Փոխարժեքներ
17 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցի գործարքը, եթե անգամ ամենալավատեսական աչքով նայեն, չեն կարող չտեսնել այն հովանավորությունը, որը կար՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Խոսքը Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրն օտարելու մասին է, որի 100 տոկոսի սեփականատերը դարձավ «Պրոյեկտ ինտեր-ինվեստը»՝ Նարեկ Նալբանդյանի գլխավորությամբ․ նա շուկայական արժեքից զգալի ցածր՝ 5 000 000 000 դրամն էլ, կառավարության որոշմամբ, պետք է վճարի ոչ թե միանգամից, այլ 5 տարվա ընթացքում՝ առանց տոկոսի։ Ընդ որում, վաճառքի մրցույթին մենակ ինքն էր հայտ ներկայացրել։
Բաբկեն Պիպոյանն ասում է՝ տեսնում ենք ակնհայտ հովանավորություն, և եթե ձվի շուկայում նույնպես տեսնում ենք այս նույն ընկերության՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստի» անունը, սկսում ենք կասկածել, որ այնտեղ ևս հովանավորություն կարող է եղել։
Այս ընկերության մուտքը ձվի շուկա ուղեկցվեց ցնցումով շուկայում․ նրա անունը հայտնվեց Մրցակցության հանձնաժողովի ուսումնասիրության մեջ, քանի որ երկու ընկերություններից մեկն էր, որոնք առաջինը սկսեցին ձու վաճառել ինքնարժեքից չհիմնավորված ցածր գնով՝ 50 դրամի փոխարեն, ասենք, 20 դրամի կարգի։ Հանձնաժողովը, սակայն, նրան չտուգանեց դեմպինգի համար․ գերիշխող դիրք չուներ շուկայում։
«Առանց տեսականորեն բացառելու քաղաքական կապերը, որովհետև չենք կարող բացառել, որ կան, հարցի փաստարկվածության առումով ձվի շուկայում մի պատկեր ունենք, Ծաղկաձորի գործարքի պարագայում՝ այլ։ «Գոլդեն փելիսի» գնման պարագայում հովանավորության կա, որովհետև գումարները պետք է վճարվեն տարիների ընթացքում, և դա արվելու է այն պայմաններում, երբ ի սկզբանե գնահատված գնից մի բան էլ ցածր գնով է իրականացվել վաճառքը։ Ավելին, առնվազն տարակուսելի է, որ մինչև այդ «հնարավոր չէր լինում» իրականացնել վաճառքը, այն էլ այն գնով, ինչի մասին խոսվում է․ ընդամենը պետք է տեսնել համարժեք կառույցների գները և հասկանալ, որ այստեղ ակնհայտ հովանավորության հետ գործ ունեցող գործարքի մասին է խոսքը»,-ասաց Բաբկեն Պիպոյանը։
Նրա մոտ հարց է առաջանում, թե ինչպես էր ստացվել, որ շինարարական և առևտրային այս բումի աճին զուգահեռ բենդինգ եղած հյուրանոցի վաճառքը չէին կարողանում իրականացնել։
Ձվի շուկայում, նրա խոսքով, ակնհայտ արտոնյալ պայմաններում կապիտալ ձեռք բերած այդ ընկերության անունը շրջանառվեց որպես կասկածելի հանգամանքներում տեղի ունեցող գործընթացի ուղիղ մասնակից, և, բնականաբար, պետք է հասկանալ՝ որքանով կապ ունի։ Անկախ այդ կապից, սակայն, Պիպոյանը մտահոգ է, որ թռչնաբուծության ոլորտում ունենք ֆունդամենտալ պրոբլեմ, և այդ պրոբլեմը Էկոնոմիկայի նախարարության անգործության պատճառով է։ Դրանից, ըստ նրա, կտուժեն ոչ միայն փոքր արտադրողները, այլև, երկարաժամկետ կտրվածքով, մենք՝ սպառողներս․ փոքր արտադրությունները կարող են փակվել, քանի որ նախարարությունը ոչ մի սուբսիդիայով չի օժանդակում, որ դիմանան, մինչև շուկան կարգավորվի, իսկ սպառողների համար ձվի գինը անհամեմատ կբարձրանա, երբ այս շոկն առաջացնողները շուկայից դուրս մղեն մրցակիցներին։
18 դրամանոց ձու մարդիկ երկար չեն ուտի, քանի որ դա ինքնարժեքից կրկնակի ցածր գին է և դրանով հնարավոր չէ արտադրել․ Բաբկեն Պիպոյանի ամենամեծ մտավախությունն է, որ ածան հավերին չսկսեն մորթել, այլ փորձեն արտահանում կազմակերպել, հակառակ դեպքում մեկ էլ խանութներում ձու չի ճարվի։
Նիկոլ Փաշինյանի առաջարկած լուծումը՝ շատ ձու գնել և ուտել, որ գինը նորմալանա, Բաբկեն Պիպոյանին անլուրջ է թվում։
«Դա իսկապես աբսուրդային է, որովհետև չի կարելի անլրջացնել ու մի ամբողջ ուղղության՝ թռչնաբուծության ոլորտի ագրարային քաղաքականությունը մեկ նախադասությամբ՝ «եկեք շատ ձու ուտենք՝ կարգավորվի» հարթության բերել»,-ասաց նա։
Բաբկեն Պիպոյանը համոզված է, որ պրոբլեմների ակունքը հենց այդտեղ է, որ մեր ռազմավարությունը մշակում ենք՝ «եկեք շատ ձու ուտենք, կարգավորենք» մակարդակի պրոֆեսիոնալիզմով, ուրեմն այդ մակարդակի արդյունք էլ ունենալու ենք, ինչի առջև ենք հենց հիմա։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․