կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-13 18:06
Հասարակություն

Ահարոն Խաչատրյանն անցել է համայնքապետի լիազորությունների իրականացմանը․ փաստաբան

Մենք չգիտենք՝ Վարդենիսի համայնքապետարանի կնիքն Ահարոն Խաչատրյանի՝ լիազորությունները ստանձնելուց հետո օգտագործվե՞լ է, թե՞ ոչ: Եթե օգտագործվել է, ապա ո՞ւմ կողմից, ի՞նչ փաստաթղթեր են կնքվել: Ամեն բան պարզելու ենք, այդ մարդիկ չեն հասկանում, թե ինչ բան են պաշտոնեական լիազորությունները, պաշտոնական փաստաթղթերը, մարդկանց իրավունքները: Նրանց իրավագիտակցությունը սահմանափակվում է «կաբինետի» բանալիների մակարդակով․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու «Ահարոն Խաչատրյան» դաշինքի շահերը ներկայացնող փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Այս մարդկանց գործողությունները ոչ թե Ահարոն Խաչատրյանին են վնասում, որը, ըստ էության ծառայութուններ մատուցող է, այլ Վարդենիսի ազգաբնակչությանը: Վարդենիս քաղաքն ու նրա կազմի մեջ մտնող 35 բնակավայր հայտնվել են քաոսային իրավիճակում, եւ սրա պատասխանատուներն այն մարդիկ են, որոնք մանկապատանեկան հիմնավորումներով խոչընդոտներ են ստեղծում, որ Ահարոն Խաչատրյանը չմտնի իր աշխատասենյակ»,- ասաց նա։

Մենք արդեն հայտնել էինք,  որ անհետացել են Վարդենիսի համայնքապետի աշխատասենյակի բանալին եւ կնիքը։ Վարազդատ Հարությունյանը շեշտում է՝ Վարդենիսի նախկին համայնքապետ Արամ Մելքոնյանը Ահարոն Խարատրյանի համայնքապետ ընտրվելուց հետո համայնքապետարանին պատկանող որեւէ իր, առարկա պահելու իրավունք չուներ:

«Դրանք պետք է հանձնվեին աշխատակազմի քարտուղարին, որպեսզի նա, համապատասխան հանձնման-ընդունման ակտով, ներկայացներ նորընտիր համայնքապետին: Այնպես չէ, որ Ահարոն Խաչատրյանը պիտի դռան մոտ սպասեր՝ իրեն բանալի բերեին: Նա անմիջապես անցավ համայնքապետի՝ իր լիազորությունների եւ կարգավիճակից բխող մնացած գործառույթների իրականացմանը, այցելեց սահմանամերձ բնակավայրեր, ծանոթացավ Վարդենիս խոշորացված համայնքի մեջ մտնող սահմանամերձ գյուղերի խնդիրներին, նաեւ խորհրդակցություններ էր ունեցել»,- ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ համայնքի ղեկավարի կողմից աշխատակազմի քարտուղարին հասցեագրված գրություն են մուտքագրել համայնքապետարան՝ պահանջով՝ ներկայացնել կնիքը, բանալիները եւ այլն:

«Աշխատակազմի քարտուղարը, բավականին զարմացած եւ վախեցած, չէր ուզում ստանալ գրությունը, հետո հասկացավ, որ գրություն ստանալու մեջ որեւէ սարսափելի բան չկա: Այսօր առավոտյան պատասխանի տեսքով իրավաբանական սխալ տեքստ ենք ստանում Զարոյանի կողմից, առ այն, որ Վարչական դատարանում հայցադիմում է ընդունված, որի ուժով կասեցվում են Ահարոն Խաչատրյանի լիազորությունները: Ես բացատրեցի, որ պետք չէ իրավական նորմերը կիսատ կարդալ»,- նշեց փաստաբանը:

Հարությունյանը ընդգծեց՝ կնիքի եւ բանալու չլինելու հանգամանքը չի խանգարելու Ահարոն Խաչատրյանին՝ իրականացնել իր լիազորությունները: «Այսօր արդեն ոստիկանություն կմուտքագրվի համապատասխան դիմում՝ խնդրանքով՝ հայտնաբերել կնիքը, բանալին եւ մնացած փաստաթղթերը։ Եթե պարզվի, որ դրանք անհետացել են՝ կհարուցվի քրեական գործ: Բոլոր նրանք, ովքեր խոչընդոտում են համայնքապետ Ահարոն Խաչատրյանի գործունեությանը, այդ մարդկանց գործողությունները գույքագրվելու են, եւ մենք հետեւողական ենք լինելու ու պահանջելու ենք քրեաիրավական գնահատական: Հետո պատասխան տալու ժամանակն է գալու, եւ իրավաբանական առումով անգրագետ լինելու, օրենքը սխալ հասկանալու, մեկնաբանելու պատճառաբանությունները չեն փրկելու այն պաշտոնատար անձանց, որոնք այս ամենի մեջ ունեն հատուկ դիտավորություն»,- ընդգծեց Հարությունյանը:

Լիանա Սարգսյան