Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վերջին Մեռելոցը, կարծես, ափերից հանել է ժողովրդին, որն արդեն չգիտի, թե էլ որտեղ մահը չկա: Կրակին յուղ լցրեց նաեւ նախորդ օրվա նյարդային Վարդավառը, որը քաղաքի մեծին ու փոքրին ջրեց եւ ջրիկացրեց: Սակայն նախ փորձենք հասկանալ, թե քաղաքներում ոգեւորիչ ի՞նչ կա Վարդավառը նշելու մեջ:
Դժվար չէ ենթադրել, որ ջրոցին քաղաքային տոն չէ: Հեթանոսները, որոնք հնարել են այն, ոչ մի պատկերացում չունեին ժամադրության շտապող աղջկա հույզերի, բջջային հեռախոսը գրպանում գործնական հանդիպման գնացող մարդու սպասումների մասին: Հույզերի ու սպասումների մասին, իհարկե, ունեին: Բայց քաղաքային առօրյան ջրոցիի առօրյա չէ:
Երբ Վարդավառ էին հնարում, գրեթե ոչ ոք ստրեսի մասին պատկերացում չուներ, երբ Վարդավառ էին հնարում, ոչ մեկի համար ապագան ավելին չէր, քան սոսկ հաջորդ օր: Հոգսերը քիչ էին, անելիքը՝ հստակ: Անասունը գիտեր իր անելիքը` ջրողից եւ ջրվողից անկախ, նա գիտեր խոտի ուղղությունը, հանդերում հունձքը կարող էր սպասել մի քանի ժամ: Մի խոսքով` այն գյուղական առօրյան ոչնչով չէր արգելակում, ավելին, գունավորում էր:
Երբ Վարդավառ էին հնարում ավտոմեքենաներ չկային: Երբ Վարդավառ էին հնարում 5-ր հարկ եւ 5-րդ հարկի պատշգամբներ չկային, որտեղից վախկոտի մեկը կարող է դույլով ջուրը շուռ տալ անցորդի վրա եւ թաքնվել իր տանը: Տոների ժամանակ բոլորը կենտրոնանում էին հենց տոների վրա, ջրվելուց ոչ ոք չէր խուսափում: Վարդավառն իր էությամբ գյուղական տոն էր: Եվ հատկապես հնարված իրենց գործն իմացողների կամ ընդհանրապես անելիք չունեցողների համար: Եվս մեկ օր, որը նրանք լցնում էին աշխույժ գործողությամբ: Արիստոկրատիան այն ժամանակ ծավալվում էր քաղաքներում: Ոչ ոք ջրվելու զահլա չուներ, տոնը ծավալվում էր գյուղերում. տոնի ակունքներում Աստղիկ աստվածուհու արձանը վարդերով զարդարելն է ու միմյանց վարդաջրով ցողելը: Այսինքն` զուտ ծիսական կազմակերպչականություն կա տոնի ակունքներում, բայց հեթանոսական տոները ժողովրդական դառնալու զարմանալի «հակումներ» ունեին: Քրմերն այդպես էին աշխատում շոգ օրերին անձրեւի կարոտ գյուղացիների վերաբերմունքն աստվածների հանդեպ անսասան պահելու համար:
Տոնը ողջ օրվա ընթացքում քարշ տվողը երեխաներն էին, քանի որ նրանք էին, որ չէին քննարկում աղջկա հույզերն ու գործնական դեմքով հանդ շտապողի սպասումները: Երեխաները Վարդավառը դարձրեցին համաժողովրդական տոն: Իսկ երեխաները գյուղ եւ քաղաք չեն հարցնում, գրպանում թանկարժեք բջջային հեռախոս եւ կարեւոր գրառումների փոքրիկ նոթատետր չեն հարցնում, նրանք ջրում են: Աստված գիտի, թե որտեղ է աստվածուհի Աստղիկը եւ նույնիսկ Քրիստոսի պայծառակերպությունն այս ամենում: Քաղաքում Վարդավառը չաշխատող տոն է կամ այն սահմանափակ գործողությունների տոն է քաղաքում, այն վերաբերում էր միայն մարդկանց, պետք չէր ջուրը շփել ընթացող ավտոմեքենաների, իր թոռան հետ զբոսանքի դուրս եկած տատիկի վրա, որի ամառային հագուստն էականորեն տարբերվում է դարեր առաջ տատիկների կրած հագուստներից: Եվ դեռ հարց է՝ երեխաները ջրում էին իրենցից մեծերին, թե՝ ոչ: Այսինքն` այն օրից, երբ մի քանի կաթիլ վարդաջրին փոխարինեցին ջրով դույլերը, երեխաներն էլ կարող են ընդլայնել իրենց թիրախը: Եվ դրանից հաստատ ոչ մի լավ բան դուրս չի գա:
Ջրել անծանոթին եւ հաշվի չառնել նրան չջրելու խնդրանքը` անկասկած, քիչ տոնական բան կա սրա մեջ: Տոնականն արդեն այն է, որ ջրողը երեխա է, որը պարտավոր չէ զիջել ամեն խնդրանքի: Բայց նախկինում տոնականը հենց ջրոցիի հավասարությունն էր, երեխաները ջրում էին երեխաներին, դրանց մասնակցում էին մայրերը, որոնք իրենց հերթին ջրում էին իրենց երեխաներին: Սակայն ոչ մի անծանոթ, որը մեծ էր երեխայից, ջրոցիի զոհ չէր դառնում: Ահա ինչու է ժամանակակից Վարդավառը նյարդային եւ ինչու է դրան հաջորդող Մեռելոցը անիմաստ դարձնում մահվան մասին խորհրդածությունները ապականության արքայության մեջ:
Սեյրան Հանոյան
«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: