կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-06 21:27
Հասարակություն

Հողատվությունը և պարտվողականությունը համատարած պարտվում են

Հողատվությունը և պարտվողականությունը համատարած պարտվում են

Եվ այսպես. դեկտեմբերի 5-ին հազարավոր հայ ընտրողներ, Հայաստանի մի քանի տասնյակ մեծ ու խոշորացված, նաև՝ փոքր համայնքներում հպարտանալու բազմաթիվ առիթներով «ողջունեցին» Նիկոլ Փաշինյանին: Չէ, ամեն ինչ ճիշտ է գրված, շփոթմունք չկա: Իսկապես էլ, ինչպես հուշում են իրադարձությունների ընթացքն ու դեկտեմբերի 5-ին մի քանի տասնյակ համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները, Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն հստակ պարտություն են կրել, իսկ մի շարք համայնքներում ուղղակիորեն տապալվել են կամ ջախջախվել:
Եվ քանի որ Նիկոլ Փաշինյանի սիրած բաներից մեկը պարտությամբ հպարտանալն է, ստացվում է, որ նա, իր ՔՊ-ով հանդերձ, հպարտանալու բազմաթիվ առիթներ ունի: Չնայած, նման խայտառակ արդյունքների ու իրենց նկատմամբ համատարած ատելության ու մերժման պայմաններում նրանք ավելի լավ կանեին՝ գետինը մտնեին, իհարկե՝ փոխաբերական իմաստով:

Իսկ մինչ այդ, Հայաստանի բազմաթիվ քաղաքներում ու գյուղերում հազար-հազարավոր քաղաքացիներ, չնայած մասնակցության ընդհանուր ոչ բարձր ցուցանիշին, կատարեցին իրենց ընտրությունը և, կրկնենք, գործնականում մերժեցին Նիկոլ Փաշինյանին ու նրա տեղական կամակատարներին: Կոնկրետ դեկտեմբերի 5-ի քվեարկության արդյունքներից հստակորեն լսվեց ստախոսական այս ռեժիմի ճռնչոցը:

Ի դեպ, արժեր ուշադրություն դարձնել նաև Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքներում ՏԻՄ ընտրությունների արդյունքներին: Բանն այն է, որ այս համայնքներում դեկտեմբերի 5-ին արձանագրվել է 0 մասնակցություն: Բանն այն է, որ մարդիկ պարզապես բոյկոտել են ՏԻՄ ընտրությունը՝ համայնքների խոշորացման որոշմանը դեմ լինելով, այդ կերպ արտահայտել են իրենց բողոքը: Դա, ամեն պարագայում հիշարժան, գնահատելի և կարևոր դրսևորում է: Զուտ քաղաքական տեսանկյունից կարելի է ասել, որ Ծովագյուղն ու Սեմյոնովկան էլ են գործնականում  մերժել Նիկոլ Փաշինյանին՝ վերջինիս շատ սիրած «0» ցուցանիշով, այն է՝ նրա գլխավորած կառավարության որոշումը բոյկոտելով: Մեկ մարդու նման:

Վերադառնանք ՏԻՄ ընտրությունների դեկտեմբերի 5-ի փուլի ընդհանուր արդյունքներին և դիտարկումներին: Հարկ է հիշեցնել, որ նախքան այս էլ, նախորդ փուլում Փաշինյանն ու իր ՔՊ-ն պարտվել էին մի շարք խոշոր համայնքներում, քաղաքներում: Այդ շարքում պետք է հիշեցնել Սյունիքի մարզկենտրոն Կապանում, ինչպես նաև՝ Գորիսում, անկասկած՝ Հայաստանի երկրորդ խոշոր քաղաք՝ Շիրակի մարզկենտրոն Գյումրիում Փաշինյանի ու նրա ՔՊ-ի կրած պարտությունները: Ճիշտ է, Գյումրիում Նիկոլն ու ամենից շատ քվեներ ստացած միավորը «խաղեր տվեցին» ընտրողների ձայների վրա, բայց էականն այն է, որ ՔՊ-ն, առանձին վերցրած, պարտվեց:
Փաշինյանը, արդեն դեկտեմբերի 5-ին, պարտվել է նաև ՀՀ երրորդ խոշոր քաղաքում՝ Լոռվա մարզկենտրոն Վանաձորում: Ըստ որում՝ հիմնովին է պարտվել: Ինչ վերաբերում է Երևանին, ապա մայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանը էն գլխից» պարտված է, ավելի ճիշտ՝ մերժված: Հատկանշական են նաև Վեդիում արձանագրված արդյունքները: Դե, իսկ Եղեգնաձորում ՔՊ-ն ու ՔՊ-իզմը տապալվել են ուղղակիորեն:

Ի՛նչն է հատկանշական: Թե՛ նախորդ փուլում, թե՛ դեկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած ՔՊ-ն պարտվել ու մերժվել են այն պարագայում, երբ ուղղակիորեն ոստիկանական ու վարչական ամենանողկալի տեռոր էին իրականացնում մասնակից ուժերի, մրցակից թեկնածուների, նրանց կողմնակիցների նկատմամբ: Համատարած ահաբեկում ու ամենավայրագ կամայականություններ, որպիսիք երևի անգամ ֆաշիստները ոչ միշտ են կիրառել:

Եվ ահա՝ այդ ոստիկանական բռնաճնշումների, կամայականությունների, «գործհարուցում»-ների, առևանգում-ձերբակալությունների, հետապնդումների պայմաններում, ահա այդ ամենն իրականացնող ու ամենազզվելի մեթոդներ կիրառող Նիկոլն ու իր ՔՊ-ն պարտվում են տասնյակ ու տասնյակ համայնքներում:

Իսկ դա արդեն չափազանց կոնկրետ ազդանշան է առհասարակ քաղաքական ուժերին ու քաղաքական դաշտին, որ ձևավորվել է բավարար հիմք՝ նիկոլական ոչնչիզմի ջախջախման ու ամբողջական մերժման, այդ չարիքից ձերբազատվելու համար: Եթե բազմաթիվ մարդիկ, Նիկոլի ու նրա տեղական մանկլավիկների սպառնալիքների, ոստիկանական տեռորի վրա թքած ունենալով, այնուամենայնիվ, գնում և ընտրում են իրենց ցանկացած, այլ ոչ թե՝ ՔՊ-ի դեմ տված թեկնածուներին, դա առնվազն նշանակում է, որ շատ-շատերի համբերության ջրամբարը լցվել է, իսկ դանակն էլ ոսկորը ծակել-անցել է:

Ժամանա՛կն է: «Ոչնչիզմի» ամբողջական մերժումը սարերի ետևում չէ:

Արմեն Հակոբյան