Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerevan.Today-ին պարբերաբար տեղեկություններ են հասնում քպ-ական պաշտոնյաների և հատկապես նրանց ընտանիքների կողմից բյուջեի հաշվին արած վայելքների մասին: Վերջին` ամենաթարմ տեղեկատվությունը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ընտանիքին է առնչվում, մասնավորաբար` նախարարի տիկնոջ՝ Գոհար Աբաջյանի արտասահմանյան վոյաժներին:
Yerevan.Today-ին հասած տեղեկության համաձայն՝ նախարարի կինն օրեր առաջ ընդգրկված է եղել Արարատ Միրզոյանի՝ Փարիզ և Բրյուսել կատարած աշխատանքային այցերի պատվիրակության կազմում: Ավելին, նախարարի կնոջ գերծանր ուղեբեռի պատճառով օդանավակայանում հայկական պատվիրակությունը խիստ ամոթալի վիճակում է հայտնվել:
Ըստ աղբյուրի` Միրզոյանի կնոջ ուղեբեռը ավիատոմսով նախատեսվածից շատ ավելի ծանր է եղել, ու որպեսզի լրացուցիչ քաշի համար Արարատ Միրզոյանն իր գրպանից չվճարի՝ պատվիրակությունից կապ են հաստատել Երևան, ու նախարարության աշխատակազմին հանձնարարվել է լրացուցիչ փաստաթղթավորում անել ու «լուծել նաև նախարարի կնոջ բագաժի քաշի ֆինանսական խնդիրը»:
Այս ամբողջ տեղեկատվությունը խնդրեցինք հերքել կամ հաստատել ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանին. Չհերքեց. փոխարենը պարզաբանումերի համար խոսնակը գրավոր հարցում պահանջեց: Ուղարկեցինք:
Նշենք, սա առաջին դեպքը չէ, երբ Արարատ Միրզոյանի կինը նրան ուղեկցում է գործնական այցերի ժամանակ: Մամուլի հրապարակումները հիշեցնում են պատգամավոր եղած ժամանակ Արարատ Միրզոյանի Բուդապեշտ կատարած այցի մասին, սկանդալային տեղեկատվություն էր հրապարակել Analitik.am-ը: Երկու տարի առաջ ՎԵՏՈ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը բացահայտել էր, որ այն ժամանակ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը 2019 Հուլիսի 14-ից 21-ը պաշտոնական այցով ԱՄՆ մեկնելիս ծածուկ հաջողացրել էր պատվիրակության կազմով իր հետ ԱՄՆ տանել նաև կնոջը՝ Գոհար Աբաջյանին: «Ո՞վ է Արարատ Միրզոյանի կնոջ ԱՄՆ-ում «զբոսանքի» հովանավորը՝ ընտանեկան բյուջե՞ն, թե՝ պետբյուջեն» վերտառությամբ հոդվածից հետո համացանցում մեծ աղմուկ բարձրացավ։
Աղմկահարույց հրապարակումից հետո այն ժամանակ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ստիպված եղավ մի կողմ թողնել արևմտյան գերտերություն կատարած իր պաշտոնական այցի արդյունքները և բացատրություն տալ հանրությանը՝ իր կնոջ վայելքներին առնչվող բուռն քննարկումներին:
Այդուհանդերձ՝ ի՞նչ կարգավիճակով է ԱԳ նախարարի կինն այս անգամ ընդգրկվել Փարիզ ու Բրյուսել ԱԳՆ-ի աշխատանքային այցի պատվիրակության կազմում, ու՞մ միջոցների հաշվին է տիկին Աբաջյանն ուղեկցել նախարար ամուսնուն Եվրոպա, ի՞նչ միջոցներով է Գոհար Աբաջյանը իրեն թույլ տվել 7 օրյա եվրոպական հաճույքներ, ի՞նչ ընթացակարգով է ձեռք բերվել նախարարի տիկնոջ ավիատոմսերը, հյուրանոցային ծախսերն ո՞վ է փակել և ո՞ւմ հաշվին, ու ի վերջո ինչպե՞ս է հիմնավորվել գերատեսչական փաստաթղթերում նախարարի տիկնոջ «գերծանր բագաժի գումարի հարցը»․ այս բոլոր հարցադրումներին ակնկալում ենք սպառիչ պատասխաններ, որոնք կհրապարակենք ստանալուն պես:
Աղբյուրը՝ Yerevan.today