|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Առաջավորաց պահքին նախորդող կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Առաջավորաց պահքի բարեկենդանը, որը պահքի սկիզբն է: Այս տարի Բարեկենդան Առաջավորաց Պահքը նշվում է փետրվարի 2-ին:
Հնում այդ օրերին թուլատրվել է միայն աղ ու հաց ուտել: Առաջավորաց պահքի խորհուրդը հեթանոսական ապականությունից մարդկային հինգ զգայարանների սրբումն է:
Հնում սովորույթ կար մկրտությունից առաջ հինգ օր ծոմ պահել: Ս. Գրիգոր Լուսավորիչը նույնպես հրամայում է Տրդատ թագավորին և մյուսներին մկրտությունից առաջ հինգ օր ծոմ պահել, որի շնորհիվ էլ Տրդատը և ուրիշներ փրկվում են այսահարությունից:
Այդ պատճառով էլ առաջավորաց պահքը կոչվում է նաև փրկության պահք:
Համաձայն Հայ եկեղեցու վարդապետների, առաջավորաց պահքը հաստատել է Ս. Գրիգոր Լուսավորիչն՝ ի հիշատակ վերոհիշյալ ծոմապահության:
Այս պահքի առաջավորաց կոչվելու վերաբերյալ կա երկու մեկնություն. առաջին` իբրև կարապետ Մեծ պահքի, և երկրորդ` իբրև հայոց առաջին պահք:
Առաջավորաց պահքը թյուրիմացաբար անվանվել է նաև Ս. Սարգսի պահք, քանի որ առաջավորաց պահքին հաջորդող շաբաթ օրը Հայ եկեղեցին տոնում է Ս. Սարգսի տոնը: Սակայն պահքը ոչ մի կապ չունի Ս. Սարգսի տոնի հետ։
Առաջավորաց պահքի 5-րդ օրը (ուրբաթ) հիշատակվում է Ս. Հովնանի՝ Նինվեյում քարոզչության ու այդ քաղաքի բնակչության ապաշխարության հիշատակը։