Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ապրիլի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Սլովակիայի Հանրապետության կառավարությունների միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հացեկը։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Համաձայնագրով նախատեսվում է փոխշահավետ համագործակցության զարգացում ու դիվերսիֆիկացում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում: Այն հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև զարգացնել և խորացնել երկարատև տնտեսական հարաբերություններ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան, գյուղատնտեսությունը, փոքր և միջին ձեռնարկատիրությունները, տրանսպորտն ու ենթակառուցվածքները, շրջակա միջավայրի պաշտպանությունը, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաները, և այլն։ Փաստաթղթով նախատեսվում է նաև ստեղծել միջկառավարական հանձնաժողով:
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկայիս առաջնահերթությունները։ Այնուհետև կողմերը քննարկել են այն ոլորտները, որոնցում հնարավոր է ծավալել երկկողմ արդյունավետ համագործակցություն․ դրանք են՝ մետալուրգիա, մեքենաշինություն, միկրոէլեկտրոնիկա, քիմիայի ոլորտում՝ կաուչուկի արտադրություն, ոսկերչություն, տեքստիլ արդյունաբերություն, դեղագործություն։
Դեսպան Միրոսլավ Հացեկն առաջարկել է Եվրամիության անդամ երկիր Սլովակիան դիտարկել որպես եվրոպական հանգույց, որի միջոցով Հայաստանը կկարողանա իր տնտեսական կապն ամրապնդել նաև այլ եվրոպական երկրների հետ։ Նա նաև նշել է, որ Սլովակիայում Հայաստանը դիտվում է որպես զարգացման մեծ ներուժ ունեցող երկիր՝ բարձր որակավորված մարդկային ռեսուրսով՝ որպես հեռանկարային ոլորտ ընդգծելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի զարգացման աննախադեպ արագ ընթացքը։
Որպես համագործակցության ուղղություն դեսպանը առանձնացրել է նաև գյուղատնտեսության ոլորտը, որը կարող է առանձնակի հետաքրքրել սլովակ գործարարներին։ Այս համատեքստում Միրոսլավ Հացեկը տեղեկացրել է, որ առաջիկայում պլանավորվում է Սլովակիայի արտաքին գործերի նախարարի այց Հայաստան, ում կուղեկցեն նաև մի խումբ գործարարներ՝ Հայաստանում համագործակցության հնարավորությունների հաստատման նպատակով։
Դեսպան Միրոսլավ Հացեկը նաև նշել է, որ Հայաստանի լավ տնտեսական հարաբերությունները Իրանի հետ մեր երկիրը դարձնում են էլ ավելի գրավիչ Սլովակիայի համար։