կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-20 13:45
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե մենք ցանկանանք Թուրքիայի հետ բարեկամանալ, դա չի դառնալու հայելի և նույն պատկերացումը չի իջնելու Էրդողանի դիմաց․ Խաչիկ Մուրադյան

Հայաստանին դեպի ծով ելք տրամադրող և ՀՀ տարածքը 160 հազար քառ․ կմ ճանաչող՝ Սևրի պայմանագրի մասին Հայաստանում խոսելիս մոտեցումները հակասական են՝ մի մասը շեշտում է, որ նման քննարկումները պարզապես իրատեսական չեն և ժխտական մթնոլորտ են ստեղծում, մյուս մասը կարծում է, որ Սևրի դաշնագրի և Վիլսոնյան քարտեզի հարցերը պետք է տևականորեն մնան օրակարգի վրա՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց պատմական գիտությունների դոկտոր (PhD), պրոֆեսոր, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հայկական բաժնի վարիչ, Կոլումբիայի համալսարանի Մերձավոր Արևելքի, Հարավային Ասիայի և Աֆրիկայի հետազոտությունների բաժնի դասախոս Խաչիկ Մուրադյանը, որը Երևանում մասնակցում է ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախաձեռնած՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված «Հայաստանը եվ տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովին։

Բնականաբար, այս երկու տեսակետները ներկայացնողներն էլ առանցքային հիմնավորումներ  ունեն, նկատեց նա, սակայն պետք է շեշտել, որ անկախ այն իրողությունից, թե մենք՝ հայերս, կամ այլ ժողովուրդներ, որոնց համար Սևրը որոշ կարևորություն է ներկայացնում, ինչ ենք մտածում այդ պայմանագրի և դրա հետ առնչվող պահանջատիրության հարցի մասին, հենց Թուրքիայի մեջ Սևրի դաշնագիրը դարձել է այնպիսի քաղաքական գործիք և՛ արտաքին, և՛ ներիքն քաղաքականության մեջ, որ Թուրքիայում շարունակվելու է այդ օրակարգը, Սևրի մասին խոսելու են յուրաքանչյուր առիթի՝ անկախ նրանից մենք այդ մասին կխոսե՞նք, թե՞ ոչ։

Թուրքիայի Հանրապետության ստեղծման 100 տարիների ընթացքում տարբեր քաղաքական ուժեր են եղել իշխանության, նշեց նա, սակայն մեկ բան մնացել է անփոփոխ՝ այն մոտեցումը, որ Սևրի Դաշնագիրը ճիգ է եղել քարուքանդ անել, բաժանել Թուրքիան, և այդ աշխատանքում դերակատար են եղել Արևմտյան պետությունները, ինչպես նաև Թուրքիայի ազգային փոքրամասնությունները՝ հայեր, հույներ, քրդեր և այլն։

Այս քաղաքական զենքը Թուրքիայում հաճախ ուղղում են նաև քաղաքական հակառակորդների դեմ։ Սակայն, Խաչիկ Մուրադյանը վստահ է, որ Հայաստանը չպետք է լուսանցք մղի այս կարգի պայմանագրերի քննարկումները, քանի որ մի օր դրանք կարող են արդիական դառնալ։

«Երբ հարցը վերաբերում է դաշնագրերին, համաձայնագրերին, հաճախ տվյալ պահի պատմաքաղաքական իրավիճակը, աշխարհաքաղաքական իրավիճակը շատ բան կարող է հուշել։ Նույնիսկ որոշ դաշնագրեր, որոնք հաճախ ընկալվում են որպես անցյալի մաս, կարողանում են հուշել պատկերացումներ նոր իրավիճակների մասին։ Այս իմաստով, արհեստական ձևով Սևրի շուրջ քննարկումը լուսանցքայնացնելը ընդհանրապես առողջ մոտեցում չէ։ Բնականաբար, առողջ մոտեցում չէ նաև Սևրի դաշնագրի՝ այս պահին իսկ գործածության, վերականգնումի մասին շեշտադրումները և հակառակ տեսակետը անտեսելը։ Բայց, դժբախտաբար, ես ավելի միտում եմ տեսնում այս դաշնագրերի շուրջ քննարկումները լուսանցքայնացնելու»,-ասաց Խաչիկ Մուրադյանը։

Նար նկատեց, որ երբ հետին թվով փորձում ենք արժևորել դաշնագրերը, պայմանագրերը, մեր քննադատության առանցքը հաճախ դառնում են մեր հարևանները՝  խոսում ենք ռուսների սխալների մասին, հարևան այլ երկրների՝ Իրանի և այլ տերությունների սխալների մասին, որոնք շատ թանկ արժեցան հայության կամ Հայաստանի համար, բայց հաճախ թերանում ենք ինքնաքննադատության աշխատանքի մեջ։

«Այս պայմանագրերի և դաշնագրերի շուրջ քննարկումը, հատկապես երբ ունի առողջ բաժին, որը կանդրադառնա մեր իսկ սխալներին, խիստ կարևոր է։ Որովհետև եթե պիտի ասենք՝ ոչինչ չէինք կարող անել, ես ընդհանրապես կողմնակից չեմ «ոչինչ չենք կարող անել» մոտեցումներին։ Իմ մոտեցումը հետևյալն է՝ ցանկացած ժողովուրդ, մեծ կամ փոքր, ինչ-որ դեր ունի, որն իրավիճակ է փոխում։ Եթե ոչինչ չենք կարող անել, ուրեմն բոլորս գնանք տուն և հանձնվենք մեր ճակատագրին։ Ցանկացած պատմական դեպքի ընթացքում, նույնիսկ հսկայական դժվարին պայմաններում մենք որոշումներ ենք ընդունել և քայլեր ենք արել կամ չենք արել։ Եվ արժե այդ մասին մտածել և խոսել»,-ասաց Խաչիկ Մուրադյանը։

Նրա գիտական աշխատություններից մեկն, օրինակ, վերաբերում է Հայոց ցեղասպանության ընթացքում տարբեր ձևերով Ցեղասպանության քաղաքականությանը դեմ դնելու գործունեությանը։ Սա մեր պատմության կարևոր մի բաժին է, նշեց նա, որը հաճախ մենք անտեսում ենք և փորձում ենք հայությունը ներկայացնել որպես խեղճ և ոչխարի պես դեպի բնաջնջում գնացող հավաքականությունը, և դա է սխալը, որովհետև այդ հավաքականությունը հսկայական դերակատարություն է ունեցել իր իսկ զավակները փրկելու գործունեության մեջ՝ ընդհատակյա ցանցեր կազմելով, հաճախ անզեն հակադարձելով այս քաղաքականությանը։

Թուրքիայի հետ բարեկամանալու Հայաստանի հայտարարությունները, նրա համոզմամբ, պարզունակ մոտեցումներ են, քանի դեռ ամրապնդված չեն Թուրքիայի կողմից կոնկրետ գործողություններով, ասենք, անցյալի իր ոճիրների ընդունումով և հատուցմամբ։

«Հաճախ պետք է նկատի առնել հետևյալ փաստը՝ երբ մենք խոսում ենք որոշ քայլերի մասին, որոնք միաժամանակ իրենց կողքին չունեն կամքը իրավիճակներ ստեղծելու, հաճախ ակնկալել, թե պարզապես մեր հայտարարությունների և խոսքերի ճանապարհով մեզ համար հնարավոր կլինի Թուրքիայի ամբողջ տարածաշրջանի քաղաքականությունը փոխել, և բարիդրացիության իրավիճակ ստեղծել Հայաստանի հետ, հավանաբար պարզունակ մոտեցում է։ Պետք է նկատի առնել այն փաստը, որ նույնիսկ երբ մենք խոսում ենք Թուրքիայի հետ հարաբերություններին բնականոն ընթացք տալու մասին, մեր այս քաղաքականությունը պետք է նաև առաջնորդվի իրատեսական այլ քայլերով, որոնք կերաշխավորեն այլ երևույթները, օրինակ, սահմանների պաշտպանության հարցը, ազգային անվտանգության հարցը»,-ասաց նա։

Եթե մենք ցանկանում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնացում, սա ուղղակիորեն չի դառնալու հայելի և նույն պատկերացումը չի իջնելու Էրդողանի և Թուրքիայի ղեկավարության դիմաց ինչպես հայտնություն՝ ասաց Խաչիկ Մուրադյանը։

«Իրենք պիտի առնեն այդ մեկը և շարունակեն իրենց քաղաքականությունը տարածաշրջանում։ Եվ կասկած չունենանք, որ մինչև այն ատեն, որ Թուրքիա պետությունը շարունակում է անցյալի իր ոճիրները ուրանալ, շարունակում է վայրագությամբ և բռնի ուժով հարցերը լուծել, դժվար է պատկերացնել, և չէի ուզենա, որ պատմությունը ևս մեկ անգամ մեզ այդ դասը տա՝ ընդամենը մեկ տարի է անցել մեր վերջին փորձից, Թուրքիան դարձյալ շարունակելու է այդ ճանապարհը, և այդ ճանապարհից դուրս գալու համար ամենակարևոր դրսևորումներից մեկը պետք է լինի Թուրքիային՝ իր անցյալի դիմագրավումը և հետևանքների ու անվտանգության հարցերի արծարծումը»,-նշեց պրոֆեսորը։

Սա, նրա խոսքով, չի նշանակում, որ չի կարելի խոսել և քննարկել նաև հարաբերությունների հաստատման հարցը, բայց նաև պարզունակ ձևով ակնկալիքներ բեռնելը այդ հարցի վրա կարող է մեզ համար շատ դառը և թանկ արժենալ։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․