին միանա արշավին, այնքան շատ փամփուշտ կվերանա աշխարհից, կկորցնի իր նախնական նշանակությունն ու կդառնա ընդամենը զարդ, իսկ դա իր հերթին նշանակում է, որ այդքան շատ կյանք հնարավոր կլինի փրկել:

Սա, իհարկե, սիմվոլների լեզու է, բայց իրականությունից հեռու չէ»), զենքերը հանձնելու կոչ («․․․․ես հավատում եմ, որ միասին մենք կարող ենք պատմության գիրկն ուղարկել ղարաբաղյան հակամարտությունը, հանձնել զենքերը և խրախուսել տղամարդկանց պատերազմել «մտքի և խոսքի» ուժով») և նմանատիպ այլ դրսևորումներ, ոչ այլ ինչ են, քան դավաճանությունը: 2020 թ. սեպտեմբերի 27-ից Հայաստանում իշխողները դավաճանությունից անցում կատարեցին կոլաբորացիոնիզմի, և մինչ այս պահը սույն կոլաբորացիոնիստական խմբակը Ադրբեջանի և Թուրքիայի հետ միասին պատերազմում է այն պետության դեմ, որի քաղաքացին ու, ցավոք, նաև իշխանավորն է ինքը: Հենց այդ պատերազմի տրամաբանությունից է բխում ապրիլի 14-ին Ազգային ժողովի ամբիոնից երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի այն միտքը, թե «Եթե զինվորը կանգնած է սահմանին, դա խաղաղություն չի։ Խաղաղությունը այն է, երբ սահմանին կանգնած է սահմանապահ, և հարցերը կարգավորվում են սահմանային նշանների միջոցով և ոչ թե դիրքերի միջոցով»։

«Ի՞նչ անել» հարցի պատասխանը հետևյալն է՝ «ցուցանակային խաղաղության» (սահմանային նշանների միջոցով հարցերը կարգավորող) ջատագով կոլաբորացիոնիստների խմբակին բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով հեռացնել պետության ղեկից և պետական մակարդակով պայքար ծավալել կոլաբորացիոնիզմի դեմ:

Ինչպե՞ս պայքարել կոլաբորացիոնիզմի դեմ։

Կրթե՛լ կամ վերակրթե՛լ հայաստանյան հասարակությանը պետականակենտրոնության ոգով՝ դրա հիմքում դնելով «ազգային պետականությունն ամեն բանից վեր» գաղափարախոսությունը, հակառակ դեպքում այս աղետալի վիճակը հաղթահարելուց հետո էլ՝ 30, 50 կամ 100 տարի անց, դարձյալ կհայտնվի մեկ այլ կոլաբորացիոնիստ «Նիկոլ» կամ «Կասյան», որ գաղափարախոսությամբ հակահայաստանյան ու հոգեբանորեն անհայրենիքների մի փոքրիկ խմբակով հողին կհավասարեցնի տասնամյակների ընթացքում արյուն-քրտինքով ստեղծվածը: Հարյուրամյակներ շարունակվող այս տեղապտույտից դուրս գալու համար անհրաժեշտ է դասեր քաղել սեփական պատմությունից, իսկ դասեր քաղել նշանակում է ձևավորել համապատասխան վերաբերմունք ու մշակել պետական շահերից բխող նպատակային քաղաքականություն դավաճանների և կոլաբորացիոնիստների նկատմամբ: Շրջապատված լինելով ամեն վայրկյան իրեն բզկտելու պատրաստ թշնամիներով՝ Հայաստանն իր գոյությունն ապահովելու, զարգանալու և ուժեղանալու համար պետք է հնարավորինս բացառի իր ներսում դավաճանների, աշխարհաքաղաքացիների ու կոլաբորացիոնիստների գոյությունը կամ իրեն նետի թշնամու և կոլաբորացիոնիստ վարչակազմի կողմից առաջարկվող «ցուցանակային խաղաղության» գիրկը և կարճ ժամանակ անց իր տեղն զբաղեցնի պատմության ասպարեզը լքած հազարավոր երկրների կողքին:

Անի Մելքոնյան

«Դրօշակ» թիվ 5,(1666), 2022թ․