կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-21 18:12
Տարածաշրջան

Հայոց ցեղասպանությունը` Թուրքիայի նախագահի թեկնածուների աչքով

Հայոց ցեղասպանությունը` Թուրքիայի նախագահի թեկնածուների աչքով

«Ակօս» պարբերականը «Հայերը` նախագահի թեկնածուների աչքով» վերնագրով հոդված է հրապարակել, որում ներկայացրել է Թուրքիայի նախագահի պաշտոնի թեկնածուների՝ Հայոց ցեղասպանության հարցում ունեցած մոտեցումները:

 

Պարբերականն առաջինն անդրադարձել է երկրի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որի վարած հակահայ քաղաքականությունը բոլորին լավ ծանոթ է: Ըստ կայքի` Էրդողանը, ով շարունակ պնդել է, որ մուսուլմանը երբեք չի կարող ցեղասպանություն իրագործել, «առաջընթաց» է ապրել այնքան, որ ապրիլի 24-ի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին:

 

«Նախագահի թեկնածու առաջադրվելուց ամիսներ առաջ 1915 թվականի համար ցավակցական ուղերձ հղած և բոլորին այդ քայլով զարմացրած Էրդողանը Թուրքիայի քաղաքական անցյալում կմնա որպես մարդ, ով Թուրքիայի քաղաքացի չեղող հայերին սպառնացել է երկրից արտաքսել: Իր ելույթներում Թուրքիայի ժողովուրդների անուններն արտասանելիս` հայերի, հույների, հրեաների և ասորիների անունները չհիշատակած Էրդողանի անունը, ով «հույն» բառն ասելիս նախ ներողություն է խնդրում, կմնա բոլորի մտքում»,- գրում է կայքը ու հավելում. «Էրդողանի ամենազարմացնող արտահայտություններից մեկն այն էր, երբ տարբեր երկրներում 1915 թվականի վերաբերյալ օրենքներ էին ընդունվում և Թուրքիային դատապարտում, նա չէր վարանել սպառնալ Թուրքիայում բնակվող հայերին, ասելով. «Իմ երկրում 170,000 հայ կա, նրանցից 70,000-ը իմ քաղաքացիներն են: Մնացած 100-ը ժամանակավոր են: Մի օր, եթե հարկ լինի, նրանց դուրս եմ հանելու երկրից, վերջապես, նրանք իմ քաղաքացիները չեն, և ես պարտավոր չեմ նրանց իմ երկրում տեղ տալ»:

 

Էքմելեթթին Իհսանօղլու

 

Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական և «Ազգային շարժում» կուսակցությունների համատեղ առաջադրած թեկնածու, Իսլամական համագործակցության կազմակերպության նախկին ղեկավար Էքմելեդդին Իհսանօղլուն 1915 թվականի դեպքերը որակում է որպես «պատմական պնդում»:

 

«1915 թվականին պատահած ցավալի դեպքերը մեզ միշտ վշտացրել են և շարունակելու են վշտացնել: Ես շատ լավ եմ հիշում, երբ համալսարանում դասախոսական կազմի երիտասարդ անդամ էի, մասնակցում էի մշակույթի նախարարության միջոցառումներին և սերտ կապեր ունեի ԱԳ նախարարության հետ: Այս երկու նախարարությունների միջոցառումնեևրին մասնակցելով՝ ծանոթ եմ այս հարցի էությանը: Կառավարության ցավակցական ուղերձը ճիշտ և տեղին էր: Թուրքիան այս հարցը պետք է լուծի համբերատարությամբ, սառնասրտությամբ՝ օգտագործելով դիվանագիտական և գիտական բոլոր ճանապարհները: Այս պահին ավելին չեմ կարող ասել»,- ասել էր Իհսանօղլուն:

 

Իսկ ինչ վերաբերում է հայերի աջակցությանն արժանացած Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախագահ Սելահաթթին Դեմիրթաշին, նա միշտ աչքի է ընկել Հայոց ցեղասպանության և հայերի մասին իր օբյեկտիվ տեսակետներով: Դեմիրթաշը բազմիցս հայտնել է, որ Թուրքիայի պետությունը պետք է ներողություն խնդրի հայերից`շեշտելով, որ ցեղասպանության բեռը պետք չէ դնել Թուրքիայի ժողովրդի ուսերին: «Ցեղասպանությունն իրագործողը Օսմանյան կայսրությունն է: Օսմանյան կայսրությունն այժմ չկա, սակայն Թուրքիայի Հանրապետությունը այդ դեպքերի համար պետք է ներողություն խնդրի հայերից: Սա խաղաղության կարևոր ներդրում կարող է լինել»,- ասել է նա:

 

 

Թարգմանությունը` Արազ Գայմագամյանի