Փոխարժեքներ
16 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Ռուբինյանը սուրհանդակի դեր է կատարում. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը` անդրադառնալով Ռուբեն Ռուբինյանի` «մենք ինչ ուզենք, այն էլ կբանակցենք» հայտարարությանը։
Ըստ քաղաքագետի` դա շատ տրամաբանական ձևակերպում է, քանի որ ոչ հեռու անցյալում ականատես եղանք Ռուբեն Ռուբինյանի ղեկավարի համանման ձևակերպումներին։
«Մեղավորն էլ եմ ես, պատասխանատուն էլ եմ ես, և ի՞նչ։ Մոտավորապես` ի՞նչ ուզեմ, այնպես էլ կանեմ, ինչպես ցանկանամ, այնպես էլ կբանակցեմ։ Այդպիսի մոտեցում հնչեցվել էր տարիներ առաջ, երբ խոսք էր գնում ղարաբաղյան բանակցային օրակարգի մասին, այն է՝ մենք մեր կետից ենք սկսում բանակցությունները»,- ասաց Ղևոնդյանը։
Նրա կարծիքով` Հայաստանում հեղափոխությունը դրսևորվեց Հայաստանի քաղաքական, իշխանական ավանդույթի վատագույն սովորույթների ներքո։
«Ով գալիս է իշխանության, դառնում է բացարձակ դերակատար և իր ուղեղի, իր հայրենասիրության, իր ունակությունների, պատկերացումների միջոցով է սկսում ազգային շահերը սպասարկել՝ անկախ նրանից՝ ինքն այդ ունակությունները ունի՞, թե՞ ոչ։ Մեզ մոտ խնդիրն այն է, որ ե՛ս եմ իշխանությունը, ինչ ուզեմ՝ կանեմ։ Սա արդյունավետ կառավարման հետ որևէ կապ չունի»,- նշեց քաղաքագետը։
Ինչո՞ւ է ժողովրդի անունից հանդես եկող իշխանությունը ժողովրդից ամեն կերպ փորձում թաքցնել այն օրակարգը, որով գնում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, ըստ քաղաքագետի՝ պատճառն ակնհայտ է՝ Հայաստանի գործող իշխանությունը Հայաստան պետության շահի հետ որևէ առնչություն չունի։
«Սա նոր երևույթ չէ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում. այս իշխանությունը Հայաստանի շահը չի սպասարկում։ Եթե նկատում եք՝ ԱԳՆ-ի չինովնիկների, տարբեր երեսփոխանների մակարդակով խոսում են առանց նախապայմանների հարաբերությունների մասին, բայց դա ծիծաղելի է. Հայաստանի գործող գործադիր իշխանության ղեկավարը, տարբեր սպասարկու անձինք ընդունել են Թուրքիայի կողմից առաջադրվող բոլոր նախապայմանները»,- ասաց Ալեն Ղևոնդյանը։
Նրա կարծիքով` ընդունվել է Հայաստանի զինանշանի փոփոխության հետ կապված նախապայման, բացառված չէ, որ ինչ-որ մի փուլում կընդունվի անկախության հռչակագրի հետ կապված նախապայման։
«Գործող իշխանությունները Հայաստանի գնով ուզում են Թուրքիայի հետ հարաբերվել։ Փաստն այն է, որ Վարդենիսում տեղի ունեցած սահմանային միջադեպի պատճառով ունեցանք զոհեր, իսկ Հայաստանի գործադիրի ղեկավարը կոչ էր անում ամուր նյարդեր ունենալ, բայց որևէ քննադատողական ձևակերպում իրեն թույլ չտվեց Ադրբեջանի հասցեին։ Այս գործընթացում կարևոր է թուրքական էլեմենտը, երբ Թուրքիան հրապարակայնորեն աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին, հայտարարեց, որ՝ ինչ արել եք, ճիշտ եք արել, մենք ձեզ աջակցում ենք։ Հայաստանի գործող վարչապետը, իր երեք զինվորի կյանքի գնով, ձայն չհանեց՝ վախենալով, որ Թուրքիան այս կամ այն կերպ կձախողի այս պրոցեսը»,- ասաց քաղաքագետը։
Ալեն Ղևոնդյանը նշեց՝ այս գործընթացում կա մեկ շատ կարևոր հանգամանք. գործող իշխանության թիմում օլիգարխիայի հիմնադիր հայրերից մեկն է, և ենթադրելի է, որ նա բավականին մեծ ֆինանսական ներդրումներ է արել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ամենամեծ շահագրգռվածությունն ունի հենց Խաչատուր Սուքիասյանը։ Հարց է առաջանում` Հայաստանի ԱԳՆ-ն ի՞նչ պարբերականությամբ է գնում խորհրդակցությունների Խաչատուր Սուքիասյանի մոտ»,- ասաց Ալեն Ղևոնդյանը։
Հարցին`որո՞նք են հայ-թուրքական հարաբերություններում, մի կողմից, հայ ժողովրդի, մյուս կողմից՝ այս իշխանության «կարմիր գծերը», և դրա հատման դեպքում հայ ժողովուրդն ի՞նչ լրջագույն խնդրի առջև կկանգնի, քաղաքագետը պատասխանեց, որ հայ ժողովուրդն արդեն կանգնել է շատ լուրջ գոյաբանական, պետականազրկման խնդիրների առջև։
«Հայ ժողովրդի ինչ-որ մի տոկոսին դա հետաքրքիր չէ։ Չկա «կարմիր գիծ», որը հնարավոր չէ հատել, և քանի դեռ մենք սպառողական հասարակություն ենք, քանի դեռ մեզանում նյութականն ունի դոմինանտ արժեք, քանի դեռ մենք այնպիսի հասարակություն ենք, որը չունի ներքին բարոյական զսպանակներ, երբ, արյունը չսառած, զինվորի գերեզմանի վրա դու հրավառություն ես կազմակերպում, ապա էլ չկա «կարմիր գիծ», որը քեզ, որպես հավաքականության, կզսպի»,- եզրափակեց Ալեն Ղևոնդյանը։
Լենա Կարապետյան