կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-28 17:19
Քաղաքական

Նոր ընտրության ենք գնում, կրկին ընտրելու ենք Ահարոն Խաչատրյանին․ Վարդենիսի ավագանու անդամ

Նոր ընտրության ենք գնում, կրկին ընտրելու ենք Ահարոն Խաչատրյանին․ Վարդենիսի ավագանու անդամ

Վարդենիս խոշորացված համայնքում հետընտրական կրքերը չեն հանդարտվում։ Մարտի 5-ին ուժի մեջ կմտնի ՀՀ վարչական դատարանի՝ Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին որոշումը, որից հետո տեղի կունենա ավագանու նոր նիստ՝ համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով։ Հայցվոր ՔՊ-ն պահանջում էր անվավեր ճանաչել Վարդենիս համայնքի ավագանու առաջին նիստի թիվ 1 որոշումը, Վարչական դատարանն էլ,  նախագահությամբ դատավոր Մերի Համբարձումյանի, մասնակի բավարարեց ՔՊ-ական ավագանիների հայցը։

Վարդենիսի ընդդիմադիր «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս կուսակցությունների դաշինքից ավագանիները Վարչական դատարանի որոշումը Վերաքննիչում չեն բողոքարկել ժամանակ չկորցնելու համար, թեեւ, ինչպես «Միասնական Վարդենիս» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանն է նշում, ընդդիմադիր ավագանիները վստահ են՝  Վարչական դատարանի վճիռը ոչ իրավաչափ է, ուստի Վերաքննիչ բողոքարկելու դեպքում արդարացի լուծում կստանային։

«Մենք չբողոքարկեցինք, քանի որ չենք կարող թույլ տալ, որ այդ պրոցեսն անվերջ երկարի: Սահմանին հնարավոր լարվածություն կարող է առաջանալ, համայնքի չձեւավորված խառնաշփոթ վիճակը, կառավարում չունենալը եւ բազմաթիվ այլ հարցեր կարող են կուտակվել: Մեր խնդիրն է՝ որքան հնարավոր է շուտափույթ լուծում տալ այս հարցերին:  Ոչ ճիշտ վճիռն անգամ ընդունում ենք, միայն թե շուտափույթ անցկացնենք ավագանու նիստ եւ նորից ընտրենք համայնքի ղեկավար, տվյալ դեպքում՝ Ահարոն Խաչատրյանին, որպեսզի շատ արագ կարողանանք պրոցեսները վերականգնել»,- Yerkir.am-ի հետ զրույցում ընդգծեց Դավիթ Շահնազարյանը:

Վարդենիսի ավագանու նիստն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մարտի 7-ին՝ դատարանի որոշումը ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը։ Դավիթ Շահնազարյանը վստահեցնում է՝ ընդդիմադիր դաշինքները միաձայն ընտրելու են Ահարոն Խաչատրյանին: Շեշտում է՝ համայնքի ղեկավարի ընտրության առնչությամբ տեղի ունեցող այս երերուն վիճակը շատ լուրջ հետեւանքներ է թողել համայնքի բնականոն կյանքի վրա: Շահնազարյանը մի խոսքով բնութագրում է՝ աննորմալ իրավիճակ է:

«Կենտրոնացված ղեկավարում չկա, նախկին օրենքներով են համայնքները աշխատում։  Համայնքը բյուջե, հաստիքացուցակ չունի, որեւէ կառույցի մոտ կանոնադրական փոփոխություններից սկսած մինչեւ կառուցվածքային փոփոխություններ տեղի չեն ունենում»,- մատնանշեց «Միասնական Վարդենիս» խմբակցության ավագանու անդամը։

Հիշեցնենք, որ ընդդիմադիրների միասնական թեկնածու Ահարոն Խաչատրյանը Վարդենիսի համայնքապետ է ընտրվել դեկտեմբերի 30-ին «Միասնական Վարդենիս» եւ «Ահարոն Խաչատրյան» դաշինքների կողմից՝ 14 քվեով։

Ավագանու ՔՊ-ական անդամները չեն մասնակցել քվեարկությանը, իսկ ավել ուշ հանդես են եկել առաջարկով՝ չեղարկել ընտրությունների արդյունքներն ու նոր ընտրություններ անցկացնել, ապա՝ դիմել վարչական դատարան՝ չեղարկելու դեկտեմբերի 30-ին կայացած՝ համայնքապետի ընտրությունների արդյունքները։

Լիանա Սարգսյան

 Տես նաեւ՝ 

Ոստիկանությունը «սիրային» նամակներ է գրում Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդենիսի ավագանու ՔՊ անդամներին թվում է՝ դատական գործը հաղթելու են և իմաստ չկա կնիքն ու բանալիները տալու․ փաստաբան

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մերի Համբարձումյանը չպետք է քննի այս վարչական գործը․ Վարդենիսի ընդդիմադիր ավագանու փաստաբան

Անհետացել են Վարդենիսի համայնքապետի աշխատասենյակի բանալին եւ կնիքը