կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-10 17:56
Քաղաքական

Կառավարությունը միանձնյա է որոշել Ղազախստան հայ խաղաղապահներ ուղարկել, պետք հիմնավորի՝ ինչու․ «Հայաստան» դաշինքի պատգամավոր

Կառավարությունը միանձնյա է որոշել Ղազախստան հայ խաղաղապահներ ուղարկել, պետք հիմնավորի՝ ինչու․ «Հայաստան» դաշինքի պատգամավոր

Ի՞նչ ձևաչափով է հայկական զորամիավորումը ՀԱՊԿ կազմում մասնակցում Ղազախստանում զարգացող գործընթացներին, ի՞նչ է նշանակում «խաղաղապահ զորախումբ» ասվածը, ումի՞ց է բաղկացած, ի՞նչ իրավասություններով է այն Ղազախստանում, ինչպե՞ս է զորախումբն իրեն դրսևորում և զորախմբի կառավարումն իրականացվում․ այս և այլ հարցերի պատասխանները «Հայաստան»  խմբկացությունն ուզում է ստանալ ՀՀ կառավարությունից, քանի որ համարում է, որ կառավարության ինֆորմացիան այս հարցերում ավելին է, քան պատգամավորներինը՝ հայտնում է Yerkir.am-ը։

Այս պատճառով էլ ընդդիմադիր խմբակցությունը դիմել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին և ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին՝ առաջարկելով հրավիրել հանձնաժողովների համատեղ նիստ՝ ՀԱՊԿ շրջանակներում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ Ղազախստանի Հանրապետություն ուղարկելու հարցը քննարկելու համար։

«Հայաստան» խմբակցությանը նաև հետաքրքիր է, թե ի՞նչ նոր գործոններ կային, որ ՀԱՊԿ-ը շատ արագ արձագանքեց Ղազախստան զորախումբ ուղարկելու դիմումին, մինչդեռ Հայաստանի սահմաններին արտաքին ագրեսիայի պարագայում որևէ արձագանք չեղավ․ արդյո՞ք հայկական կողմը թերացել էր, թե՞ ինչ ձևաչափով էր դիմում ներկայացրել, որ Հայաստանի դեպքում, երբ խոսքը վերաբերում էր կոնկրետ ագրեսիային, գործնականում այդպես էլ խաղաղապահներ ուղարկելու կամ միջոցներ ձեռնակելու քայլեր չիրականացվեցին։

«Արդեն քննարկումներում կհստակեցվի նաև, թե արդյո՞ք Ղազախստանի ներքին գործերին է միջամտում մեր զորախումբը, թե՞ ոչ։ Տեղեկատվությունը պատգամավորների մոտ շատ ավելի սահմանափակ է, քան այն տեղեկատվությունը, որին տիրապետում է կառավարությունը, որի հիման վրա էլ այդ որոշումը կայացրել է։ Քննարկման նպատակներից մեկն էլ ստանալն է այն բոլոր հիմնավորումները, թե ինչի՞ հիման վրա է Ղազախստանի դեպքում համարվում ագրեսիա»,-Yerkir.am-ին ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, հարցով զեկուցող Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, որ այս պահին իրենց խմբակցությունը աշխատանքային քննարկում է անցկացնում, թե է՞լ ում կարելի է հրավիրել քննարկումներին, քանի որ մտադիր են լսումներն անցկացնել ոչ միայն զույգ հանձնաժողովների, այլև հասարակական լայն շրջանակների մասնակցությամբ։ Քննարկումները մտադիր են անցկացնել առաջիկա օրերին․ վաղն օրվա ընթացքում արդեն պարզ կլինի և՛ քննարկման ժամկետները, և՛ ձևաչափը։

Գեղամ Մանուկյանն ասաց՝ թեև զորախումբն արդեն Ղազախստանում է, բայց ընդդիմությունը իր վերահսկողական ֆունկցիան օգտագործելով ուզում է ստանալ վերոնշյալ հարցերի պատասխանները։ Նաև, նրա համոզմամբ, հանրությունն իրավունք ունի իմանալու, թե ինչ հիմնավորումներով են հայ զինվորականները Ղազախստանում։

«Որովհետև հարցը վերաբերում է և՛ անվտանգային, և՛ արտաքին քաղաքական խնդիրներին, դրա համար նպատակահարմար համարեցինք զույգ հանձնաժողովների մասնակցությամբ՝ և՛ արտաքին քաղաքական, և՛ անվտանգային հարցերի,  ամբողջական քննարկում ծավալել։ Ուղղակի հարցը այն բոլոր մտահոգություններն են, որ կան ԱԺ պատգամավորների՝ կոնկրետ «Հայաստան» խմբակցության մոտ, այդ հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալն է»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Նա վստահեցրեց, որ զորախումբն ուղարկելիս՝ ՀՀ կառավարությունը որևէ ձևով չի հարցրել ԱԺ պատգամավորների դիրքորոշումը, որոշումը կայացրել է միանձնյա, քանի որ ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները դա թույլ են տալիս։ Ամեն երկիր զորախումբ ուղարկելու որոշումն ընդունում է իր ներքին օրենսդրական կարգավորումներով, ոչ թե ՀԱՊԿ կանոնադրությամբ, այս պատճառով էլ մի երկիր կարող է իր Խորհրդարանի հավանությունն ստանալուց հետո ուղարկել զորախումբը, մեկ այլ երկիր՝ առանց դրա։ Հայաստանի դեպքում այս որոշումը կայացնելու իրավասությունը կառավարությանն է և ԱԺ-ն չէր կարող արգելք հանդիսանալ։

«Հայաստան» դաշինքի դիրքորոշումն այս հարցի առնչությամբ այն է, որ, հաշվի առնելով ՀԱՊԿ-ի դերակատարությունը, Հայաստանը չպետք է խոչընդոտեր խաղաղապահներ ուղարկելուն, բայց կային բոլոր հիմքերը, որպեսզի հայկական զորախումբը չմեկներ։

«Կոնկերտ հաշվի առնելով Ղազախստանի կեցվածքը 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո, այն արտահայտությունները, որ հնչել են Ղազախստանի ղեկավարության կողմից, այդ բոլոր հիմնավորումներով հայկական կողմը կարող էր զորախումբ չուղարկել և չպետք է ուղարկեր, բայց՝ չխոչընդոտելով ՀԱՊԿ համատեղ խաղաղապահ առաքելությանը։ Այսինքն Փաշինյանը, որպես նախագահող, պետք է միայն կազմակերպեր, որ մյուսներն ուղարկեին, իսկ հայկական զորախումբ չուղարկվեր»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Աննա Բալյան