կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-20 12:35
Քաղաքական

Կառավարությունն անընդհատ ասում էր՝ զոհվածի եղբայրներն ունեն ոտ ու ձեռք, թող գնան, աշխատեն. Թագուհի Թովմասյան

Կառավարությունն անընդհատ ասում էր՝ զոհվածի եղբայրներն ունեն ոտ ու ձեռք, թող գնան, աշխատեն. Թագուհի Թովմասյան

ԱԺ-ն քննարկում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքում  լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Վարման կարգով ելույթ ունեցավ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Ուզում եմ տեղեկացնել, որ այս նախագծի հետ կապված հետաքրքիր պատմություն կա։ Դեռևս պատերազմի օրերին Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ մեր հերոսներից մեկը` Հովհաննես Ասատրյանը, քաջություններ է արել, և նրա մայրիկին պետք է շնորհակալություն հայտնենք։

Իհարկե, հետո պարզվեց, որ Հովհաննես Ասատրյանը երկկողմանի ծնողազուրկ է և անհետ կորած։ Դրանից հետո ես այդ ընտանիքի կողքին եմ եղել։ Հետո հայտնաբերվեց նրա մոխրացած մարմինը, ու երկար ժամանակ կառավարության հետ, ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր ձևաչափով փորձում էինք նրա երկու եղբայրներին դարձնել շահառու։ Անընդհատ ստանում էինք պատասխան, որ եղբայրներն ունեն ոտ ու ձեռք, թող աշխատեն։ Ես շատ ուրախ եմ, որ կառավարությունը որոշումը փոխել է»,- ասաց պատգամավորը։

Թովմասյանը նշեց, որ այս նախագծով հնարավորություն է տրվում զինծառայողների հարազատներին օգտվելու հիմնադրամից, և ընդգծեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին։