Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարդենիս համայնքի ղեկավարը արդեն կա՝ Ահարոն Խաչատրյանն է, մնում է ընդամենը, որ նա երդմնակալության մասնակցի՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության անդամ Դավիթ Շահնազարյանը։
Վարդենիսի ընտրված համայնքապետ Ահարոն Խաչատրյանի երդմնակալությունը նախատեսված է վաղը՝ հունվարի 4-ին, ժամը 11։00-ին։ Երդմնակալության արարողության համար էլ նախ՝ պետք է ավագանու առնվազն 14 անդամ ներկա լինի, որպեսզի քվորումն ապահովվի։ «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» դաշինքներն այդ քվորումն ապահովում են։ Արարողակարգային նիստի ժամանակ տեղի ունեցող երդմնակալությունից հետո պետք է այդ տեքստը համայնքապետը ստորագրի և հանձնի համայնքապետարանի աշխատակազմ որպես փաստաթուղթ, որը պարտադիր պետք է մնա համայքնապետարանում։
Ամբողջ ինտրիգն այն է, որ Վարդենիսի ավագանու ՔՊ-ական անդամները, որոնք փոքրամասնություն են՝ 13 հոգի, չէին մասնակցել ավագանու առաջին նիստին, հետևաբար նաև Ահարոն Խարատրյանի ընտրությանը, և կան տեղեկություններ, որ այսօր՝ հունվարի 3-ին, մտադիր են սեփական նիստն անել և առանձին ընտրել համայնքապետ։
Այս սցենարը, սակայն, Դավիթ Շահնազարյանի համոզմամբ, դատապարտված է ձախողման, քանի որ 13 հոգով անհնար է քվեում ապահովել, հետևաբար նաև , եթե անգամ նիստ անեն, դա իրավազոր չի լինելու։ Այսինքն, լեգիտիմ չի լինելու նաև նրանց ընտրած հնարավոր նոր համայնքապետը։
«Արդեն իսկ ընտրությունը եղել է և ֆորմալ առումով որևէ բան նրանց հնարավոր նիստը չի կարող փոխել։ Նախ՝ 13 հոգով չեն կարող քվորում ապահովել, երկրորդը՝ եթե քվորում չկա որևէ աշխատանք իրավազոր չէ, որևէ ընտրություն իրավազոր չէ։ Բացի այդ էլ համայնքի ղեկավարը կա, մնում է ընդամենը, որ նա երդում տա»,-ասաց Շահնազարյանը։
Հնարավոր շահարկումներից խուսափելու համար դեկտեմբերի 30-ին, երբ Ահարոն խաչատրյանն ընտրվեց համայնքապետ, ավագանու անդամները ստորագրեցին նիստի արձանագրությունն ու քվեարկած քվերաթերթիկների պատճեների հետ դա փոստով ուղարկեցին Վարդենիսի համայնքապետարան, իսկ բնօրինակներն ի պահ տվեցին ավագանու անդամներից մեկին։ Որպեսզի ուղարկելու փաստը կասկածի տակ չդրվի՝ ուղարկել են հետադարձի կտրոնով, այսինքն, երբ ծրարը հասնի համայնքապետարան, ստացողը պետք է ստորագրի կտրոն, որ ստացել է։ Այս կտրոնը դեռ չկա, բայց ավագանու ընդդիմադիր անդամները համոզված են, որ անգամ այդ կտրոնի բացակայությունը որևէ բան չի կարող փոխել ընտրությունների արդյունքի վավերականության հարցում, քանի որ անկախ կտրոնի գոյությունից Ահարոն Խաչատրյանն արդեն ընտրվել է համայնքապետ։
«Կտրոնը ընդամենը ֆորմալ բնույթն է ապահովում, որ մենք մեր բոլոր պարտականությունները կատարում ենք․ մենք ուղարկում ենք դա, ոորվհետև պետք է համայնքապետարանում լինի համապատասխան փաստաթուղթ, բայց եթե անգամ աշխատակազմը հրաժարվի ընդունել այդ փաստաթուղթը, դա որևէ բան չի փոխելու։ Օրենքը պահանջում է ավագանու նիստն անցկացնել, օրենքը պահանջում է քվորում ապահովել, օրենքի այս բոլոր պահանջները մենք կատարել ենք, եթե որևէ աշխատակից թերանում է կատարել օրենքով սահմանված իր պարտականությունները, դա արդեն մեր մեղքը չէ»,-ասաց Դավիթ Շահնազարյանը։
Բանն այն է, որ դեկտեմբերի 30-ին Ահարոն Խաչատրյանի՝ համայնքապետ ընտրվելուց հետո, այդ նիստի արձանագրությունն ու քվեարկած քվեաթերթիկները համայքնապետարանի աշխատակազմի աշխատակիցը հրաժարվեց ընդունել․ այսինքն, նախ՝ գրեց ու ստորագրեց, որ այդ փաստաթղթերը ստացել է, ապա, հեռախոսազանգ ստանալուց հետո, իր գրածը պատռեց ու հեռացավ առանց վերցնելու փաստաթղթերը։ Այս ամենին հաջորդեց ավագանու անդամների հատուկ հայտարարությունն ու փաստաթղթերը փոստով ուղարկելու գործընթացը։
Ըստ օրենքի՝ աշխատակազմը պարտավոր էր վերցնել քվեարկած քվեաթերթիկներն ու նիստի արձանագրությունը, բայց եթե անգամ չի վերցրել, դա ընդամենը ընթացակարգային խնդիր է և որևէ կերպ չի պայմանավորում ընտրությունների արդյունքի լեգիտիմությունը՝ վստահեցրեց Դավիթ Շահնազարյանը։
Նշված փաստաթղթերը կարող էր վերցնել նաև համայնքապետարանի գլխավոր քարտուղար Ռաֆիկ Զարոյանը, բայց նրա հանդեպ ևս ճնշումներ կիրառվեցին ավագանու իշխող՝ ՔՊ-ական, անդամների կողմից․ նախ՝ նիստի կեսից, երբ նա արձանագրում էր տեղի ունեցածը, ՔՊ-ականները սպառնացին ջարդել նրա գլուխը, ապա առևանգեցին, ըստ տեղեկությունների՝ փակեցին զուգարանում, որպեսզի չշարունակի արձանագրել նիստը, հետո էլ մեկուսացրին գործող համայնքապետի ԺՊ-ի կաբինետում և նա այդպես էլ չմասնակցեց նիստի հետագա աշխատանքին։ Նիստի մասնակիցները նրա փոխարեն ընտրեցին մեկ այլ անձի՝ ավագանու անդամի, որը շարունակեց արձանագրել նիստը։ Այս վերջինն էլ արձանագրելուց հետո նաև ստորագրեց նիստի արձանագրությունը, որի տակ ստորագրություններ դրեցին նաև ավագանու՝ նիստին մասնակցած մյուս անդամները։ Այսինքն, Ռաֆիկ Զարոյանի բացակայությունը, Դավիթ Շահնազարյանի համոզմամբ, որևէ կերպ չի ազդել նիստի աշխատանքների վրա։
«Իհարկե վավեր է համարվում, որովհետև արձանագրելը ընդամենը ֆունկցիոնալ պարտականություն է՝ որևէ մեկը պետք է թղթին հանձնի այն, ինչ տեղ էր ունեցել։ Այդ ամենը ոչ թե պետք է ի պահ տայինք ավագանու անդամներից որևէ մեկին, մինչև ընդունեն, այլ պետք է մնար իրենց մոտ։ Ի վերջո, ավագանու ցանկացած արձանագրություն գտնվում է ավագանու աշխատակազմում և ենթակա է 7-օրյա ժամկետում ուղարկվելու մարզպետարան, որտեղ կայքում տեղադրվում է ավագանու բոլոր որոշումների հետ»,-ասաց Դավիթ Շահնազարյանը։
Մի խնդիր էլ կա․ օրենքը պահանջում է, որ ավագանու բոլոր նիստերը ուղիղ հեռարձակվեն համայնքապետարանի սեփական կայքով, բայց Դավիթ Շահնազարյանն ասում է՝ մինչև այս պահը Վադենիսում չի տեսել, որ օրենքի այդ պահանջը կատարեն։ Ահարոն խաչատրյանի՝ համայնքապետ ընտրվելու նիստն էլ համայնքապետարանը ուղիղ չէր հեռարձակում։ Ավագանու անդամի համոզմամբ պատճառն այն էր, որ հնարավոր լինի հետագայում շահարկել արդյունքները։ Բայց բազմաթիվ լրատվամիջոցներ էին ներկա, որոնք ուղիղ հեռարձակեցին նիստը, հետևաբար, Ահարոն խաչատրյանի ընտրությունը իբև Վարդենիսի համայնքապետ նաև այս կերպ է լեգիտիմացվել և կասկածի տակ դրվել չի կարող։
Աննա Բալյան