կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-06 11:29
Հասարակություն

Փետրվարի 6-ից սկսվում է Բարեկենդան Առաջավորաց Պահոց շրջանը

Փետրվարի 6-ից սկսվում է Բարեկենդան Առաջավորաց Պահոց  շրջանը

Փետրվարի 6-ից սկսվում է Բարեկենդան Առաջավորաց Պահոց  շրջանը, որը հատուկ է միայն Հայ եկեղեցուն: Սկսվում է Մեծ պահքից երեք շաբաթ առաջ: Պահանջվում է խիստ պահեցողություն: Հնում այդ օրերին թուլատրվել է միայն աղ ու հաց ուտել: Առաջավորաց պահքի խորհուրդը հեթանոսական ապականությունից մարդկային հինգ զգայարանի սրբումն է: Հնում սովորույթ կար մկրտությունից առաջ հինգ օր ծոմ պահել:

Ս. Գրիգոր Լուսավորիչը նույնպես հրամայում է Տրդատ թագավորին և մյուսներին մկրտությունից առաջ հինգ օր ծոմ պահել, որի շնորհիվ էլ Տրդատը և ուրիշներ փրկվում են այսահարությունից: Այդ պատճառով էլ առաջավորաց պահքը կոչվում է նաև փրկության պահք:

Համաձայն Հայ եկեղեցու վարդապետների, առաջավորաց պահքը հաստատել է Ս. Գրիգոր Լուսավորիչն՝ ի հիշատակ վերոհիշյալ ծոմապահության: Այս պահքի առաջավորաց կոչվելու վերաբերյալ կա երկու մեկնություն. առաջին` իբրև կարապետ Մեծ պահքի, և երկրորդ` իբրև հայոց առաջին պահք: Առաջավորաց պահքը թյուրիմացաբար անվանվել է նաև Ս. Սարգսի պահք, քանի որ առաջավորաց պահքին հաջորդող շաբաթ օրը Հայ եկեղեցին տոնում է Ս. Սարգսի տոնը: Սակայն պահքը ոչ մի կապ չունի Ս. Սարգսի տոնի հետ։

Առաջավորաց պահքի 5-րդ օրը (ուրբաթ) հիշատակվում է Ս. Հովնանի՝ Նինվեյում քարոզչության ու այդ քաղաքի բնակչության ապաշխարության հիշատակը։

Առաջավորաց պահքի վերջին` ուրբաթ օրը Հովնան մարգարեի հիշատակի օրն է, և եկեղեցում ընթերցվում է նրա գիրքը, որտեղ նույնպես խոսվում է պահքի ու ապաշխարության մասին. «Թագավորի ու նրա մեծամեծների կողմից Նինվեում հայտարարվեց ու ազդարարվեց, թե մարդ և անասուն, հոտ և արջառ թող ոչինչ չուտեն, չճարակեն և ջուր չխմեն: Եվ մարդ ու անասուն քուրձ հագան, ի սրտե աղոթեցին Աստծուն, բոլորը հետ կանգնեցին իրենց չար ճանապարհներից և անօրենություններից, որ իրենց ձեռքով էր կատարվում…»: