կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-20 21:27
Քաղաքական

Փաշինյանն ընդամենը հաստատում է այլ վայրերում կայացված որոշումները. քաղաքագետ

Փաշինյանն ընդամենը հաստատում է այլ վայրերում կայացված որոշումները. քաղաքագետ

Հայ-թուրքական հարաբերությունների, իշխանության վարած քաղաքականության, ինչպես նաև հայկական շահի և օրակարգի մասին Yerkir.am-ը զրուցել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ։

-Երեք տասնամյակ բացառապես նախապայմանների լեզու բանեցրած Անկարան նոր նախապայման է առաջ քաշել Երևանի հետ դեռ չսկսված բանակցություններում։ Հայ-թուրքական հարաբերություններում ցանկացած քայլ պետք է լինի  միայն Բաքվի իմացությամբ և համաձայնությամբ։ Ինչպե՞ս հասկանալ այս ամենը, ինչո՞ւ հանկարծ Բաքուն հայտնվեց հայ-թուրքական բանակցային սեղանի շուրջ։

-Ադրբեջանը՝ որպես Թուրքիայի անդրկովկասյան քաղաքականության շարունակություն, որպես Թուրքիայի կենսական հետաքրքրության գոտի, մշտապես եղել է հայ-թուրքական հարաբերություններում։ Ավելին` մեզ իրավիճակն այնպես է ներկայացվել, որ, կարծես թե, գոյություն ունի հայ-ադրբեջանական հակամարտություն, հայ-ադրբեջանական խնդիր, և Թուրքիան դուրս էր դրանից։ Մինչդեռ իրականում Հայաստանի և հայ ժողովրդի մշտական խնդիրը եղել և շարունակում է մնալ Թուրքիան։ Ադրբեջանն ընդամենը Թուրքիայի կցորդն է։ Ըստ էության, Թուրքիան առաջ է տանում Ադրբեջանի շահը, և սա նշանակում է, որ Թուրքիան առաջին հերթին պաշտպանում է իր շահը, որը տարածաշրջանում թուրքական գործոնի ուժեղացումն է և ազդեցության գոտիների մեծացումը։ Այն, ինչ անում է Թուրքիան, իրականում ոչ թե Ադրբեջանի շահը պաշտպանելն է, այլ սեփական շահը առաջ տանելը։ Իսկ այն, ինչին այսօր ականատես ենք լինում, (խոսքը, այսպես կոչված, հայ-թուրքական երկխոսության մեկնարկի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին է),  խոսում է այն մասին, որ, ըստ էության,  Թուրքիան իր առջև դրված բոլոր խնդիրներն արդեն իսկ լուծել է և անցնում է տարածաշրջանային քաղաքականության երկրորդ փուլի իրագործմանը, այն է` կոմունիկացիաների բացում, էլ ավելի մեծ ներգրավում Հայաստանում ընթացող մի շարք գործընթացների մեջ` քաղաքական, տնտեսական, անվտանգային և այլն։

-Արդյո՞ք պատահական է, որ Ն. Փաշինյանը թե՛ Սոչիի հանդիպմանը, թե՛ Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովում, և թե՛ Բրյուսելյան հանդիպման ժամանակ որևէ խոսք չասաց Արցախի, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի  ճանաչման և այլնի մասին: Ընդհակառակը՝ Փաշինյանն, առիթը բաց չթողնելով, խոսեց այն մասին, թե ինչպես ավերիչ պատերազմից հետո Հայաստանը նորից մերժեց ավտորիտար նախկիններին և ընտրեց ժողովրդավարությունը։ Հարց է առաջանում` հայ-թուրքական հարաբերությունների «ակտիվության» փուլը, ինչպես և Բաքվի ներկայությունն այս բանակցություններում չե՞ն խոսում այն մասին, որ այս իշխանությունները, հրաժարվելով Արցախից, ճանաչում են  Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

-Այս հարաբերությունների մեջ Ն. Փաշինյանի օրակարգը միանգամայն տարբերվում է ՀՀ-ի, Արցախի և ընդհանրապես հայ ժողովրդի  ազգային շահերից բխող օրակարգերից։ Ն. Փաշինյանը չի՛ զբաղվում Արցախի խնդրով, չի զբաղվում  ՀՀ  անվտանգության խնդրով. նրա միակ խնդիրն իր սեփական իշխանության պահպանումն է, որի համար ինքը պատրաստ է զոհել ամեն ինչ՝ սկսած Արցախից (թեպետ ինքը դա արդեն արել է), մինչ ՀՀ պետական շահեր։ Եվ դա է պատճառը, որ երբ գնում է հանդիպումների (լինի միջազգային հարթակներում, թե՝ ցանկացած այլ վայրում), Փաշինյանը խոսում է բացառապես սեփական օրակարգի մասին։ Նա չի խոսում Արցախից, որովհետև վախենում է. հետևանքը կլինի Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հերթական փուլը, որը նոր դժգոհություններ կառաջացնի ՀՀ-ում` սպառնալիք դառնալով սեփական իշխանության համար։ Հետևաբար՝ այն, ինչ խոսում է Փաշինյանը, պետք է հասկանալ որպես սեփական իշխանության պահպանման փորձ։ Ինչ  վերաբերում է այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Փաշինյանի, Ալիևի և Էրդողանի միջև, ապա ինձ մոտ խոր համոզմունք կա առ այն, որ հանրությունը մշտապես մի քանի ամիս ուշ է տեղեկանում արդեն իսկ գոյություն ունեցող գործընթացների մասին։ Տեսեք` հիմա խոսում ենք սահմանների սահմանագծման և սահմանազատման աշխատանքի մասին, բայց Փաշինյանն ամիսներ առաջ Սյունիքի մարզի հայկական գյուղերը սկսեց կոչել ադրբեջանական անվանումներով։ Ամիսներ առաջ նա թույլ է տվել ադրբեջանցի զինվորականներին՝ գալ և փակել Հայաստանի միջպետական ճանապարհները,  դիրքեր դնել այնտեղ, որտեղ թուրք զինվորի ոտքը երբեք չի եղել և պայմաններ թելադրել։ Այսինքն՝ գործող փաստի իրավական ամրագրման մասին է խոսքը, և, ըստ էության, մեր հանրությունն էլ, քաղաքական դաշտն էլ շատ ուշ են արձագանքում։ Նույնը կասեմ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին։ Փաշինյանն արդեն իսկ խորհրդարանում ասում էր, որ դեռ 1992թ.  ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Եվ նա նորից փորձելու է դրա մեղքը բարդել նախկին իշխանությունների վրա։ Այստեղ հիմնական ուղերձն այն է, որ, եթե այն ժամանակ ճանաչել ենք, փաստացի հիմա էլ ենք ճանաչում: Այս հարցում Ադրբեջանը և Թուրքիան ևս հասել են իրենց նպատակին, իրենց նպատակին հասել են միջանցքի հարցում և այլ հարցերում։ Եթե ուշադրություն դարձնենք Փաշինյանի վերջին շրջանի հռետորաբանությանը, ապա կտեսնենք` Թուրքիայի և Ադրբեջանի հետ երկխոսության մեջ լարվածությունը նրա մոտ բացակայում է. նա գիտի` ինչ են պահանջել, ինչ է տալու, ինչպես նաև գիտակցում է դրանից բխող հետևանքները։

-Օրեր առաջ պարզ դարձավ, որ ՀՀ-ի հետ բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ կնշանակվի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Հակահայկական քարոզչությամբ զբաղվող նախկին դեսպանը Հայաստանի հետ բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչն է։ Իսկ Հայաստանի ներկայացուցիչը Ռուբեն Ռուբինյանն է։ Ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում, արդյո՞ք Ռուբինյանը կարող է Հայաստանի շահն առաջ տանել և հաղթել դիվանագիտական դաշտում Սեդրար Քըլըչին։

-Բացառված է, որ այս գործընթացում Հայաստանը ունենա որևէ ձեռքբերում։ Դա պայմանավորված է երկու կարևոր գործոններով. առաջին` պատերազմում հայկական կողմը պարտվել է և ստորագրել կապիտուլյացիոն փաստաթուղթ, և դա Փաշինյանի դավաճանական քաղաքականության հետևանքն է։ Երկրորդ` Հայաստանի շահերը ներկայացնող անձինք չեն ներկայացնում Հայաստանի շահերը, իրենք հրաժարվել են պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, էլ չասած`դիվանագիտական, քաղաքական և այլ հարթություններում որոշակի քայլեր ձեռնարկելու մասին։ Մենք տեսնում ենք, որ իշխանությունը, տանելով մեզ պատերազմի, շարունակում է նույն գործողությունը, և միամտություն կլինի կարծել, թե այս պահի դրությամբ իրենց գործողությունների տրամաբանության մեջ որևէ բան փոխվելու է, կամ իրենք ընդունակ են ավելիին, քան այն, ինչ մենք տեսել ենք վերջին երեքուկես տարիների ընթացքում։ Կարևոր չէ, թե ով կլինի Հայաստանի բանագնացը այդ երկխոսության մեջ (շատ տարբերակներ էլ չուներ Փաշինյանը. բարեբախտաբար՝ Հայաստանում այդքան տականքներ չկան, որ ամեն նոր գործընթացի համար նոր մարդ կարգեն), իրենք օգտագործում են իրենց ռեսուրսը մինչև վերջ, և Ռուբինյանը  դրա մեջ է մտնում։

- Պատմությունից դասեր չքաղող իշխանությունը, բանակցությունների գնալով թույլ բանակցային հիմքով, թույլ բանակցողով և թղթե շերեփով, արդյո՞ք նպատակ ունի Հայաստանի շահն առաջ տանել հայ-թուրքական հարաբերություններում։ Հետաքրքրական է, որ ամենևին չի քննարկվում՝ արդյո՞ք այդ բանակցություններն այս պահին մեզ անհրաժեշտ են, և արդյո՞ք Հայաստանը հիմա ունակ է դրանցում գրանցելու հաջողություն:

-Ցավոք,  Հայաստանը դուրս է մնացել բոլոր տիպի հավասարություններից և դարձել աշխարհաքաղաքական, տարածաշրջանային առևտրի օբյեկտ. բանակցություններն ընթանում են այլ վայրերում, որոշումները կայացվում են այլ վայրերում, իսկ Փաշինյանը վերջում ընդամենը հաստատում է այդ ամենը Հայաստանի անունից՝ փոխարենը ստանալով իր իշխանությունը ևս մի քանի ամիս երկարաձգելու հնարավորություն։ Եվ այս իրավիճակում խոսել հայկական օրակարգի, հայկական շահի մասին չենք կարող։

 

Լենա Կարապետյան