կարևոր
562 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-24 17:02
Հասարակություն

Ադրբեջանի բռնապետական վարչակարգը շարունակում է ոչնչացնել ժամանակավորապես բռնազավթված Արցախի հայկական մշակութային և պատմական ժառանգությունը

Ադրբեջանի բռնապետական վարչակարգը շարունակում է ոչնչացնել ժամանակավորապես բռնազավթված Արցախի հայկական մշակութային և պատմական ժառանգությունը

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը գրում է․

«Ադրբեջանի բռնապետական վարչակարգը՝ ի դեմս Իլհամ Ալիևի ղեկավարած ռեժիմի, պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել ժամանակավորապես բռնազավթված Արցախի հայկական մշակութային և պատմական ժառանգությունը։ Այս քաղաքականությունը ոչ թե առանձին դրվագների շարք է, այլ հստակ ծրագիր՝ ուղղված Արցախի հայկական ինքնությանը, պատմական հիշողությանը և քաղաքակրթական ներկայության լիակատար բնաջնջմանը։

Փետրվարի 23-ին Xocavənd Rayon İcra Hakimiyyəti-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից պարզ դարձավ, որ այս համակարգված քաղաքականության հերթական թիրախը դարձել է Արցախի Մոնթեաբերդ (Մարտունի) քաղաքում գտնվող հուշահամալիրը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի (1941–1945 թթ.) և Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին։

2007 թվականի մայիսի 7-ին բացված այս հուշահամալիրը խորհրդանշում էր տարբեր սերունդների հերոսների հիշատակի միասնությունը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների զոհերից մինչև Արցախի անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած ազատամարտիկներին։ Այսօր այդ հուշահամալիրը այլևս գոյություն չունի․ այն հողին է հավասարեցվել։ Սա պարզապես վանդալիզմ չէ, այլ մշակութային ցեղասպանություն, պետականորեն համակարգված քաղաքականություն է՝ ուղղված հայկականության, պատմության և հավաքական հիշողության վերացմանը Արցախում։

Հարկ ենք համարում նշել, որ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 243.4 հոդվածը նախատեսում է պատիժներ նաև ՌԴ սահմաններից դուրս Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դրսևորումների համար։

(«Статья 243.4 УК РФ. Уничтожение либо повреждение воинских захоронений, а также памятников, стел, обелисков, других мемориальных сооружений или объектов, увековечивающих память погибших при защите Отечества или его интересов либо посвященных дням воинской славы России (новая редакция с комментариями)», Уголовный кодекс РФ, https://ukodrf.ru/statya-243-4)

Արցախում գտնվող ամբողջ հայկական քաղաքակրթական ժառանգությունը՝ եկեղեցիները, խաչքարերը, հուշահամալիրները, գերեզմանոցները, կրթական ու մշակութային շենքերը, այսօր գտնվում են ոչնչացման եզրին։ Յուրաքանչյուր ավերված հուշարձան ոչ միայն քարերի փլուզում է, այլև պատմական վկայության վերացում, ապացույցների ոչնչացում և ապագա սերունդներին ուղղված ուղերձ՝ թե իբր հայերը երբևէ չեն ապրել այդ հողում։

Արցախում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման ֆոնին անընդունելի է նաև այն փաստը, որ 2025 թվականին Ադրբեջանը ընտրվել է UNESCO World Heritage Committee-ի անդամ, այն դեպքում, երբ օկուպացված տարածքներում շարունակվում է մշակութային արժեքների համակարգված ոչնչացումը։

Սա միջազգային կառույցների հեղինակության և սկզբունքների բացահայտ արժեզրկում է։ Միջազգային հանրության լռությունն ու անգործությունը այլևս չեն կարող դիտարկվել որպես չեզոքություն, քանի որ փաստագրված են մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման դեպքերը, իսկ արձագանքը, չգիտես ինչու, սահմանափակվում է անատամ հայտարարություններով կամ լիակատար լռությամբ: Միջազգային կառույցների նմանօրինակ կեցվածքը վերածվում է հանցավոր աջակցության։ Իրենց անգործությամբ միջազգային կառույցները դառնում են Ադրբեջանի մշակութային հանցագործությունների լռելյայն հանցակիցը։

Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ մշակութային ժառանգության ոչնչացումը նախորդում կամ ուղեկցում է էթնիկ ցեղասպանություններին, բռնի տեղահանություններին և բռնաճնշումներին։

Այսօր այն, ինչ կատարվում է Արցախում նույն շղթայի շարունակությունն է։ Եթե միջազգային հանրությունը շարունակի աչք փակել, ապա ոչ միայն կփոշիանա հայկական մշակութային ժառանգության անգնահատելի հատվածը, այլև կխաթարվի համաշխարհային մշակութային արժեքների պաշտպանության ամբողջ համակարգը։

Արցախի ժառանգության պաշտպանությունը միայն հայկական հարց չէ։ Դա համամարդկային պատասխանատվություն է։ Իսկ այդ պատասխանատվությունից խուսափող յուրաքանչյուր կառույց և պետություն կիսում է պատասխանատվությունը կատարվող մշակութային հանցագործությունների համար։

Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Արցախում կատարվում է 21-րդ դարի ամենախոշոր մշակութային ցեղասպանություններից մեկը»։