կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-24 15:21
Քաղաքական

Թուրքիայի հարցում «կարմիր գծերը» մեր՝ հայ մնալու երաշխիքն են. թուրքագետ

Թուրքիայի հարցում «կարմիր գծերը» մեր՝ հայ մնալու երաշխիքն են. թուրքագետ

Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը, ըստ էության, նպատակ ունի հնարավորինս թուլացնելու Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, ըստ որոնց՝ Թուրքիան չի ցանկանում Հայաստանի հետ հանդիպումներն անցկացնել որևէ երրորդ երկրում։  

«Ռուսաստանը  պաշտոնապես միջնորդ չի եղել. Հայաստանը դիմել է Ռուսաստանին միջնորդության համար։ Չեմ կարծում` Թուրքիան համաձայն կլիներ, որ Ռուսաստանը միջնորդ լիներ։ Դա ակնհայտ է, որովհետև հայ-թուրքական հարաբերությունների շուրջ  բանակցությունների այս ռաունդը, որը չորրորդն է, Թուրքիան ցանկանում է անցկացնել առանց միջնորդի»,- ասաց թուրքագետը։

Ակնհայտ է, որ թուրքական իշխանությունները  չեն առաջնորդվում խաղաղասիրական, մարդասիրական մղումներով։ Տարածաշրջանում թուրքական գործոնի հզորացմամբ պայմանավորված`  Թուրքիայի իշխանությունները հասել են նրան, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան սկսել են հաշվի նստել թուրքական գործոնի հետ։

Ինչի՞ կհանգեցնի Ռուսաստանի դուրս մղումը հայ-թուրքական   բանակցություններից, և Հայաստանը պատրա՞ստ է առանց որևէ միջնորդի առաջ տանել իր շահերը: Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի՝ այժմ չենք կարող ասել` ինչպես կվարվեն իշխանությունները։

«Գիտեմ, որ կան «կարմիր գծեր», որոնք անցնել ոչ մի դեպքում չի կարելի, քանի որ դրանք կապված են մեր ազգային ինքնության հետ։ Ինչպե՞ս կընթանան բանակցությունները՝ չեմ կարող ասել, բայց Հայոց ցեղասպանության  ճանաչման, դատապարտման քաղաքականությանը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, Կարսի պայմանագրին (որը մեր ժողովուրդը, հասարակությունն ընկալում է որպես անարդարացի պայմանագիր) առնչվող հարցերի ուղղությամբ զիջելը կնշանակի, որ մենք հրաժարվում  ենք մեր ինքնության ինչ-որ մի մասից։ Իսկ դա ինձ համար անընդունելի է»,- ասաց թուրքագետը։

Հայ-ադրբեջանական հարաբերություններում Արցախն էր  այն կարմիր գիծը, որը չպետք է հատվեր, բայց հատվեց։ Հայ-թուրքական հարաբերություններում կարմիր գիծը  Հայոց ցեղասպանությունը միջազգային ճանաչումը օրակարգից հանելն է։ Պատկերացնենք` իրադարձություններն այնպես են զարգանում, որ Հայաստանի իշխանությունները  Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով դադարում են Թուրքիային  պարտադրել Հայոց ցեղասպանության ճանաչումը և, ըստ էության, կատարում Թուրքիայի գլխավոր նախապայմանը։ Հարցին` նշված քայլն ինչպե՞ս  կընկալվի  Հայաստանում և  Սփյուռքում, Ռուբեն Սաֆրաստյանպատասխանեց՝ սա այն հարցն է, որ հայերիս ինքնության հետ է կապված։

«Ե՛վ Հայաստանում, և՛ Արցախում, և՛ Սփյուռքում  այս հարցը կապվում է իրենց ինքնության, իրենց՝ հայ լինելու, հայ համարվելու փաստի հետ։ Եթե Հայաստանը այդ հարցերում զիջումների գնա, ապա դա կնշանակի, որ մենք հրաժարվում ենք մեր ինքնությունից։ Դա անընդունելի է շատերի համար, բայց գուցե մարդիկ լինեն, որ դրա հետ համաձայնեն»,- նշեց թուրքագետը։

Քաղաքագիտական շրջանակների պնդմամբ՝ Հայաստանն իր օրակարգը չունի. Թուրքիան է ասում, թե ինչ է լինելու, Թուրքիայից ենք իմանում թե՛ բանագնացների նշանակման, թե՛ առաջին հանդիպման վայրի և թե՛ հետագայում սպասվելիք հանդիպումների մասին։ Որոշների պնդմամբ` իշխանությունները գնում են  բանակցությունների, որտեղ ամեն ինչ արդեն քիչ թե շատ որոշված է. իրենք այնտեղ ապահովում են ներկայություն կամ վավերացնում ինչ-որ փաստաթղթեր։ Ռ. Սաֆրաստյանի արձագանքն այդ ամենին հետևյալն է. «Ոչինչ դեռ որոշված չէ. բանակցությունները պայքար են, և մեր դիվանագիտությունը պետք է կարողանա այդ պայքարում չպարտվել, իսկ Թուրքիան ամեն ինչ կանի, որ ճնշում գործադրի»։

 

                                                                                                                                  Լենա Կարապետյան