Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2022-02-02 14:42
Աշխարհ

El País-ը հրապարակել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանները Ռուսաստանի պահանջած անվտանգության երաշխիքների վերաբերյալ

El País-ը հրապարակել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանները Ռուսաստանի պահանջած անվտանգության երաշխիքների վերաբերյալ

Իսպանական El País թերթը հրապարակել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանների ամբողջական տեքստը Ռուսաստանի դեկտեմբերյան՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ պահանջներին։ Խոսքը անգլերենով երկու փաստաթղթի մասին է՝ դաշինքի պատասխանը՝ չորս էջով, և Վաշինգտոնի պատասխանը՝ հինգ էջով։

ԱՄՆ-ի պատասխանում ասվում է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է քննարկել Ռուսաստանի հետ փոխադարձ պարտավորությունները՝ սահմանափակելու համար հարձակողական հրթիռային համակարգերի և ուժերի տեղակայումն Ուկրաինայում, ինչպես նաև երկխոսություն սկսել միջին և փոքր հեռահարության հրթիռների ոլորտում սպառազինությունների վերահսկման հարցերի շուրջ։ Բացի դրանից՝ Միացյալ Նահանգները պատրաստ է.

  • Ռուսաստանի հետ քննարկել վստահության միջոցները Եվրոպայում զորավարժություններ անցկացնելիս,

  • զերծ մնալ Արևելյան Եվրոպայում միջուկային զենք տեղակայելուց,

  • սկսել երկխոսություն սպառազինությունների վերահսկման շուրջ՝ Ղրիմից, Մերձդնեստրից, Հարավային Օսիայից և Աբխազիայից զորքերի և խաղաղապահների դուրս բերման դիմաց,

  • շարունակել աշխատանքը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում,

  • շարունակել քննարկել անվտանգության խնդիրները և դրանց մեկնաբանումը Ռուսաստանի կողմից,

  • տրամադրել ռուսական տեսչություններին մուտք Ռումինիայի հակահրթիռային պաշտպանության օբյեկտներ՝ ռուսական օբյեկտները ստուգելու դիմաց,

  • ապագա սպառազինությունների վերահսկման համաձայնագրերում ներառել միջուկային համակարգերի նոր տեսակներ,

  • դիտարկել լրացուցիչ միջոցներ Ռուսաստանի հետ ծովում և օդում միջադեպերը կանխելու համար։

«ԱՄՆ կառավարության դիրքորոշումն այն է, որ այս հարցերում առաջընթացի (զինաթափումը և երկկողմ վստահությունը) կարելի է հասնել միայն Ուկրաինայի դեմ ռուսական սպառնալիքների ապաէսկալացիայի համատեքստում»,- ասվում է ԱՄՆ պատասխանում (մեջբերումը՝ Huffingtonpost-ից):

Ամերիկացիները նաև նշել են, որ հենց Ռուսաստանն է խախտել երկու երկրների միջև համագործակցության հիմքում ընկած վստահությունը և «վիճարկել համաշխարհային և եվրատլանտյան անվտանգության ճարտարապետության հիմնարար սկզբունքները»։ Բացի դրանից՝ Վաշինգտոնը նախազգուշացրել է, որ Ռուսաստանի հետագա ռազմական հզորացումը կամ ագրեսիան Ուկրաինայի դեմ կհանգեցնի ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից նմանատիպ քայլերի:

ՆԱՏՕ-ն իր պատասխաններում նշել է, որ չի ցանկանում առճակատում Ռուսաստանի հետ, բայց իր համար սկզբունքային հարցերում զիջումների չի գնա։ «ՆԱՏՕ-ն առճակատման չի ձգտում, բայց մենք չենք կարող զիջել այն սկզբունքներից, որոնց վրա հիմնված է մեր դաշինքն ու անվտանգությունը Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, և չենք անի դա»,- ասվում է փաստաթղթում։