Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն ապրիլի 4-ին այցելել է «Իմ ուղին» ցերեկային կենտրոն, որտեղ սոցիալ-վերականգնողական ծառայություններ են ստանում աուտիզմ ունեցող երեխաներն ու երիտասարդները:
ՄԻՊ-ից հայտնում են, որ այցի ընթացքում Պաշտպանը հանդիպել է կենտրոնի հիմնադիրների և աշխատակիցների, ինչպես նաև շփվել ծառայություններից օգտվող երիտասարդների և երեխաների հետ: Կենտրոնի անձնակազմը ներկայացրել է առաջարկվող ծառայությունների շրջանակը, ծանոթացրել կենտրոնի նյութատեխնիկական պայմաններին:
Քննարկվել են այն հիմնական խնդիրները, որոնց բախվում են կենտրոնի ծառայություններից օգտվող մարդիկ: Օրինակ՝ պայմանավորված կենտրոնի շահառուների ընտանեկան սոցիալական վիճակով՝ խոչընդոտներ են առաջանում հատկապես մարզերում բնակվող անձանց համար, ովքեր ֆինանսական խնդիրներով պայմանավորված ոչ միշտ են կարողանում օգտվել վերականգնողական ծառայություններից:
Ներկայացվել է, որ խնդիր կա նաև կենտրոնի հետագա գործունեության կայուն շարունակականության ապահովման հետ կապված, քանի որ հիմնական ֆինանսավորումն ապահովվում է բարերարների աջակցությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել կենտրոնի շահառուների ծնողներին ու անձնվեր աշխատակազմին՝ մասնագիտական բարձրորակ ծառայությունները կազմակերպելու և սեփական մասնագիտական զարգացման միջոցով աուտիզմ ունեցող յուրաքանչյուր անձի անհատական կարիքների գնահատման հիման վրա զարգացման հնարավորություն ապահովելու համար։
Պաշտպանը հաշվառել է կենտրոնի առաջնահերթ անհրաժեշտության խնդիրները՝ դրանց հնարավոր լուծումներ գտնելու նպատակադրմամբ: