կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-27 12:07
Հասարակություն

Ուղիղ 34 տարի առաջ` 1988 թ. փետրվարի 27-ին Սումգայիթում հայ բնակչության բնաջնջում սկսվեց

Ուղիղ 34 տարի առաջ` 1988 թ. փետրվարի 27-ին Սումգայիթում հայ բնակչության բնաջնջում սկսվեց

Ուղիղ 34 տարի առաջ` 1988 թ. փետրվարի 27-ին Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից հայ բնակչության բնաջնջում սկսվեց, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օրվա կոտորածների ընթացքում` տասնյակ վիրավորներ և 53 սպանված, ընդ որում սպանվածների մի մասը տանջամահ էր արվել, իսկ դիակներն այրել էին: 1988 թ. փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվեց քաղաքի հայ ազգաբնակչության սպանդը։ Հայ ազգի դեմ իրականացրած այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։ Եղեռնագործության նախօրեին Խորհրդային Ադրբեջանի կուսակցական գործիչ Ասադովը սպառնացել էր հայերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակով բազմահազար ադրբեջանցիների արշավ կազմակերպել դեպի ԼՂԻՄ։

Փետրվարի 26-ին՝ դեպքերից մեկ օր առաջ, Միխայիլ Գորբաչովը հայ մտավորականների հետ հանդիպման ժամանակ «մտավախություն» էր հայտնել Բաքվում ապրող ավելի քան 200.000 հայերի անվտանգության ապահովման շուրջ՝ այն ուղղակիորեն կապելով ԼՂԻՄ-ը Հայաստանի ԽՍՀ-ին վերամիավորվելու արցախահայության պահանջի հետ։

Ծրագրված զանգվածային ջարդերի արդյունքում 1988 թ. փետրվարի 27-29-ը Ադրբեջանի մայրաքաղաքին անմիջապես մոտ գտնվող Սումգայիթ քաղաքում տասնյակ հայեր սպանվեցին, հարյուրավորները խեղվեցին, տասնյակ հազարները արտաքսվեցին: Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների հանցավոր թողտվությամբ և իրավապահ մարմինների լիակատար անգործության պայմաններում բազմահազարանոց քաղաքը երեք օր շարունակ տրվեց զինված ջարդարարներին, որոնք անպատիժ և հատուկ դաժանությամբ սպանում էին ազգությամբ հայ քաղաքացիներին:

Սումգայիթյան սպանդը սկիզբ դրեց մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների մի ամբողջ շարքի, որոնք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում իրագործվում էին հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի պետական քաղաքականության շրջանակներում: Երեք օր շարունակվող սպանդի արդյունքները զարհուրելի էին, ջարդարարների գործողությունները՝ անօրինակ դաժան. ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով մի քանի տասնյակ, իսկ ոչ պաշտոնական՝ հազարից ավելի սպանվածներ, որոնց մեծ մասը խոշտանգումներից ու կտտանքներից հետո ողջակիզված, հազարավոր վիրավորներ, հարյուրավոր բռնաբարվածներ, այդ թվում՝ մեծ թվով անչափահասներ, 18.000 փախստական, մի քանի հարյուր ավերված ու թալանված բնակարաններ, տասնյակ կողոպտված կրպակներ, խանութներ, արհեստանոցներ և հասարակական նշանակության օբյեկտներ, մի քանի տասնյակ հրկիզված ու ջարդված ավտոմեքենաներ և այլն։

Փետրվարի 29-ին խորհրդային զորքեր են մտցվել Սումգայիթ, սակայն այդ օրը ևս շարունակվել են բռնարարքներն ու սպանությունները։ Բանակը զենք կիրառելու հրաման չի ստացել և չի օգնել հայերին։ Միայն երեկոյան դիմել է վճռական գործողությունների և կանխել հետագա ջարդերը։

Սումգայիթի ցեղասպանության փաստի քողարկման և միջազգային հանրության ապատեղեկացման պատճառով Ադրբեջանի իշխանությունները շարունակեցին հակահայկական ուժեղ քարոզչությունը, ինչը հանգեցրեց 1990թ. հունվարի Բաքվի կոտորածների, որոնց զոհ գնացին հարյուրավոր խաղաղ հայ բնակիչներ:

1988-1990թթ. ադրբեջանական իշխանությունների իրականացրած հայերի զանգվածային ջարդերի հետևանքով վտարանդի դարձավ Ադրբեջանի ողջ հայկական համայնքը` առնվազն կես միլիոն մարդ: Կոտորածները ոչ այլ ինչ էին, քան պատասխանը Արցախի հայ բնակչության խաղաղ ցույցերի, որոնցով պահանջվում էր իրականացնել ինքնորոշման սահմանադրական իրավունքը:

Ջարդարարներից պատասխանատվության է ենթարկվել միայն 94 մարդ, և նրանցից միայն մեկի նկատմամբ է մահապատժի դատավճիռ կայացվել։ Մնացածներին ներկայացվել են սպանությունների, բռնաբարությունների, ջարդերի և այլ մեղադրանքներ, ընդ որում, առանց բացառության, բոլոր դեպքերում հանցագործության հիմնավորումն անվանվել է «խուլիգանական դրդապատճառներ»։ Հատուկ դիտավորությամբ խորհրդային իշխանությունները բոլոր հանցագործությունները մեկ ընդհանուր գործի մեջ ներառելու փոխարեն, դրանք մասնատել են մի քանի մասերի՝ դատավարությունները կատարելով խորհրդային տարբեր քաղաքների դատարաններում։ Դատավարությունների ընթացքում տեղի են ունեցել դատական ընթացակարգի և տուժածների իրավունքների կոպիտ խախտումներ։ ԽՍՀՄ փլուզումից հետո ոճրագործների շատ գործեր կարճվել են և նրանց մեծ մասն ազատ է արձակվել։

Ոճրագործությունը պաշտոնապես չի դատապարտվել և զոհերի հարազատներին ցավակցություն չի հայտնվել։ Դրան համարժեք քաղաքական գնահատական չտալը հանգեցրել է զանգվածային ջարդերի բռնկմանը ԽՍՀՄ տարբեր քաղաքներում։ Սումգայիթի Հայոց ցեղասպանության զոհերի ճշգրիտ թիվը պարզված չէ։ Ադրբեջանի դատախազության տրամադրած տվյալների հիման վրա ԽՍՀՄ դատախազությունը հայտարարել է, որ «Սումգայիթում զոհվել է հայ ազգության 27 քաղաքացի»։ Սակայն ոչ պաշտոնական տվյալներով ցեղասպանության ենթարկվածների թիվը հասնում է հազարի, որոնց աճյունները մինչև օրս էլ հայտնաբերվում են Սումգայիթի արվարձաններում նոր շինարարություն կատարելիս։

Չնայած միջազգային հանրությունը դեռևս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանություն, բայց այն դատապարտել են Եվրոխորհրդարանը (1988 թ.), ԱՄՆ Սենատը (1989 թ.) և Արգենտինայի խորհրդարանը։ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները ևս Սումգայիթի ոճրագործությունը պաշտոնապես չեն ճանաչել ցեղասպանություն՝ բավարարվելով Ստեփանակերտում զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի և Մեծ եղեռնի զոհերի հուշարձանի մոտ փոքրիկ խաչքար տեղադրելով։