Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի «Արդարություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է Մարտակերտում դիպուկահարի կրակոցից 55-ամյա խաղաղ բնակչի սպանությանը:
Հայտարարությունում ասվում է. «Արցախում խաղաղ բնակչի սպանությունը ադրբեջանական դիպուկահարի կրակոցից ՀՀ և Արցախի իշխանությունների կողմից վարվող անհետևողական, անհեռատեսական, ստի ու կեղծիքի քաղաքականության արդյունքն է։
Նշենք թերևս մի քանիսը, որոնք հանրայնացվել են.
1.Հադրութի շրջանի, պատերազմից հետո, մնացած տարածքների զավթում ու տասնյակ գերիներ։
2.Շուշիի շրջանի գյուղերի շրջափակում։
3.Խոշոր տրամաչափի զինատեսակի օգտագործում Մխիթարաշեն գյուղի ուղղությամբ։
4.Ճանապարհներին ավտոմեքենաների քարկոծում ու ադրբեջանցիների լկտի պահվածք։
5.Քաղաքացիական բնակավայրերի թիրախավորում ու տների գնդակոծում՝ Մխիթարաշենում, Շոշում, Թաղավարդում, Ստեփանակերտում և այլն։
6.Անօդաչուների օգտագործում հայկական դիրքերի գնդակոծման նպատակով։
7.Մարտակերտում ադրբեջանական դիվերսանտի ներթափանցում բնակելի տուն և անչափահաս քաղաքացիների նկատմամբ սպառնալիք։
8.Մաճկալաշենում հովիվի առևանգում ու խոշտանգում։
9.Թշնամու արձակած կրակոցներից զինծառայողների վիրավորվում։
10.Բազմաթիվ անգամներ հրաձգային տարբեր զինատեսակներից ադրբեջանական դիրքերից արձակված թիրախային ու ոչ թիրախային կրակոցներ և այլն։
Այս ամենը մնացել են անպատասխան։ Պետք է գիտակցել, որ եթե դու չես ցանկանում կամ ունակ չես լուծել քո անվտանգային խնդիրներն, ապա ոչ ոք դա չի անելու քո փոխարեն։ Բացի դրանից, ռուս խաղաղապահները Արցախում հանդիսանում են, այսպես ասած, չեզոք կողմ ու նրանք ամենևին էլ չեն կատարում Արցախի պետականության և անվտանգության պահպանողի ու պաշտպանողի դեր, նրանք պահպանում են խաղաղությունը տարածաշրջանում։
Նկատենք, որ Արցախի իշխանությունների կողմից վերոնշված դեպքերին համապատասխան արձագանքների դեպքում հետևել են նաև ռուս խաղաղապահների կողմից արձագանքները։
Այլևս տեսանելի ու փաստ է, որ Արցախի նախկին անվտանգության համակարգը խարխլված ու ոչ գործունյա է՝ հիմնականում ՀՀ իշխանությունների վարած անհեռատեսական ու Արցախի վրա թքած ունենալու քաղաքականության պատճառով, ուստի օրհասական է կարճ ժամանակահատվածում մշակել ու իրագործել այլ անվտագային համակարգ՝ խաղաղապահների մասնակցությամբ։
Նկատենք նաև, որ առ այսօր խաղաղապահների մանդատը իրավական համապատասխան կարգավորում չի ստացել ու խաղաղապահներն իրենց առաքելությունն իրականացնում են եռակողմ հայտարարության ընդամենը մեկ պարբերության հիման վրա, որտեղ չի նշվում ոչ նրանց իրավունքներն ու պարտավորությունները, ոչ էլ՝ նրանց գործառույթները՝ ասենք հրադադարի ռեժիմի խախտման դեպքերում։ Ուստի անհրաժեշտ ու օրհասական է հասնել խաղաղապահների մանդատի իրավական ամրապնդմանն ու համապատասխան իրավապայմանագրային բազայի ստեղծմանը։
Եթե դուք համապատասխան կամք, համարձակություն, փորձառություն ու գիտելիքներ չունեք այս դժվարին պահին ապահովել Արցախի քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները, ապա՝ հեռացեք։ Դուք Արցախը տանում եք դեպի հայաթափման, իսկ արցախահայությանը՝ դեպի կործանում»։