Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԱՀԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԱՀԿ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ
Հարգելի գործընկերներ,
Ավաղ, Ադրբեջանի պատվիրակությունը երբեք չի խուսափում միջազգային հարթակներում կեղծել պատմությունն ու տարածել ապատեղեկատվություն։
Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Հայաստանի և Արցախի Հանրապետության շուրջ ձևավորված նոր իրողությունների վրա։
Ես իսկապես հավատում եմ, որ ԵԱՀԿ-ի շահերի և պատասխանատվություններից է բխում՝ բարձրաձայնել և բացահայտել այն հանցագործությունները և միջազգային իրավունքի խախտումները, որ ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում իրականացվել են հայ ժողովրդի նկատմամբ։ Ցավոք, ԵԱՀԿ-ն և նրա անդամ երկրները գերադասեցին լռել, չդատապարտելով և չկանխելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիան։ Եվ այս ձախողումը նոր բռնություններ և ուժի գործադրման նոր հնարավորություններ ծնեց ։
Անվտանգությունը շարունակում է մնալ տարածաշրջանի ամենակենսական խնդիրը։
Շուրջ 10 ամիս ադրբեջանական զորքերը հատելով ՀՀ պետական սահմանը՝ շարունակում են օկուպացված պահում Հայաստանի տարածքները։
Եվ կրկին ԵԱՀԿ անդամ ոչ մի երկիր չդատապարտեց Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ այս ոտնձգությունները։
Մարդկային զոհերի կողքին ահռելի են նաև մշակութային կորուստները։ Ադրբեջանի՝ էթնիկ զտումների և մշակութային արժեքների ոչնչացման քաղաքականությունը սպառնալիք է Հայաստանի և Արցախի բնակչությանը։
Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ վանդալիզմի, ոչնչացման և գիտական զեղծարարության դեպքերը շարունակական են։
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հստակ պարտավորեցրել է Ադրբեջանին․ «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողություններն՝ ուղղված հայկական պատմամշակութային մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների դեմ»։
Բայց ադրբեջանական իշխանությունները կոպտորեն խախտելով անգամ միջազգային դատարանի որոշումը, ստեղծել են աշխատանքային խումբ, որը Արցախի Հանրապետության ներկայումս օկուպացված տարածքներում «հայկական հետքերը» վերացնելու նպատակ է հետապնդում։
Թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում մոտ 90 հազար հայեր են, տեղահանվել, այդ թվում Շուշիից և Հադրութի շրջանից և ժամանակավոր բնակություն հաստատել Հայաստանում։ Հազարավոր կանայք և երեխաներ ամեն օր բախվում են հումանիտար ճգնաժամի հետևանքներին։ Հայկառակ եռակողմ հրադադարի համաձայնագրին, նրանց անվտանգ վերադարձն իրենց բնակավայրեր չի իրականացվում, քանի որ այդ տարածքները ներկայումս գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։
Հարգելի գործընկերներ, Հայաստանում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը պահանջում է ավելի մեծ ներգրավվածություն։ Եթե մենք ազնիվ և նվիրված ենք մեր տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու մեր մտադրություններում, ապա պետք է հրատապ և արդյունավետ քայլեր ձեռնարկվեն։
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող լուծված համարվել ագրեսիայի և պատերազմի միջոցով. Հակամարտությունը սպասում է իր արդար լուծմանը, որը պետք է ներառի նաեւ Արցախի կարգավիճակի որոշումը։
Մենք կոչ ենք անում Մինսկի խմբի համանախագահներին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ԵԱՀԿ-ի կողմից ստացված մանդատի համաձայն, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը վերսկսելու համար։
25․02.2022թ․