կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-20 11:14
Քաղաքական

Առաջիկա շաբաթվա ընթացքում քառյակը կձևակերպի հանրահավաքի հիմնական պահանջը

Առաջիկա շաբաթվա ընթացքում քառյակը կձևակերպի հանրահավաքի հիմնական պահանջը

Առաջիկայում չորս ոչ իշխանական ուժերը` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը», համատեղ հանրահավաք են անցկացնելու` համատեղ քաղաքական օրակարգի պահանջների իրագործման նպատակով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

 

Նրա խոսքով` եթե ՀԱԿ-ի հանրահավաքին 30-40 հազար մարդ է գալիս, ապա չորս ուժերը համատեղ, իրենց ռեսուրսները գործի դնելով, կարող են ավելի շատ զանգվածներ հրավիրել համատեղ հանրահավաքին:

 

«Իսկ թե ի՞նչ պահանջներ են լինելու այդ քաղաքական օրակարգում, ձևակերպելու ենք մեկ շաբաթվա ընթացքում: Եթե ՀԱԿ-ին մնա, ՀԱԿ-ը վաղուց ձևակերպել է այդ պահանջները` Սերժ Սարգսյանի հրաժարական, արտահերթ ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանությունների ձևավորում, եւ եթե կարողանանք մեկ օրակարգի շուրջ ձևավորել չորս ուժերի միասնություն և դրանով բազմապատկել ժողովրդի ընդգրկվածությունը քաղաքական գործընթացի մեջ»,- ասաց Լևոն Զուրաբյանը` հավելելով, որ դա կլինի առաջին փուլը ավելի մեծ նպատակի իրագործման ճանապարհին:

 

Հանրահավաքի անցկացման մասին էլ քառյակը մոտավոր խոսել է, սակայն Զուրաբյանը նշեց, որ չի ցանկանում այդ ժամկետները մոտավոր ասել, միանգամից կասի հանրահավաքի անցկացման օրն ու ժամը:

 

«Մենք հստակ որոշել ենք, որ հանրահավաքի միջոցով ժողովրդին մասնակից ենք դարձնելու քաղաքական օրակարգի իրականացմանը»,- ասաց Լևոն Զուրաբյանը: