կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-14 17:35
Իրավական

Գեղարքունիքի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Ապրիլի 10-ին Վարդենիսի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության մասին տեղեկություններ էին ստացել, որոնք իրացվեցին Գեղարքունիքի մարզային վարչության, Մարտունու և Վարդենիսի բաժնի ծառայողների հետ ձեռնարկած համատեղ միջոցառմամբ։ Կարճաղբյուր գյուղում հայտնաբերվեցին ու, «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Վարդենիսի բաժին բերման ենթարկվեցին 26 տարեկան երկու երիտասարդ, որոնցից մեկը՝ Նոր Հաճն քաղաքի, մյուսը՝ Ալավերդու բնակիչ: 

Նոր Հաճնի բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին «շոկո» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, մեթադոնային լուծույթ, կանեփանման զանգված և 2 կաթուցիչ՝ մոխրացած զանգվածով:

Ըստ նրա՝ հայտնաբերվածը ձեռք էր բերել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանից՝ ինտերնետային կայքի միջոցով:
Իրավապահները պարզեցին նաև, որ երիտասարդը թմրանյութի մի մասը լցրել էր կաթուցիչների մեջ, մեկն ինքն էր օգտագործել, մյուսը իրացրել էր լոռեցի ընկերոջը:

Վարդենիսի ոստիկաններն օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակեցին։ Ապրիլի 12-ին ոչ միայն պարզեցին մեթադոնային լուծույթը իրացնողի ինքնությունը, այլև նրան Երևանի Ավան թաղամասում հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին բաժին։ 51-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «Մեթադոնային լուծույթ» գրառմամբ տարաներ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։