կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-21 21:57
Հասարակություն

Կաթողիկոսը և Վալերի Պեկրեսը անդրադարձել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական հոգևոր ժառանգության պահպանության խնդրին

Կաթողիկոսը և Վալերի Պեկրեսը անդրադարձել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական հոգևոր ժառանգության պահպանության խնդրին
Դեկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար տիկին Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը։
 
Վեհափառ Հայրապետը ողջունելով հյուրերին՝ անդրադարձավ հայ-ֆրանսիական բարեկամական ամուր հարաբերություններին՝ գոհունակությամբ արձանագրելով, որ Հայոց ցեղասպանությունից հետո Ֆրանսիայում ապաստանած հայորդիների նկատմամբ Ֆրանսիայի իշխանությունները մշտապես ցուցաբերել են հոգածու վերաբերմունք։ Այս առիթով Նորին Սրբությունն ընդգծեց նաև, որ ֆրանսահայությունը ևս իր մեծ նպաստն է բերում հայ-ֆրանսիական բարեկամական կապերի զորացման գործում։
 
Հայոց Հայրապետն, ի դեմս տիկին Վալերի Պեկրեսի, իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին և ժողովրդին Հայոց ցեղասպանության միջազգային ճաանաչման և Արցախի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի, ինչպես նաև՝ 44–օրյա պատերազմի և հետպատերազմյան շրջանում Հայաստանին ցուցաբերած աջակցության համար՝ կարևոր նկատելով Ֆրանսիայի սենատի կողմից Արցախի անկախութան ճանանչման բանաձևի ընդունումը։
 
Տիկին Վալերի Պեկրեսը, ներկայացնելով պատվիրակության անդամներին, խոսեց հայ համայնքի հետ ունեցած փոխհարաբերությունների, կրթության և մշակույթի ոլորտում Հայաստանի հետ փոխգործակցության տեսլականների մասին՝ կարևորելով երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների առավել խորացումն ու ամրապնդումը։
 
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանության, պատերազմի ընթացքում վնասված հայկական եկեղեցիների վերականգնման խնդրին՝ կարևորելով միջազգային կառույցների միջնորդական ջանքերը։