կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-16 16:52
Քաղաքական

Խնդիրները կշարունակվեն. ՊԵԿ նախագահը՝ Լարսի փակ լինելու պատճառով ՀՀ չմտնող ապրանքների մասին

Եղանակային պայմանների պատճառով կարող է մեկ կամ երկու օր որոշակի խնդիրներ առաջանան, որոնք կարող են առաջանալ տարբեր ճանապարհների վրա․ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Սյունիքի Տաթև-Կապան ավտոճանապարհին, որտեղ արգելափակված բեռնատարներ կան:

«Ես նշել եմ, որ մեր հարաբերությունների վրա Իրանի հետ դա չի ազդում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ այն ծավալը, որը մտնում է Հայաստան, այսպես, թե այնպես նույն ծավալով մտնում է ՀՀ: Կարծում եմ, որ նոր ճանապարհների կառուցման դեպքում որևէ հավելյալ խնդիր էլ չի առաջանա»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Լարսում կուտակումների հետ պայմանավորված որոշ ապրանքների ներկրման անհնարինությանը, Բադասյանն ասաց. «Այն ապրանքներն են, որոնք սովորաբար ներկրվում են ՌԴ-ից, մեծ խմբաքանակի ապրանքներ են, ձյան պատճառով ճանապարհն անանցանելի է, նաև կանխատեսում կա, որ խնդիրները դեռ մի քանի օր կշարունակվեն, բայց, բնականաբար, եղանակային պայմանների փոփոխությամբ արդեն անցանելի կդառնան, ու այդ ապրանքատեսակները կգան Հայաստան»: