կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-06 16:00
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես շատ լավ հիշում եմ, որ Գորիս-Կապան ճանապարհը թե՛ Սովետի ժամանակ, թե՛ այս պատերազմին ամբողջապես սպասարկել է Հայաստանը․ գորիսեցի

Ես շատ լավ հիշում եմ, որ Գորիս-Կապան ճանապարհը ամբողջապես թե՛ Սովետի ժամանակ, և թե՛ այս պատերազմի ընթացքում սպասարկել է Հայաստանը՝ իր ֆինանսներով, աշխատուժն էլ ամբողջապես եղել է Հայաստանի կողմից՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Սյունիքի Գորիս քաղաքի բնակիչ Խաչատուր Հայրապետյանը՝ խոսելով Գորիս-Կապան ճանապարհի 23 կմ-ը Փաշինյանի կողմից Ադրբեջանին հանձնելու և հայտարարելու մասին, թե իբր դա Ադրբեջանի տարածքն էլ եղել է Խորհրդային քարտեզով։

Անդրադառնալով տեղի բնակավայրերն ադրբեջանական անուններով կոչելու՝ Փաշինյանի կեցվածքին, գորիսեցին ասաց՝ եթե անգամ անվանումներն ադրբեջանական լինեն, դա դեռ չի նշանակում, որ բնակավայրերն Ադրբեջանինն են։

«Այսօր Հայաստանում էլ շատ, շատ մարդկանց ազգանուններ ադրբեջանական ծագում ունեն՝ դա բացարձակապես նշանակություն չունի, Բյուզանդիայի թագավորների կեսից ավելին հայեր են եղել՝ դա չի նշանակում, որ Բյուզանդիան եղել է հայկական։ Պարզապես ստեղ չգիտեմ ասեմ՝ թյուրիմացությո՞ւն է տեղի ունեցել, թե՞ անիմացություն է տեղի ունեցել, չեմ կարող մեկնաբանել Փաշինյանի էդ վերաբերմունքը»,-ասաց Խաչատուր Հայրապետյանը։  

Նա անընդունելի է համարում առանց սահմանագծման և սահմանազատման միանգամից հայտարարելը, որ ճանապարհի մի հատվածն Ադրբեջանի տարածքում է, ասում է՝ տարածքները նախ պետք է սահմանազատել և չի բացառվում, որ իրավիճակ փոխվի և Մոսկվայի ու Իրանի միջամտությամբ այդ ճանապարհն ամբողջապես բացվի ու գործի մեր վերահսկողության տակ։

Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն հատվածների այլընտրանքային ճանապարհները, նրա համոզմամբ, չեն կարող փոխարինել հիմնականներին։

«Այո, անհրաժեշտ են այլընտրանքային ճանապարհները, բայց հիմնական ճանապարհի հարցը լուծելուց հետո։ Ցավը գիտե՞ք որն է, որ նրանց տալիս ենք ոչ թե Ադրբեջանի տիրապետության տակ անցած 23 կմ-ը, այլ 67 կմ-ն ենք տալիս, այսինքն այդ ճանապարհը չի գործելու։ 23 կմ-ի վրա են դրել անցակետեր, բայց մենք կորցնում ենք նաև մնացած 40-ից ավելի կմ-ը։ Ինչի՞ համար»,-ասաց Գորիսի բնակիչը։

Նա համոզված է, որ բանակցությունների միջոցով կարելի էր այդ հարցերն ամբողջապես լուծել։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութով․