կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-23 22:30
Հասարակություն

Մնում եմ այն կարծիքին, որ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասը հակասահմանադրական է. Թաթոյան․ News.am

Մնում եմ այն կարծիքին, որ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասը հակասահմանադրական է. Թաթոյան․ News.am

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը պնդում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասը հակասում է Սահմանադրությանը։

«Ես մնում եմ այն կարծիքին, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասը հակասում է Սահմանադրության 61-րդ եւ 81-րդ հոդվածներին։ Օրենքի այդ մասը խնդիրներ է առաջացնում, անորոշության մեջ թողնում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արման Թաթոյանն՝ անդրադառնալով Բարձր դատարանի որոշմանը։

Մեկ շաբաթ առաջ՝ մարտի 15-ին, Սահմանադրական դատարանը քննել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը եւ գործի քննության արդյունքներից ելնելով՝ որոշել այն հակասահմանադրական չճանաչել։

ՍԴ-ի որոշմանը մանրամասն ծանոթանալուց հետո, մարդու իրավունքների նախկին պաշտպանը հանգամանալից կանդրադառնա Բարձր դատարանի որոշմանը։

Հիշեցնենք, որ 2020-ի դեկտեմբերի 9-ին Արման Թաթոյանը դիմել էր Սահմանադրական դատարան՝ Հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերի եւ 422-րդ հոդվածի սահմանադրականությունը որոշելու հարցով։

Մոտ 1 տարի անց՝ 2021 թվականի սեպտեմբերի 7-8-ի նիստերում, ՍԴ-ն քննել էր այդ գործը եւ հաշվի առնելով, որ նշված գործի վերաբերյալ ձայների  հավասարության հետեւանքով ըստ էության որոշում չի ընդունվել,  համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի՝ մերժել էր նշված դիմումը։

Ապա մարդու իրավունքների նախկին պաշտպանը դիմել էր Բարձր դատարան՝ այս անգամ արդեն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի սահմանադրականությունը որոշելու հարցով։ Արման Թաթոյանի համոզմամբ՝ օրենքի այդ մասը հակասում է Սահմանադրության 61-րդ եւ 81-րդ հոդվածներին։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասը սահմանում է, որ «եթե Սահմանադրական դատարանը քննարկվող հարցի վերաբերյալ ձայների հավասարության հետեւանքով ըստ էության որոշում կամ եզրակացություն չի ընդունում, ապա դիմումը համարվում է մերժված, որի մասին հայտարարվում է նիստերի դահլիճում»:

Իսկ Մայր օրենքի 61-րդ  եւ 81-րդ հոդվածները սահմանում են.

Հոդված 61. «Դատական պաշտպանության իրավունքը եւ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, ունի իր իրավունքների եւ ազատությունների պաշտպանության խնդրով մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունք:

Հոդված 81. Հիմնական իրավունքներն ու ազատությունները եւ միջազգային իրավական պրակտիկան

1. Հիմնական իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

2. Հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:

Սահմանադրական դատարանի  մարտի 15-ի որոշմանը կարող եք ծանոթանալ այս հղումով։

Աղբյուրը՝  NEWS.am