կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-25 21:18
Հասարակություն

Ի վերջո պարզվե՞ց՝ ում շունն է կորոնավիրուսը». Արեւիկ Պետրոսյանը՝ ԱՆ ներկայացուցչին

Ի վերջո պարզվե՞ց՝ ում շունն է կորոնավիրուսը». Արեւիկ Պետրոսյանը՝ ԱՆ ներկայացուցչին

Անկախ դիտորդի մոտ ստեղծվում է տպավորություն, որ կորոնավիրուսի վերաբերյալ արված  իրարամերժ հայտարարությունների ազդեցությունները հանրային կողմնորոշման վրա համավարակի դեմ պայքարի միջոցների անհրաժեշտության եւ արդյունավետության առումով առաջացրել են վստահության դեֆիցիդ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, Սահմանադրական դատարանում Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աննա Մկրտումյանին հարցրեց ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյանը։

Նշենք, որ ՍԴ-ում քննվում է ՀՀ առողջապահության նախարարի՝ պարտադիր պատվաստումների եւ թեստավորումների հրամանի սահմանադրականության սահմանադրականության հարցը։

«Առողջապահության նախարարությունն ինչպե՞ս է գնահատում Կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի անհրաժեշտության մասին հանրային իրազեկման աշխատանքների դինամիկան։ Զարգացման ինչ էվոլյուցիա է ապրել։ Հանրային իրազեկման աշխատանքները 2020 թվականի սկզբներից սկսվել են հետեւյալով՝ «կորոնավիրուսն ում շունն է, որ մի հատ էլ մեր կյանքում ինչ-որ պրոբլեմներ առաջացնի, գրիպի նման մի բան է, վտանգավոր բան չէ», Առողջապահության նախարարը հայտարարել է, որ իր երեխաների օրինակով հանգիստ կարող են հաճախել ուսումնական հաստատություններ, հետո այլ հայտարարություններ կատարվեցին՝ ոչ, դիմակ պետք է կրել, հայտարարվեց արտակարգ դրություն եւ այսպես շարունակ։ Այս իրավիճակի հետ կապված ինչիպիսին է դիրքորոշում»,- հարցրեց դատավորը։

Աննա Մկրտումյանն ասաց, որ նախքան վարակը Հայաստան ներթափանցելը, բացառապես այլ երկրների փորձի հիման վրա միգուցե Հանրապետությունում կարող էր լինել տպավորություն, որ  այն վախ կանխող եւ ոչ մեծ ծանր հետեւանքներ առաջացնող վարակ է.

«Որովհետեւ պետք է ընդունենք, որ ձեր կողմից նշված արտահայտությունն արվել է այն ժամանակահատվածում, երբ դեռեւս Հայաստանը համաճարակային նման իրավիճակում չէր գտնվում։

Համաճարակաբանների կողմից պարբերաբար իրականացվում են հաղորդումների, հարցազրույցների, ինչպես նաեւ այլ ֆորմատով տեղեկատվության տրամադրում պատվաստումային միջոց հանդիսացող միջոցառման իրականացման անհրաժեշտության մասին։ Մեզ համար փորձը դեռեւս նոր է ձեւավորվում, բայց վերջիններիս կողմից իրականացվում է միջազգային փորձի բավականին լուրջ ուսումնասիրություն»։

Արեւիկ Պետրոսյանը հարցրեց՝ վիճարկվող 65 N հրամանի ընդունումից հետո Հայաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված վիճակագրական տվյալներն արդյոք համեմատվե՞լ են մինչեւ հրամանն առկա տվյալների հետ, ԱՆ ներկայացուցիչն ասաց, որ 65 N հրամանի ուժի մեջ մտնելուց հետո 51 տոկոսով կորոնավիրուսային հիվանդության բացասական ելքը նվազել է։

Արեւիկ Պետրոսյանն ասաց, որ ըստ հրամանի՝ այն ուղղված է գիտակցված ընտրությունն ապահովելուն, սակայն հիշեցրեց, որ Կառավարության ներկայացուցիչները 65 N հրամանի ուժի մեջ մտնելուց առաջ եւ ուժի մեջ մտնելուց հետո պարբերաբար հանդես են եկել հայտարարություններով. «Մասնավորապես, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը հայտնել է, որ Աշխատանքային օրենսգրքում առաջարկվում են փոփոխությունների նախագիծ, որ չպատվաստված, թեստ չհանձնած աշխատակիցները կզրկվեն աշխատանքից։ Կա՞ նման նախագիծ»։

Աննա Մկրտումյանն ասաց, որ հարկադրելու կամ վախեցնելու միտում որպես այդպիսին չի կարող լինել եւ Առողջապահության նախարարը նման նպատակ չի կարող հետապնդել. «Ցանկացած պարագայում սանիտարական կանոնների վերաբերյալ իրազեկումը հետապնդում է մեկ նպատակ՝ սանիտարական կանոնով նախատեսված նպատակների իրագործումը, որի վերջնական նպատակը շրջակա միջավայրի անվտանգության ապահովումն ու մարդու համար կենսագործունեության բարենպաստ միջավայր ստեղծելն է։ Առողջապահության նախարարությունը նախագծի մշակմանը չի մասնակցել»։

Եվ վերջում Արեւիկ Պետրոսյանը հարցրեց. «Ի վերջո պարզվե՞ց՝ ո՞ւմ շունն է կորոնավիրուսը»։