կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-11 17:48
Քաղաքական

ԱԽՔ Արմեն Գրիգորյանը եւ իր շեֆը ստում են, մի քանի պատճառով․ Գեղամ Մանուկյան

ԱԽՔ Արմեն Գրիգորյանը եւ իր շեֆը ստում են, մի քանի պատճառով․ Գեղամ Մանուկյան

․«ԱԽ քարտուղարը նաև ընդգծել է, որ ըստ 1991 թվականի «Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին» համաձայնագրի՝ կողմերը ճանաչել են այդ սահմանը, վավերացրել Համաձայնագիրը իրենց խորհրդարաններում և դարձրել այն երկու երկրների օրենսդրության անբաժանելի մաս»: Սա ադրբեջանական պաշտոնական աղբյուրի տեղեկատվություն չէ։ Սա Ալիեւի հայտարարություն չէ։

Սա ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈւԹՅԱՆ խորհրդի քարտուղարի խոսքերն են, որ նրա գրասենյակը հպարտությամբ տարածում է։ Ասել է թե՝ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի սահմանները։ Այս նույն միտքն արդեն մի քանի անգամ հայտարարել է նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Վերջին քառօրյայում էլ նա նույն պնդեց, որը իմ լավ գործընկերուհի Քրիստինե Վարդանյանը մի քանի նախադասությամբ հիմնավորեց, որ անգրագիտություն է։

Անգրագիտություն կհամարեի այն թեզի շրջանառումը, թե 1991 թվականին ԱՊՀ կազմավորման պահին Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի սահմանները, եթե դրա հակափաստարկները պարբերաբար հնչեցվելուց հետո, Փաշինյանը կամ իշխանավորները շտկեին իրենց խոսքը։ Բայց ոչ, նրանք համառում են ու հետևողականորեն կրկնում են, որն էլ փաստում է՝ սրանք սպասարկում են ադրբեջանական շահերը, խոսում են ադրբեջանական թեզերով ու փաստարկներով։

ԱԽՔ Արմեն Գրիգորյանը եւ իր շեֆը ստում են, մի քանի պատճառով՝

  1. ԱՊՀ կազմավորման ժամանակ ոչ թե սահմաններ են ճանաչվել, այլ ԱՊՀ մասնակից երկրների տարածքային ամբողջականությունները։
  2. Տարածքային ամբողջականությունը սահմանների ճանաչում չէ։
  3. Ադրբեջանի դեպքում տարածքային ամբողջականությունը 1991 թվականի դեկտեմբերին (ԱՊՀ կազմավորման ժամանակ), Ադրբեջանն արդեն հռչակել էր իր անկախությունն ու հռչակվել 1918-1920 թվերի Ադրբեջանի իրավահավահաջորդ, որի կազմում Արցախը բացակայում էր։
  4. 1991 թվականի դեկտեմբերին արդեն Արցախի Հանրապետությունն իր անկախության մասին որոշում արդեն կայացրել էր, ու չէր դիտվում Ադրբեջանի Հանրապետության մաս։

Այս ամենը Նիկոլը շարունակում է չհասկանալ։ Չհասկանալու հետևանքներից մեկն է, որ Փաշինյանը 2019-ին Արցախի Հանրապետության հռչակման օրը՝ սեպտեմբերի 2-ին գրել էր խայտառակ սխալ ու վտանգավոր մի նախադասություն, թե այդ օրը «Արցախն իր անկախությունը հռչակել է Սովետական Ադրբեջանից»:

Չհասկանալով, որ Արցախի Հանրապետությունը ոչ թե անջատվել է Սովետական Ադրբեջանից, այլ այն ձեռք է բերել, իրավական տեսանկյունից, անխոցելի ճանապարհով, ճիշտ Ադրբեջանի ու խորհրդային մնացյալ հանրապետությունների ուղով` ԽՍՀՄ սահմանադրության և օրենսդրության պահանջների համապատասխան:

 

Գեղամ Մանուկյան

ՀՅԴ անդամ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր