Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախում ենք՝ հստակ պատգամ ուղղելու Արցախի ժողովրդին, որ ԱՄՆ Հայ դատն իրենց հետ է ամեն քայլափոխի՝ Արցախում Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը։ Նա Ստեփանակերտում է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին մասնակցելու համար, ինչպես նաև շարունակելու է մնալ հայկական երկրորդ հանրապետությունում՝ առավել դետալային ծանոթանալու իրավիճակին։
«Հայ դատը պիտի պաշտպանի Արցախի ժողովրդի անվտանգությունը, իրենց իրավունքը՝ ճշտելու իրենց ապագան՝ լինի ԱՄՆ-ի մեջ, լինի մեր 50-ից ավելի տարբեր հանձնախմբերի միջոցով աշխարհի չորս կողմը։ Հաջորդ քայլը պետք է լինի ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի կողմից խոսելը կառավարական տարբեր դեմքերի հետ, ավելի տեղեկություն առնելու ներկա իրավիճակի մասին, որպեսզի կարողանանք այդ իրականությունը ներկայացնել մեր կոնգրեսական ղեկավարներին, մեր ԱՄՆ գործադիր մարմիններին, և, ըստ այդմ, անոր հիման վրա կարողանանք մեր պետք եկած քայլերն անել՝ ավելի օժանդակություն ուղարկելու դեպի Արցախ, անշուշտ և դրա կողքին՝ դադարեցնելու ԱՄՆ օժանդակությունը դեպի Ադրբեջան»,-ասաց Էլիզաբեթ Չուլջյանը։
Հայաստանի ներկա կառավարությունը տանում է Թուրքիայի հետ հաշտության ու բարեկամության քաղաքականություն, այնինչ Հայ դատի հանձնախմբերն աշխարհով մեկ դատապարտում են Թուրքիային Հայոց Ցեղասպանությունն իրագործելու համար և աշխատանք են տանում Թուրքիայի կողմից Ցեղասպանության հետևանքների վերացման և հատուցման ուղղությամբ։
ԱՄՆ Հայ դատի պայքարը հատկապես վերջին տարիներին մեծ արդյունք ունեցավ՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ այդ եզրույթը երկու անգամ օգտագործելով իր ապրիլքսանչորսյան ուղերձում: Դրանից առաջ Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի՝ Կոնգրեսի, Ներկայացուցիչների պալատը և Սենատը 2019 թվականի դեկտեմբերին ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը:
Ո՞րոնք է լինելու ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի քայլերը, երբ ՀՀ գործող իշխանությունները դադարեցնեն Թուրքիայից ճանաչում և հատուցում պահանջել՝ հետաքրքրվեցինք Էլիզաբեթ Չուլջյանից։
«Ցեղասպանության ճանաչման աշխատանքները արդարության աշխատանքներ են, ճանաչումը ճամփա է դեպի արդար լուծում՝ հատուցում ոճիրների համար, որ Թուրքիայի կառավարությունը գործել է, այդ ձևով պիտի շարունակի Հայ դատի հանձնախումբը աշխատել ոչ միայն ԱՄՆ մեջ, այլև միջազգային մակարդակի վրա, որ արդարությունը առաջ տանի»,-վստահեցրեց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղարը։
Նախագահ Բայդենը հստակ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, արձանագրեց Էլիզաբեթ Չուլջյանը, այժմ պետք է նայեն, թե հաջորդ իրավաբանական քայլերն ի՞նչ պիտի լինեն։
Հայաստանից ընդդիմությունը դիմադրության շարժում է սկսել, որը ծավալվել է նաև Սփյուռքի տարբեր գաղթօջախներում։ Չուլջյանն ասաց՝ դիմադրության բողոքների իմաստը միշտ եղել է Հայաստանի անվտանգությունը, Արցախի անկախությունը պահելը, հետևաբար այդ շարժումներն արդար պիտի դիտվեն և կառուցողական։
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն այս օրերին ակտիվ աշխատում է, որ փոխվի 907-րդ բանաձևը և դադարեցվի ԱՄՆ ռազմական օժանդակությունը Ադրբեջանին։ Ադրբեջանի հսկայական գումարների ու լծակների դեմ հայկական կողմն աշխատում է փաստացի միայնակ՝ առանց ՀՀ կառավարության օժանդակության։
«ԱՄՆ հայ դատի հանձնախմբի հենարանը մեր հայ գաղութն է Ամերիկայի մեջ, որ չարաչար կաշխատի ի նպաստ Արցախի շահերի, անվտանգության, որ գերադաս է մեր գաղութի համար այս պահին։ 907-րդ բանաձևի փոփոխությունը չափազանց կարևոր է, որովհետև այսօր կտեսնենք հետևանքները ԱՄՆ օժանդակության դեպի Ադրբեջան։ 120 միլիոնից ավելի գումար է գնացել ԱՄՆ կառավարության կողմից իբրև ռազմական օժանդակություն Ադրբեջանին 2016թ-ից ի վեր։ Դրա հետևանքով էր, որ 2020-ին տեսանք անմեղ հայ քաղաքացիների թիրախավորումը Ամերիկայի և այլ երկրների աջակցության միջոցով։ Սա պետք է դադարի։ 1 փեննի էլ չպետք գա ԱՄՆ կառավարությունից դեպի Ադրբեջան»,-ասաց Էլիզաբեթ Չուլջյանը։
Դրան զուգահեռ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը նաև աշխատում է Սենատի և Ներկայացուցիչների պալատի հետ, որպեսզի պետք եղած օժանդակությունը հասնի Արցախ՝ ի նպաստ 100 հազարից ավելի անտունների, որոնք ստիպված եղան իրենց հազարամյա տները թողնել Ադրբեջանի կառավարության հստակ թիրախավորման պատճառով և այսօր չեն կարող վերադառնալ՝ ասաց Չուլջյանը։ Նա նշեց, որ ԱՄՆ կառավարությունը և միջազգային կառավարությունները շատ կարևոր դեր կարող են խաղալ՝ մարդասիրական օժանդակության միջոցով Արցախին։
«Պետք է նաև դիտարկել, թե ինչ տեսակ իրավաբանական լծակներ պետք է օգտագործվեն, որպեսզի Արցախի ժողովրդի իրավունքները հարգվեն․ Հադրութի ժողովուրդը, Շուշիի հայերը իրավունք ունեն իրենց տներում ապրելու, այսօր կտեսնենք, որ Ադրբեջանի կառավարությունը քայքայում է այդ տները, սրբապղծություններ է անում մեր եկեղեցիների հանդեպ, այս ամենը պետք է դադարի և պետք է պահանջենք, որ իսկական պատժամիջոցներ դրվեն թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի դեմ»,-ասաց Էլիզաբեթ Չուլջյանը։
Ադրբեջանի ու Թուրքիայի կառավարությունների կողմից միլիոններ են ծախսվում, զինամթերք արտադրող ամերիկյան տարբեր ընկերությունների վրա միլիոններ են ծախսվում, որոնք շահագրգիռ են վաճառելու իրենց զինամթերքն ու տեխնոլոգիան Ադրբեջանին ու Թուրքիային։ Այստեղ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը մի քանի քայլերով է առաջ գնում, ասաց Էլիզաբեթ Չուլջյանը, նախ՝ հզորացնել ու ընդլայնել գաղութի աշխատանքները Կոնգրեսի, Սենատի, Ներկայացուցիչների տան հետ, ներդրում անել երիտասարդականի մեջ՝ երիտասարդ ուժերը ներգրավել ոչ միայն լոբբիստական աշխատանքի մեջ, այլև ավելի ընդգրկել ամերիկյան քաղաքական աշխատանքներում։ Այս ամենի կողքին նաև կոալիցիաներ են ստեղծում տարբեր գաղութների և համայնքների հետ լոբբիստական իրենց աշխատանքներում՝ լինի հունական, ասորական, քրդական գաղութները, այլ կազմակերպություններ, որոնք հետաքրրքրված են դադարեցնելու ԱՄՆ տեխնոլոգիաների փոխանցումը Թուրքիային և Ադրբեջանին։ Եվ այս աշխատանքի հստակ արդյունքը ակնհայտ է։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․