կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-28 17:21
Հասարակություն

Ուկրաինական բանակը կդադարի գոյություն ունենալ առաջիկա 2֊3 շաբաթվա ընթացքում. դիտարկում

Ուկրաինական բանակը կդադարի գոյություն ունենալ  առաջիկա 2֊3 շաբաթվա ընթացքում. դիտարկում
Կարծում եմ, արդեն կարելի է նախնական եզրակացություններ ու որոշ կանխատեսումներ անել ուկրաինական պատերազմի և դրա գլոբալ հետևանքների մասին։
 
1. Առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում ուկրաինական բանակը որպես այդպիսին դադարելու է գոյություն ունենալուց։ Ուկրաինական խոշոր զորամիավորումներն ու զորամասերը վերցվելու են օղակների մեջ և մասամբ ոչնչացվելու, մասամբ գերի վերցվելու։ Ուկրաինական հրթիռա-հրետանային և հակաօդային պաշտպանության զորքերն ու ավիացիան վերացվելու են, ինչպես արդեն իսկ վերացվել է ուկրաինական նավատորմը։ Արևմտյան որոշ վերլուծաբանների ու բարձրաստիճան պաշտոնյաների (օրինակ, Լատվիայի պաշտպանության նախարարի) այն տեսակետը, թե Ռուսաստանը պարտվում է, զավեշտական են։ Ռուսաստանը դեռ նույնիսկ չի էլ սկսել իսկական պատերազմը։
 
2. Ուկրաինայում պարտիզանական-խափանարար (դիվերսիոն)-ահաբեկչական գործողությունները ռուսական բանակի և իշխանությունների դեմ շարունակվելու են դեռ բավական երկար ժամանակ, ընդհուպ մի քանի տարի։
 
3. Արևմտյան տնտեսական և այլ կարգի պատժամիջոցները որևէ կերպ չեն կարողանալու կասեցնել Ռուսաստանի որոշումը՝ կտրուկ բարելավել և ամրապնդել իր աշխարհառազմավարական դիրքերը։ Ռուսաստանը Իրան չէ, ոչ էլ Հյուսիսային Կորեա է, որոնց դեմ անգամ արևմտյան համընդհանուր տնտեսական պատժամիջոցները չաշխատեցին։
 
4. Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը շարունակվելու է առնվազն մի քանի տարի, եթե ոչ մի քանի տասնամյակ։
 
5. Չինաստանն առաջիկա 1-2 տարում փորձելու է ռազմական ուժով լուծել Թայվանի վերամիավորման հիմնախնդիրը։
 
6. Աշխարհում ամերիկյան գերիշխանության դեմ աստիճանաբար ձևավորվելու է միջազգային լայն կոալիցիա, որի կորիզը կազմելու են Ռուսաստանն ու Չինաստանը։ Նրանց շուրջը համախմբվելու են մի շարք մեծ և փոքր պետություններ, այդ թվում՝ Իրանը, Սիրիան, Բրազիլիան, Կուբան, Վենեսուելան, Նիկարագուան, Հյուսիսային Կորեան, Մոնղոլիան, Մյանման (Բիրմա), իսկ նախկին խորհրդային հանրապետություններից՝ Բելառուսը, Հայաստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը։
 
7. Հնդկաստանը և մի շարք այլ ասիական ու աֆրիկյան պետություններ բռնելու են չեզոք դիրքորոշում երկու հիմնական հակամարտող ճամբարների միջև։
 
8. Թուրքիան միանալու է Արևմուտքին և ընտրելու է հակառուսական ուղեգիծ։
 
9. Ադրբեջանը հայտնվելու է երկու քարի՝ Ռուսաստանի և Արևմուտքի (ներառյալ Թուրքիան) արանքում ու փորձելու է ամեն կերպ մանևրել, բայց այդ տատանումները երկար տևել չեն կարող։
 
10. Հայաստանն արդեն իսկ Ռուսաստանի գլխավորած ճամբարում է և համաշխարհային այս թոհուբոհի մեջ ճամբարափոխության հնարավորություններ չունի, ինչպես և մինչև այժմ երբեք չի ունեցել։
 
11. Ուկրաինայի հայերը ճիշտ կանեն շտապ վերադառնան Հայաստան՝ անկախ որևէ հանգամանքից։
 
Այս ընթացքում Հայաստանի խնդիրը մնում է նույնը՝ ամրանալ բոլոր ուղղություններով, հատկապես ռազմական, տնտեսական ու ժողովրդագրական բնագավառներում։ Նիկոլական անմեղսունակների իշխանությունը հնարավորինս արագ պետք է փոխարինվի բանիմաց ու փորձառու հայրենասերների թիմով։
 
Արմեն Այվազյան
քաղաքագիտության դոկտոր