կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-10 18:24
Հասարակություն

Խրամորթ գյուղի մոտ իրականացվում է ուժեղացված ծառայություն

Խրամորթ գյուղի մոտ իրականացվում է ուժեղացված ծառայություն

Ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողությունները կասեցնելու և իրադրությունը Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում կայունացնելու նպատակով Արցախի Հանրապետության իշխանությունները, ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համատեղ, ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները։  Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակը:

Մասնավորապես, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղին կից հատվածում իրականացվում է ԱՀ ուժային համապատասխան կառույցների և խաղաղապահ զորակազմի համատեղ ուժեղացված ծառայություն։ 

Իրավիճակը լիարժեք վերահսկվում է Արցախի Հանրապետության իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից։ 

«Մեկ անգամ ևս կոչ ենք անում տուրք չտալ ոչ արժանահավատ լուրերին և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մարտի 9֊ին, օրվա ընթացքում, այնուհետև ողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել են հրադադարը։

Մասնավորապես՝ մարտի 9-ին, ժամը 14։00֊14։30 ի սահմաններում ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակվել է 60 մմ տրամաչափի ականանետի 2 հատ ական, իսկ ժամը 15։50֊ից մինչև մարտի 10֊ի ժամը 05։40֊ը ընկած ժամանակահատվածում թշնամին 15 անգամ 60 մմ. տրամաչափի ականանետ է կիրառել արևելյան ուղղությամբ՝ Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա արձակելով ընդհանուր առմամբ 23 հատ ական։

 

Տես նաև՝  Խրամորթից մայրերն իրենց մանկահասակ երեխաների հետ դուրս են եկել․ Ասկերանի ղեկավար:

Տես նաև՝  Խրամորթում թշնամու կրակոցից վիրավորված խաղաղ բնակչի առողջական վիճակը «բավարար կայուն» է: