կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-02 10:49
Աշխարհ

Զախարովան անդրադարձել է Արցախի բռնազավթված հատվածում հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը

Զախարովան անդրադարձել է Արցախի բռնազավթված հատվածում հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը

Մոսկվան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների մշակութային ու կրոնական վայրերի նկատմամբ հարգանք ցուցաբերելու օգտին: Սա է մեր սկզբունքային դիրքորոշումը: Այս մասին ապրիլի 1-ին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան:

Բուլղարացի լրագրողի հարցին՝ ռուսական կողմը կարո՞ղ է կրկին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վրա, մասնավորապես՝ վերջին գործողությունների ֆոնին՝  Շուշիում և Մեխակավանում երկու հայկական եկեղեցիների նկատմամբ վանդալիզմի վերաբերյալ, կա՞ այդպիսի գործողություններն արդարադատության ենթարկելու մեխանիզմ, Զախարովան պատասխանել է. «Մեր սկզբունքային դիրքորոշումն այսպիսին է՝ մենք կողմ ենք Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում մշակութային ու հոգևոր նշանակություն ունեցող օբյեկտներին զգուշորեն վերաբերվելուն: Մենք վերահաստատում ենք տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության շուտափույթ կազմակերպման կարևորությունը և յուրաքանչյուր առանձին դեպքում կապ ենք պահպանում նաև կողմերի հետ»: