կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-04 13:20
Իրավական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ գործադիրից կախված դատավորը մի մահակ է, որն իջնելու է հասարակության անդամների գլխին․ Մհեր Հակոբյան

Ակնհայտ է, որ գործադիրը ճնշում է գործադրում դատական իշխանության վրա՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց իրավաբան Մհեր Հակոբյանը՝ խոսելով դատավոր Բորիս Բախշիյանին քրեական հետապնդման ենթարկելու, դատավոր Դանիել Դանիելյանի դեմ կարգապահական վարույթ նախաձեռնելու և վերջին շրջանում ակտիվացած այլ ճնշումների մասին։

Անկախ դատավորը պաշտպանում է քաղաքացուն, պաշտպանում է տնտեսվարող սուբյեկտին, ասաց նա, մինչդեռ գործադիրից կախված դատավորը մի մահակ է, որն իջնելու է հասարակության անդամների գլխին՝ լինի քաղաքացի, կազմակերպություն կամ այլ սուբյեկտ։

«Դանիել Դանիելյանի պարագայում «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցով գործը քննել է Վարչական դատարանի 5 դատավորներից կազմված կոլեգիան, բայց գործը լուծող դատական ակտը հրապարակել է ոչ թե նախագահող դատավորը՝ Դանիել Դանիելյանը, այլ կոլեգիայի կազմից մեկ այլ դատավոր։ Դեպքերի բերումով Դանիել Դանիելյանը հիվանդացել է կորոնավիրուսով և դատավարությանը մասնակցել է հեռավար կարգով․ եթե նա չլիներ կորոնայով հիվանդ՝ 99,9 տոկոսով հենց ինքն էլ կկարդար և որևէ խնդիր չէր լինի, բայց քանի որ նա մասնակցել է հեռավար կարգով, ամենայն հավանականությամբ որոշել են, որ հրապարակեն այն 4 հոգին, որոնք գտնվում են դատարանի դահլիճում։ Օրենսդրության մեջ գրված չէ, որ պետք է անպայման նախագահող դատավորը հրապարակի վճիռը։ Բացի այդ, եթե նախագահող դատավորը տանը՝ իր սենյակից կարդար, դա էլ կարող էր ուրիշ խնդիր առաջացնել․ կասեին, որ դատական ակտը հրապարակել եք դատարանի դահլիճից դուրս»,-ասաց Մհեր Հակոբյանը։

Այս որոշումը իրավաբանը համարում է եղած պայմաններում ամենաողջամիտը։ Նա պատահական չի համարում, որ գործն առնչվում է քաղաքական ուժի՝ ԼՀԿ-ին։

«Վերջին ամիսներին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ակնհայտորեն աշխատում է իշխանություններին թեկուզ անուղղակիորեն աջակցելու օգտին։ Ինձ համար սա ակնհայտ է։ Ակնհայտ է նաև, որ այս պահին մեր գործադիրը ճնշում է գործադրում դատական իշխանության վրա»,-ընդգծեց Մհեր Հակոբյանը։

Նա նշեց, որ իրենք՝ իրավաբանները, որ շատ սերտորեն ենք դատարանների հետ առնչվում, կարող են մի բան ասել․ դատավարական օրենսդրությունը շատ բան է կարգավորում, բայց շատ բաներ էլ կարգավորվում են դատավարական սովորութային ընդունված իրավունքի սահմաններում։ Այդ շրջանակում եթե նույնիսկ դատավորի գործողությունը լինի սխալ՝ դա դատավորին պատասխանատվության ենթարկելու հիմք չէ։

«Աշոտ Երկաթի կալանքը ազատությամբ փոխած դատավորի՝ Բորիս Բախշիյանի դեպքում առավել ևս՝ քրեական պատասխանատվության մասին է խոսքը մեկ այլ գործով որոշման համար։ Այստեղ կարևոր է այն, որ դատավորը մեծ ինքնավարությամբ օժտված սուբյեկտ է, նա մի սուբյեկտ է, որին պետությունը դնում է, տալիս է որոշակ գործողությունների կանոններ, տալիս է նյութական օրենսդրություն և ասում է՝ դու որոշիր։ Օրենսդրությունը չի կարող դատավորի գործողությունների բոլոր տարբերակները կանխատեսել։ Ավելին՝ դատավորը պետք է ունենա դատավարական անկախություն, որովհետև դեպքեր կան, որ անձի սուբյեկտիվ հատկանիշներով պայմանավորված՝ դատավորը կարող է այս կամ այն որոշումն ընդունել»,-ասաց Մհեր Հակոբյանը։

Մենք իրավունք չունենք դատավորին պատժել ընդունած որոշման համար, եթե դա ակնհայտ ապօրինություն չէ․ սա շատ կարևոր արձանագրում որակեց իրավաբանը։

«Ինչո՞ւ․ որովհետև հակառակ պարագայում  դատավորի անկախությունը, երբ նա տարբեր իրավիճակներում պետք է տարբեր որոշումներ ընդունի, դնում ենք կասկածի տակ»,-ասաց նա։

Մհեր Հակոբյանը փաստեց, որ մարդիկ ուղղակի չեն պատկերացնում «դատավոր» սուբյեկտի էությունը․ նա մի մարդ է, որին պետությունը հարգել և նշանակել է այդ պաշտոնին, նրան տվել է գործողության կանոններ և ասել՝ քո ներքին համոզմունքով տարաբնույթ իրավիճակներում, որոնք ես չեմ կարող կանխատեսել, դու ներքին համոզմունքով արդար որոշում կայացրու։

Նա նշեց, որ հասարակության շատ անդամներ դատավորներին ընկալում են որպես ապահովված խավ և նրանց պատիժը շատ անգամ որպես սրտհովանի են ընդունում, բայց դա հետևանք է ունենալու։

«Այո, դուք այդ օրը երեկոյան կարող եք լավ զգալ, որ ձեր սոցիալական հակոտնյային պետությունը պատժեց,  բայց հաջորդ իսկ պահին ձեր բոլոր դատավորները կլինեն գործադիրի կցորդները, իսկ գործադիրի կցորդ դատավորը դառնում է պետական չինովնիկ»,-ասաց Մհեր Հակոբյանը։

Դատական անկախ իշխանությունը ցանկացած պետության զարգացման կարևորագույն գրավականներից է՝ արձանագրեց իրավաբանը։ Եթե մենք նախանձով նայում ենք Արևմուտքի տնտեսական ձեռքբերումներին, պետական կառավարմանը և այլն, պետք է հասկանանք, որ անկախ դատական համակարգը պետականության կայացման կարևորագույն տարրերից է։

Աննա Բալյան