կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-22 17:45
Քաղաքական

Կոստանդնուպոլսի հայոց պարբերականների ուղեգիծը եւ «Հայ աշխարհը»․ համառոտ տեսություն

Կոստանդնուպոլսի հայոց պարբերականների ուղեգիծը եւ «Հայ աշխարհը»․ համառոտ տեսություն

Էլինա Միրզոյան

Թուրքագետ, բանասիրական գիտությունների թեկնածու

Կոստանդնուպոլիսը 15-19-րդ դարերում և այնուհետև` ընդհուպ Հայոց ցեղասպանությունը, արևմտահայ մշակույթի ամենախոշոր կենտրոնն էր, որովհետև իր համազգային ընդգրկումներով ու ներգործությամբ խթանել է ոչ միայն Օսմանյան կայսրության հայկական, այլև բուն Հայաստանի քաղաքների ու գավառների կրոնական, լուսավորական ու մշակութային կյանքը[1]:

Տարատեսակ զարգացումներն աշխարհասփյուռ հայության համար առաջնային էին դարձրել մայրենի լեզվով սեփական մամուլ ստեղծելու պահանջը, ինչն էլ սկիզբ է դրվել հայոց առաջին պարբերական «Ազդարար»-ի հրատարակմամբ, որով, ինչպես պատմաբան Լեոն է ընդգծում, հայ ազգը մտնում է քաղաքակիրթ ազգերի ընտանիքի մեջ[2]: «Ազդարար»-ին հաջորդել են Վենետիկի Մխիթարյան հայրերի հրատարակած հանդեսներն ու տարեգրքերը, իսկ դրանից անմիջապես հետո հայ պարբերական մամուլը «իրեն կայք կը գտնէ Պոլիսը»[3]:

Պոլսահայ մամուլի փաստացի պատմությունն սկիզբ է առնում 1832 թվականին. 1831 թ. լույս է տեսնում Օսմանյան պետության առաջին թերթը՝ Բարձր Դռան պաշտոնաթերթ «Թաքվիմ-ի Վեքայի»-ն, իսկ 1832 թ. սկզբներին պետական արտոնություն է տրվում թերթի հայերեն և հունարեն նույնաբովանդակ հրատարակության համար, որով իբրև թե ազգային փոքրամասնություններին սեփական լեզվով պարբերաթերթ ունենալու հնարավորություն էր տրվում: «Թաքվիմ-ի Վեքայի»-ի հայերեն տարբերակը լույս է տեսնում «Լրո գիր» անվանմամբ, որի խմբագիր է նշանակվում Գևորգ Գրիգորյանը[4]: Թեև թերթը համարվում է Կ.Պոլսի հայ լրագրության անդրանիկ և ազգային առաջին շաբաթաթերթը, սակայն, իրականում այն բովանդակությամբ և նշանակությամբ հեռու էր ազգային լինելուց, քանի որ միակ առաքելությունը թուրքական պաշտոնական տեսակետի տարածումն էր հայոց մեջ:

1840-ական թթ. արևմտահայ հասարակական կյանքում ծավալվում է լուսավորականությունը, և պոլսահայ մտավորականության մեջ հասունանում է ազգային բովանդակությամբ և ազգային շահերը սպասարկող պարբերական ունենալու պահանջը` սկիզբ դնելով «լրագրական շարժմանը»[5]: Ժողովրդի զարգացման նպատակով հիմնադրվում են բարեգործական ընկերություններ, մեծահարուստների հովանավորությանն արժանացած հայ ընդունակ երիտասարդներ մեկնում են Փարիզ: Նոր զարգացող արևմտահայ երիտասարդության կրթության գործում պակաս դեր չի խաղացել Վենետիկը: Դեպի Եվրոպա ծայր առած այս հոսանքը հետագա տարիներին նոր թափ է ստանում, թեպետ այն չէր կարող վրիպել օսմանյան կառավարության ուշադրությունից և բազմաթիվ աքսորների ու պարբերականների փակման առիթ պիտի դառնար: Այսպիսով, Եվրոպայում ուսում ստացած հայ երիտասարդները, գիտելիքներով զինված, վերադառնում են Կ.Պոլիս ու Զմյուռնիա` լծվելով ազգը կրթելու աշխատանքին: Այլ բովանդակություն են ստանում մամուլն ու գրականությունը, նոր ձև ու որակ են ձեռք բերում հրապարակախոսությունն ու գրականությունը` դառնալով հասարակական ազդեցիկ նշանակություն ունեցող երևույթներ:

Մինչև արևմտահայոց ազգային սահմանադրության ընդունումը[6] թուրքահայ պարբերականների թիվը զգալիորեն ավելանում է Կ.Պոլսում, Զմյուռնիայում, ինչպես նաև ﬕ քանի հայաբնակ գավառային կենտրոններում:

Սակայն նկատենք, որ հրատարակվող պարբերականներն այդքան էլ հարուստ չէին բովանդակությամբ և ունեին մեկը մյուսին կրկնօրինակելու միտումներ: Պատճառը ոչ միայն «պատրաստված, մարզված խմբագրի» պակասն էր, այլև արևմտահայության հասարակական-քաղաքական անկայուն վիճակը, թրքական բռնատիրական համակարգը` «ատոնցմէ կարևորագոյնը՝ թրքական գրաքննութիւնը»[7]: Այնուամենայնիվ, կային այնպիսի պարբերականներ, որոնք առաջադրում էին նոր գաղափարներ և ծրագրեր, ինչպես «Ազատամարտ»-ը (1909-1915 թթ.), որը համարվում էր նոր սերնդի «խոսափող», «Բիւզանդիոն»-ը, որը Խրիմյան Հայրիկը նկատել է որպես Կ.Պոլսի ամենալուրջ և ամենապատվավոր թերթ[8] և այլն:

1857 թ. Oսմանյան կայսրությունում դրվում է տպագրության, գրքի և մամուլի իրավական վերահսկողության սկիզբը՝ ծայրահեղ խստություն դրսևորելով իր գոյության առաջին իսկ օրերից[9]: Թերթերն ու ամսագրերն իրավական կանոնակարգման առանձին բնագավառ դարձան մամուլի վերաբերյալ օրենքի հրապարակումից անմիջապես հետո (1864 թ.)[10], որով որոշակի շրջանակի մեջ էր դրվում հրատարակիչների և խմբագիրների գործունեությունը. հատուկ կարգ էր սահմանվում տպագրվող նյութերի և թերթերի ուղեգծերի վերաբերյալ, արգելակվում էր առանց այդ էլ խիստ հսկողության տակ գտնվող խոսքի ազատությունը: Եթե մինչ այդ թերթերի հրատարակիչները առաջնորդվում էին սուլթանի ֆերմանով (հրովարտակ) և նրանից նույնիսկ դրամական օգնություն էին ստանում, ապա այժմ նրանք անմիջապես ենթարկվում էին նորաստեղծ մամուլի վարչությանը, որը ոչ թե առաջվա պես բավարարվում էր իրենց համար ոչ հաճելի ուղղություն բռնած պարբերականին տուգանելով կամ դատի տալով, այլ պարզապես արգելում էր հետագա հրատարակումը:

Առավել դժվար էր հպատակ ժողովուրդների վիճակը: «Նոր կյանք»-ը պատկերավոր նկարագրում է իրավիճակը. «Եւ… Պոլսոյ գահը բարձրացաւ այն հիւանդ գիշակերը [Աբդուլ Համիդ]… Չարչարանքի դրութիւնը սկսաւ… Իր հրամանովը հայերէն թատերական ներկայացումները դադրեցաւ, Հայոց պատմութեան ուսուցումը խստիւ արգիլուեցաւ, հաւատաքննական գրաքննութիւն մը մամուլն ու գրականութիւնը շղթայ: Գրաքննութիւնը բառեր, նիւթեր, սեռեր կ’արգիլէր. վերջ ի վերջոյ ոտանաւոր գրելը արգիլեց…»[11]:

1888 թ. տպագրական տեսչության հրամանով հաստատված նախնական գրաքննությամբ աճում են խստությունները հատկապես հայկական և հունական թերթերի նկատմամբ, որոնք մինչև հրատարակվելն անցնում էին գրաքննչական բազմաստիճան մի համակարգով: Պարբերականի բովանդակությունը Բարձր Դռան ներքին գործերի պաշտոնատան երեք հայ տեսուչներ համառոտագրում էին թուրքերեն և ներկայացնում թուրք վերաքննիչին: Կասկածելի մեկ բառի կամ նախադասության դեպքում նյութը պետք է թարգմանվեր ամբողջությամբ: Ապա թարգմանված օրինակներից ուղարկվում էին Բարձր Դուռ, ոստիկանապետին, հանրային կրթության գրասենյակ և այլուր: Ըստ որում, դրանցից յուրաքանչյուրն իր մեթոդով էր քննում նյութը և, ինչպես նշում է Յու. Ավետիսյանը, չէր բացառվում, որ մյուսների ընդունած նյութը մերժվեր, ասենք, «Յըլդըզի[12]անմիտ քմահաճությամբ»[13]: Հայերին արգելվում էր գրել և արտասանել «Հայաստան», «հայրենիք» բառերը[14], հայկական աշխարհագրական անունները դուրս էին մղվում գործածությունից և փոխարինվում թրքական տեղանուններով, մերժվում էին թագավորների սպանության, սուլթանի վատառողջության, երաշտի կամ անբերրիության մասին «վտանգավոր», խորհելու առիթ տվող լուրերը[15]: Արգելվում էր ﬔկ համարում չտեղավորվող հոդվածների տպագրությունը, բազմակետերի օգտագործումը, քանի որ դրան հաջորդող «Շարունակությունը կլինի», «Շարունակությունը վաղը» արտահայտություններն իբր վատ կերպով լարում էին ընթերցողի միտքը, անհաճո ենթադրությունների տեղիք տալիս, խոչընդոտում նրա հոգու հանգստությանը: Նման խստություններ բանեցվում էին նաև գեղարվեստական գրականության, թատերական ներկայացումների[16], անգամ գրքերի նկատմամբ[17]:

Ստեղծված պայմաններում պոլսահայ մամուլը գրեթե ընդունակ չէր իր վրա կրելու արևմտահայ մտավոր ու հասարակական կյանքի կազմակերպման ամբողջ ծանրությունը, նորոգելու գրական շարժման ընթացքը. մտքերի վրա իշխում էր 1894- 1896 թթ. ջարդերը և շարունակվող ծանր ու սարսափելի թմբիրը: Հասարակական ու ազգային ամենատարրական իրավունքներից զրկված բազմահազար անտուն ու անօթևան հայեր լքում էին Կ.Պոլիսը: Արևմտահայ մտավորականները տագնապով էին նայում գալիքին՝ սրությամբ փնտրելով փրկության ուղին, և կամ «մէկիկմէկիկ Պոլսէն արտասահման էին հեռացեր թրքահայ լաւագոյն մտաւորականները: Ասպարէզը մնացեր էր հացկատակներուն և անոնց, որ լրագրութիւնը ապրուստի միջոց մը ըրած էին»[18]: Այնուաﬔնայնիվ, պետք չէ եզրակացնել, որ հրատարակչական գործը բացարձակապես դադարել է: 1860-ականներից մինչև Օսմանյան սահմանադրության ընդունման առաջին տարին՝ 1908 թ. և երբեմն էլ ավելի ուշ, հաջորդաբար լույս են տեսել մի շարք օրաթերթեր՝ «Մանզումէի Էֆքյար» (1866-1917 թթ.), «Մասիս» (1852- 1908 թթ.), «Փունջ» (1860-1907 թթ.), «Օրագիր» (1868 թ., հազիվ երկու ամսվա կյանք է ունեցել), «Ծաղիկ» (1899-1903 թթ.), «Պայքար» (1908 թ.) և այլն:

1908 թ. Օսմանյան սահմանադրության առաջ բերած մակերեսային դրական տեղաշարժերից էր այն, որ համեմատաբար մեղմացան մամուլի նկատմամբ կիրառվող սահմանափակումները, փոքր հնարավորություն ստեղծվեց որոշ թեմաների մասին գրելու, խոսելու, քննարկելու: Թեև լույս տեսնող հանդեսները որևէ սկզբունքային նորություն չէին ավելացնում հայկական մտքի զարգացմանը, այդու հանդերձ, դրանք շատ հարցերու մ ձգտում էին վերականգնել տպագրական գործի ընթացքը, ակտիվացնել հրատարակչական գործը:

Այսպիսով՝ թեպետ Օսմանյան կայսրությունում մամուլի նկատմամբ կիրառվում էին տարատեսակ սահմանափակումներ, այնուամենայնիվ, Կ.Պոլսում հայ մամուլը շարունակում է որոշակի զարթոնք ապրել ընդհուպ մինչև Հայոց ցեղասպանությունը:

Հայոց ցեղասպանությունը թեև անասելի ծանր հարված հասցրեց պոլսահայ մշակույթին, սակայն «Թուրքիայի Հանրապետության առաջին տարիներին արդեն Կ.Պոլսի հայ համայնքում սկսել են որոշ քայլեր կատարվել մշակույթի վերազարթոնքի ուղղությամբ»[19]: Նման մթնոլորտում հայության համար մամուլն էր ﬓում հասարակական կյանքի կազմակերպման այն ասպարեզը, ուր կենտրոնանում էին ազգի իմացական ուժերը, հայ մտավոր-հասարակական կյանքի տագնապներն ու հույզերը: Մամուլին վերապահվում էր բացառիկ դեր՝ զորավիգ լինել ազգի գոյապայքարին:

«Հայ աշխարհ» շաբաթաթերթը սակավ ուսումնասիրված թերթերից է: Այն թեև հայտնի չէ լայն շրջանակների, սակայն արժանի է ուշադրության. թերթը ոչ թե հետևում էր այդ շրջանում Կ.Պոլսում տպագրվող հայկական թերթերին բնորոշ ուղեգծին, այն է՝ արտատպումներ կամ խուսափողական նյութեր հրատարակելը, այլ հանդես էր գալիս ինքնուրույն, վերլուծական, քննողական, քննադատական հրապարակումներով: Նշենք, որ ենթադրաբար լույս է տեսել թերթի ընդամենը մի քանի համար (մեզ հասանելի է եղել 8-ը, այլ կոնկրետ տեղեկություն համարների թվի մասին ﬔզ չի հաջողվել գտնել): Ընդհանրապես Կ.Պոլսում թերթի տպագրական ընթացքի երկարատևությամբ ու կարճատևությամբ չենք կարող գնահատել նրա կարևորությունն ու նշանակությունը, քանի որ հնարավոր է մեկ համար լույս տեսած լինի, սակայն այնպիսի նյութի հրապարակմամբ, որը թերթի տպագրական խափանման պատճառը դարձած լինի, երբեﬓ էլ, այո՛, ﬔկ թերթի ﬔկ հոդվածն իր նշանակությամբ կարող է դառնալ գիտահետազոտական ուսուﬓասիրության նյութ:

Կ.Պոլսի «Հայ աշխարհ» գրական, գիտական և հասարակական շաբաթաթերթը մի քանի ուսումնասիրողներ[20] նույնացնում են իբր 1909 թ. Կ.Պոլսում լույս տեսած «Հայ աշխարհ» համանուն պարբերականի հետ, որը տպագրվել է «Քեշիշյան»-ի տպարանում[21] և լույս է տեսել 1909-1914 և 1919 թվականին: Պետք է նշենք, որ Գարեգին Լևոնյանն իր համապարփակ աշխատության մեջ «Հայ աշխարհ»-ը ներկայացնում է որպես երկու առանձին նույնանուն պարբերական, նշում, որ մեր հետազոտության շաբաթաթերթը տպագրվել է 1919 թ. Կ.Պոլսում: Վեց էջից բաղկացած այս պարբերաթերթի արտոնատերը և պատասխանատու տնօրենն էր Վահան Զեյթունցյանը[22]: Մենք հակված ենք ընդունել Գարեգին Լևոնյանի տեսակետը: Այն, որ թերթը 1909-1914 թթ. շարունակություն չի ունեցել, ապացուցում է նաև այն փաստը, որ իր առաջին համարում շաբաթաթերթը ներկայացնում է հրատարակման պատճառները, ինչպես նաև անդրադառնում թերթում արծարծվելիք ուղղություններին, իսկ որևէ նշում շարունակականության վերաբերյալ չկա:

«Հայ աշխարհ»-ն իր հրատարակման պատճառներն ու նպատակները հիմնավորում է այդ ժամանակահատվածում Եվրոպայի և Ասիայի աշխարհագրական քարտեզների փոփոխությամբ: Շաբաթաթերթը հաղորդում է, որ Առաջին համաշխարհային պատերազմում՝ այդ գերմարդկային պայքարում, ճակատվել են երկու հսկա բանակներ: Մեկը ներկայացնում էր անգլիական ազատ բուրժուազիայի ռամկավարությունը՝ իր քաղաքական ազատ կարգերով, իր հակազինվորական հակումներով, «միւս կողմը կանգնած էր գերմանական ազնուապետութիւնը՝ իր հակագերմանական ոգիով, զինուորական իր խիստ կարգ ու սարքերով ետին ունենալով պուլկարական էմբէրիալիզմը և թրքական համաիսլամութիւնը»: Ապա պարբերաթերթը հետևյալ հարցադրումն է շեշտադրում՝ ունենալով նաև այդ հարցի պատասխանը. «Ո՞վ խլեց յաղթութեան դափնին:

-Ոչ մէկը:

Յաղթանակեց պատմութիւնը, կեանքի պահանջը, թերեւս՝ “Նախախնամութիւնը”, ինչպէս պիտի ըսէր Վ. Հիւկօ»[23]:

Այդ աշխարհագրական «կարգավորումների» և համաշխարհային իրադարձություններին անհաղորդ լինելն, ըստ թերթի, անկարելի էր հայերի համար: Շաբաթաթերթն իր նպատակներից էր համարում հայերի շրջանում այդ հարցերի վերաբերյալ գիտական ու հստակ ըմբռնում ձևավորելը, ինչը պետք է օգներ հայությանը՝ կարգավորելու իր վերածնության ուղին: Այս ուղղությամբ պարբերաթերթը գրում է. ««Հայ Աշխարհ»-ի նպատակը պիտի ըլլայ խնամուած, ուսումնասիրութիւններով ծանօթացնել հայ հասարակութիւնը, այն նորութիւններուն, որոնք մուտք պիտի գտնեն գրեթէ ընկերային գիտութեան բոլոր ճիւղերու մէջ:

«Հայ Աշխարհ»-ը պիտի ձգտի վերլուծել ու պատկերացնել հայ ժողովուրդի կենսունակութիւնն ու ստեղծագործ ուժը:

«Հայ Աշխարհ»-ը պիտի երգէ ու փառաբանէ հայ աշխատանքը եւ անոր աննըկուն ոգին»[24]:

Նշենք, սակայն, որ թեև շաբաթաթերթը հրատարակվում էր որպես գիտական, հասարակական և գրական շաբաթաթերթ, այդուհանդերձ, ﬔր ուսուﬓասիրությունները թույլ են տալիս ասելու, որ թեև պարբերաթերթի գրական հետաքրքրությունների շրջանակը բավական լայն էր՝ ընդգրկելով հայոց (գլխավորապես՝ ռուսահայոց) գրականության պատմության և տեսության ամենաբազմազան հարցեր, սակայն շաբաթաթերթը ժանրային նմանօրինակ ուղղությունների ներքո առավելապես պահում էր ազգային, քաղաքական-հասարակական խմբագրական նպատակային ուղեգիծ, ինչը գալիս էր օրվա և կարգավիճակի անհրաժեշտությունից և բնական էր Կ.Պոլսի պարագայում:

Պարբերաթերթն իթթիհաթականների (երիտթուրքեր-Ակունքի խմբ) շուրջ

«Հայ աշխարհ»-ը գլխավորապես իթթիհաթականներին հատկացրած նյութերի ներկայացման մեջ գործում է թեմայի լուսաբանման հետևյալ ուղղություններով՝ իթթիհաթականները և հայերը, ինչպե՞ս դիտարկել իթթիհաթականներին, իթթիհաթականների ազգայնականությունը: Այս ուղղությունները, սակայն, անհրաժեշտ է դիտարկել մեկ ամբողջական տիրույթում: Պարբերաթերթը նախ և առաջ դնում է իթթիհաթականների ազգային նկրտումներին ծանոթանալու խնդիրը:

Իթթիհաթականները և հայերը

Քննվող ենթաթեմայի ուսումնասիրությունն արվել է մտավորական, հասարակական գործիչ, խմբագրի հարուստ փորձառությամբ Վահան Շահրիմանի լայնածավալ վերլուծական հոդվածի հիմքով: Հեղինակն իր «Իթթիհաթականների համաիսլամական քաղաքականությունը և 1915 թ. հայասպան եղեռնի գաղտնիքը» վերտառությամբ հոդվածում առանձնացնում է համաիսլամական քաղաքականության երկու ուղղություն՝ ներքին և արտաքին: Ըստ «Հայ Աշխարհ»-ի՝ համաիսլամականությունը իսլամական հավատքի տարածման շարժում չէ՝ տարբեր իսլամական ուժերի կրոնական միավորմամբ. «Յիմարութիւն մը պիտի ըլլար արդէն յաւակնիլ, թէ կարելի է որ համաձայնին այն բազմաթիւ աղանդները, որոնք մահմէտական աշխարհը կը բաժնեն եւ որոնք իրարու դէմ բուռն հակառակութիւններ ունին»[25]:

Ավելին՝ թերթը կոչ էր անում այն չընկալել նաև որպես իսլամական համախորհուրդ դաշնակցություն, որով աշխարհի բոլոր մահմեդականները սուլթանի կրոնական և քաղաքական իշխանությունը ճանաչում էին որպես կայսրություն կազմելու միակ միջոց: Պարբերաթերթն ընդարձակում է համաիսլամականության ընկալման տիրույթը՝ նշելով, որ այս ամենը քաղաքական և կրոնական մեծ ծրագրի մաս է, որը պետք է ձգտել ազատել կամ պաշտպանել իսլամական այն երկրները, որոնք եվրոպական պետությունները գրավել էին, կամ առկա էր նման վտանգ[26]: Համաիսլամական այս ընդհանուր ծրագիրը, ինչպես պարբերականն է ուրվագծում, Թուրքիայի արտաքին քաղաքականության «ահաբեկիչ մէկ խրտուիլակն»[27] էր, որով «Ալճէրիան պիտի սպառնայ Ֆրանսայի, Հնդկաստանը՝ Անգղիոյ, Կովկասը՝ Ռուսիոյ….»[28]:

Ըստ պարբերաթերթի, կար նաև համաիսլամականության ներքին քաղաքականություն, որ գծված էր բացառապես Թուրքիայի համար։ 1908 թ. սահմանադրությունից անմիջապես հետո թուրքերը մի պահ դադարեցին քաղաքական խնդիրների մեջ իսլամության անունից խոսել: «Իսլամ ազգին» մի քանի ամիս հետո հաջորդեց «Օսմանյան ազգ՝ միլլեթ-ի Օսմանիյե»-ն, որով երիտասարդ թուրքերն իրենց սովորական ծածկամտությամբ ցանկանում էին քողարկել համաիսլամական ներքին քաղաքականությունը՝ ցույց տալու, թե թուրք վարչության զուտ աստվածապետական բնույթը այլևս վերացած է, և երկրի քաղաքական իշխանությունը հանձնված է նախարարների ժողովին, ուր իսլամ և ոչ իսլամ տարրերն իրարից չեն զանազանվում[29]: «Կեղծիքը նրանց սուտ ու նպատակաւոր յայտարարութիւնն էր, այն է՝ մահմեդականի ու քրիստոնեայի մէջ տարբերութիւն չկայ այլեւս»[30]: Ապա հետևում է այն դիրքորոշումը, որ հին թուրքերն ի սկզբանե անվերապահորեն հայտարարել են, որ ընդհակառակը, «մահմեդականի և քրիստոնեայի մէջ հաւասարութիւն չի կարող ընդունել»: Պարբերաթերթը նաև շեշտում է, որ ներքին համաիսլամականության գաղափարը չէր ենթադրում, որ երիտասարդ թուրքերը դեմ էին խորհրդարանական կարգերին: Ավելին, երիտթուրքերը մեծապես կողմ էին, որ երկրի կառավարումը դուրս բերվի սուլթանի բացարձակ իշխանությունից:

Վերոնշյալ ուղղությամբ պարբերաթերթն իր էջերում ներկայացնում է նաև թուրքական այլ թերթերի բանավեճեր:

Թանզիմաթից հետո, երբ թղթի վրա ամեն անհավասարություն ջնջվում էր, Կ.Պոլսի «Բասիրեթ» թերթը՝ հին թուրքերի գլխավոր պարբերաթերթը, հրապարակայնորեն իր կարծիքն է հայտնել, ինչպես պարբերաթերթում է նշվում, հետևյալ թվացյալ միամիտ, անպատկառ, բայց վերջապես անկեղծ բացատրությամբ. «Պէտք չէ որ բանակին մէջ քրիստոնեաները՝ իսլամներուն համաստիճան բարձր դիրքեր ունենան: Վարչական բարձրագոյն պաշտօնները… կարելի չէ որ քրիստոնեաներուն յանձնուին, որովհետև այդպէսով զօրացած պիտի ըլլան անոնք, և մեր կողմէն ինքնախաբէութիւն պիտի ըլլար անոնց երախտագիտութեան և հաւատարմութեան վրայ յոյս դնել»[31]:

Իսկ ահա երիտասարդ թուրքերն իրենց «Վաքիթ» թերթում հետևյալ պատասխանն են տալիս. «Ձեր խորհուրդները՝ եթէ կարելի ըլլար անոնց հետևիլ՝ դէպի անդունդ պիտի առաջնորդէին Օսմանեան Պետութիւնը: Ճնշողական դրութեան ժամանակն անցած է. որովհետև անիկա չի կրնար հաշտուիլ՝ քաղաքակիրթ ընկերութեանց զգացումներուն հետ: Որպէսզի կարելի ըլլայ Թուրքիայէն մեծ և հզօր ազգ մը կազմակերպել, պէտք է հաւասար պարտականութիւն և հաւասար իրաւունք տալ Օսմանեան բոլոր հպատակներուն անխտիր: Եւ մեր կրօնքը հակառակ չէ ազատագրութեան այս սկզբունքին»[32]:

Ի պատասխան՝ «Բասիրեթ»-ը նշում է. «Դուք կը սխալիք, Շէրիաթը չունի թոյլատու ոգին, զոր դուք փոխ տալ կ’ուզէք իրեն: Ձեր տեսութիւններն ընդունիլ՝ պիտի նշանակէր իսլամութիւնն ու խալիֆան ջնջել: Իսլամութիւնն է որ մեր ուժը կը կազմէ եւ պէտք չէ որ անիկա իր էութեան մէջ ո՛եւէ հարուած կրէ՝ վատ իրաւախոհութիւններով»[33]: «Հայ աշխարհ»-ում այս մասին շարունակվում է. «Երիտասարդ թուրքերը խորապէս միեւնոյն համոզումն ունէին, բայց կ’ուզէին երեւոյթը փրկել՝ հաւատարիմ մնալով, նոյն ատեն, իրենց համաիսլամական քաղաքականութեան սկզբունքներուն, որոնց շնորհիւ միայն կը յուսային իսլամ գերիշխանութիւնը տեւականօրէն երաշխաւորել»[34]:

Ապա նշվում է, որ «այս կեղծիքին ապաւինած է երիտասարդ թուրքերու կուսակցութիւնը իր գոյութեան առաջին օրէն: 1867ին այդ կուսակցութեան պետերը հաստատուած էին Բարիզ, Մուսթաֆա Ֆազիլ փաշայի ղեկավարութեան տակ: Իրենց օրկանը, Մուխպիր, խրոխտաձայն թմբկահարութեամբ կը յայտարարէր անընդհատ, թէ ուխտեալ պաշտպանն է ինք՝ իսլամներուն եւ քրիստոնեից միջեւ կատարեալ հաւասարութեան»[35]:

Ապա թերթը հաղորդում է. «Նոյն երիտասարդ թուրքերը՝ 1867 ապրիլ 30-ին, հրատարակած են կանոնադրութիւն մը, որուն առաջին յօդուածը կ’ըսէր թէ՝ Կուսակցութեան նպատակն է ազատական վարչութիւն մը հաստատել եւ, մա՛նաւանդ, Կայսութեան քրիստոնեայ ժողովուրդներուն ազատագրութիւնն ապահովել, հաւասարութեան սկզբունքին վրայ»[36]:

Հոդվածագիրը նշում է, որ եկավ, սակայն, մի օր, երբ այդ ազատականները մի կողմ նետեցին իրենց «զզվելի դիմակը և ցույց տվին, թե միշտ միևնույն մարդիկ են, նույն վայրագ թշնամիները». ««Մուխպիր» թերթը, որ երբեմն հաւասարութեան ախոյեանն ըլլալ կը յաւակնէր, սկսաւ վերջապէս առաջին խալիֆաներու զուտ իսլամութիւնը քարոզել, ոչ-իսլամներու դէմ սուրբ պատերազմ գրգռել, որովհետեւ մասնաւորապէս զայրացեր էր, թէ թուրք կառավարութիւնը՝ Լոնտոնի և Պէրլինի համար քրիստոնեայ ներկայացուցիչ նշանակած է»[37]:

Այս վկայության մեջ խտացած է՝ հին և նոր, ծեր կամ երիտասարդ, բոլոր թուրքերի հոգեվիճակը, որ «զիրենք կը մղէ, կը կապէ՝ համաիսլամական ներքին քաղաքականութեան»[38]: Այդ քաղաքականությունը, ինչպես շեշտադրում է հոդվածագիրը, կապ չունի բնավ համաիսլամական շարժման հետ, որ եվրոպական պետություններից ոմանց լրջորեն վտանգավոր է թվում: Համաիսլամական այդ ներքին քաղաքականությունը, պարբերաթերթի համոզմամբ, ծնունդն էր թուրք տարրի թվական նվազության, տնտեսական, գիտական և ճարտարարվեստական զգալի տկարությունների:

Այս ուղղությամբ շաբաթաթերթն Վահան Շահրիմանի լայնածավալ հոդվածով նկատել է տալիս, որ այս երկրի՝ Օսմանյան պետության մեջ ոչ թուրք տարրերի միացյալ թիվը բացարձակ մեծամասնություն է ներկայացնում: Եվ թուրքերի գերիշխանության հարցը կորցնում է իր կռվանը, եթե այլացեղ տարրերի միջև համագործակցություն հաստատվեր՝ երկրի բոլոր բաղկացուցիչ տարրերի համար հավասարություն ստեղծելու և պահպանելու հիման վրա:

Այս հեռապատկերը սարսափ էր պատճառում թուրքերին, որոնք չէին կարողանում իրենց աշխարհակալ և սանձարձակ իրավունքներից հրաժարվել, և որոնք թուրք տարրի գերակշռությունն ապահովելու գլխավոր միջոցներից մեկն էին նկատում համաիսլամական քաղաքականությունը, որի նպատակն էր՝ թուրքական դատին կապելու մյուս բոլոր ոչ թուրք, բայց իսլամ տարրերը՝ արաբներ, քրդեր, չերքեզներ, լազեր ու բոշնաքներ՝ կրոնի և ազգության անջատ գաղափարները դիտմամբ նույնացնելով և անբաժանելի հռչակելով:

Սրա համար է, որ երբ ոչ իսլամը մահմեդականություն է ընդունում, Օսմանյան կայսրությունում համարվում է իր ազգությունից բոլորովին հրաժարված ու թրքացած:

Ապա հոդվածագիրը շարունակում է, որ մշտապես այս դավանանքն են ունեցել պահպանողական կամ ազատական բոլոր թուրքերը, որոնք մահվան էին դատապարտում ոչ մահմեդականին, որ մեկ անգամ իսլամ ընդունելուց հետո իր նախկին կրոնին է վերադառնում:

Շաբաթաթերթում ընդգծվում է, որ թուրք վարչության ներքո այս երկրում հնարավոր չէ ակնկալել խղճի ազատություն, ինչպես նաև տարանջատել ազգայնականության և կրոնի գաղափարները, այդ իսկ պատճառով թուրք տարրը շարունակում է մնալ փոքրամասնություն, և անհրաժեշտություն է առաջանում իր դատին կապած պահել ոչ թուրք իսլամ տարրերին, իսկ մյուս այլացեղ տարրերին՝ զանազան միջոցներով հալածել, ցրել, նվազեցնել, բռնի իսլամացնել:

Այդ պետքն էր, որ թուրքերին մղում է քուրդի և չերքեզի հայաջինջ տրամադրությունը վառ պահել, խրախուսել և հովանավորել՝ իրենց բոլոր արդյունքներով:

Պարբերաթերթը սկզբունքային դիրքորոշում է արտահայտում, համաձայն որի՝ մահմեդականի և քրիստոնյայի միջև իրական հավասարությունը՝ թուրք վարչության ներքո, լոկ ցնորք էր, բարենորոգումը՝ միայն անիմաստ բառ. «Թուրքերը ոգի ի բռին կը հակառակէին այս սկզբունքին, որպէսզի հայոց իրաւունքները, անոնց խաղաղ զարգացման միջոցները, անոնց կեանքի, ստացուածքի, ու պատիւի ապահովութիւնը, ամէն ինչ, շնորհք մը ըլլար, զոր կարենային գրչի հարուածով մը ջնջել, ինչպէս ըրին 1915-ին»[39]:

Անդրադառնալով Եվրոպային՝ պարբերականը նշում է, որ երկարատև անտարբերություններից հետո, մեղսակից լքումներից և թույլտվություններից հետո իր տարրական պարտականությունն է կատարում հայ ժողովրդի հանդեպ, որին հարկադրված էր պաշտպանել իրավագիտական արժեք ունեցող բացորոշ հանձնառությամբ:

Ըստ պարբերաթերթի՝ իթթիհաթականները մեկ անգամ ևս հասկացան, թե Թուրքիան անձնիշխան պետություն չէ, ինչի առիթը Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցությունն էր Բեռլինի թելադրությամբ, որն «երկար ժամանակ Ասիական Թուրքիայի լքեալ, բայց արգաւանդ ու կարեւոր մասերի վրայ աչք էր դրել գերազանցապէս յարմար հողեր նկատելով գաղթաւորման համար»[40]: 1914 թ. վերանորոգվեց և որոշակիորեն ամրացավ այդ համաձայնությունը, որի շնորհիվ Թուրքիան երազում էր արտաքին ազդեցությունների լուծը թոթափել և, մասնավորապես, ազատվել ռուսական ճնշումներից և ոտնձգություններից, որոնք քայքայում և կորուստ էին սպառնում իրեն:

Այդ նորոգված համաձայնության անմիջական արդյունքը եղավ հայկական նահանգների համար նշանակված մարզպետների վտարումը. «Այդ համաձայնութիւնը բացարձակ իշխանութիւն կուտար թուրքերուն, որպէսզի միանգամ ընդ միշտ և անխնայ վերջացնեն Հայոց գործն ու դատը»[41]:

Նշյալ դիրքորոշման տեսանկյունից պարբերականը դիտարկում է, որ ահա թե ուր «պէտք է փնտռել 1915ի հայկական ահռելի տրամին գաղտնիքը»[42]:

Այս ենթաթեմայի շուրջ արվում է հետևյալ ամփոփումը. պատմական անհրաժեշտությամբ Թուրքիայում ստիպված են եղել կողք կողքի ապրել հայն ու թուրքը՝ առաջինը՝ տիրապետվող, երկրորդը՝ տիրապետող: Ապրել են որպես բարեկամներ, քանի դեռ հայ ժողովուրդը իր քայլը առաջ չի դրել հասարակական նոր պահանջներին ընդառաջ, ինչը հակառակ էր թուրքերի շահերին. «Հոս է որ կը սկսի հայ ժողովուրդի մարտիրոսագրութեան ճշմարիտ թուականը թուրք տիրապետութեան տակ…. Հայ ժողովուրդը արիւնի մէջ է ապրած այս վերջին հարիւր տարուան ընթացքին, որուն պսակը կազմեց թուրք յառաջադէմ տարրին՝ Իթթիհաթի կազմակերպած այս վերջին սպանդը, որ աննախընթաց է պատմութեան մէջ»[43]: Ի լրուﬓ այս մոտեցմանը՝ ընդգծվում է, որ թեև այսքանից հետո վրեժխնդրության արդար ցասումով պետք է լցվեր հայի սիրտը, սակայն հայ ժողովուրդը ցույց տվեց և ցույց է տալիս իր քաղաքակրթական և քաղաքացիական բարձր ոգին՝ պահելով իր պաղարյունությունը և քաղաքակրթական արժեքները:

Ինչպե՞ս դիտարկել իթթիհաթականներին

Ենթաթեման գլխավորապես քննվում է այս պարբերաթերթում տպագրված լայնածավալ մի քանի հոդվածի հետազոտության հիմքով: Անդրադարձ է արվում նաև թերթում այլ հայկական, հունական և թուրքական թերթերի քննական ներկայացմանը:

«Թէ ի՛նչպէս կը դատենք թուրք ժողովուրդը» վերտառությամբ հոդվածում, որի հեղինակը Վահան Զեյթունցյանն էր, որը նաև պարբերաթերթի արտոնատերն ու պատասխանատու տնօրենն էր, նշվում է, որ զինադադարի կնքումից անմիջապես հետո Թուրքիայում հրատարկվող ամեն ազգի մամուլ սկսում է հաշվեհարդար տեսնել, այդ թվում՝ հայկական և հունական մամուլը սկսում է քննել նախորդ սև տարիների ոճիրների էությունն ու դրանց պատասխանատուներին: Միևնույն ժամանակ թուրքական մամուլն սկսում է պրպտել այն պատճառները, որոնք Թուրքիայի համապետական կյանքն առաջնորդեցին այդ ժամանակվա քաոսային վիճակին: Ու այս փնտրտուքների մեջ շատ բնականորեն իրար են բախվում այս երկու հակառակ հոսանքների գաղափարները:

Հոդվածաշարում ընդգծվում է, որ թուրքական մամուլը չնչին բացառությամբ մտնում է շատ ծիծաղելի երևույթների մեջ՝ նախևառաջ ուրանալով այն, ինչ աղաղակող ճշմարտություն էր ամբողջ աշխարհի համար: Ուրացավ հալածանքը, յաթաղանը, ջարդը և այն բոլոր ոճիրները, որոնք իրականացրեց նախորդ կառավարությունը: Քիչ հետո, երբ թուրքական մամուլը տեսավ ու ըմբռնեց, որ դա չէր հայրենիքը փրկելու ուղիղ ճանապարհը, սկսեց այդ բոլոր ոճիրների պատասխանատու նկատել որոշ անձերի, որոնք բախտի քմահաճույքով հաջողել էին Թուրքիայի ղեկն իրենց ձեռքն առնել և նրա ճակատագիրը վարել իրենց քմահաճ կարգադրությամբ: Եթե կարելի լիներ ապացուցել այս թեզը, արդեն փրկված պիտի լիներ թուրք ժողովուրդը:

Հոդվածում նշվում է, որ հայ և հույն մամուլն ընդհանրապես ծառացավ այս գաղափարի դեմ և պնդեց, որ թուրքերը տրամադրված են ջարդի ու ոճիրի, և ուստի քրիստոնյայի դեմ գործված ոճիրների պատասխանատուն պետք է նկատել ոչ թե կառավարությանը, այլ ամբողջ թուրք ժողովրդին: Թուրք հասարակությունն ինքն իրեն ճանաչում և քայլերն ուղղում է՝ համաձայն իր հասարակական կյանքի տվյալների: Քրիստոնյա ժողովուրդները ևս ծանոթանում են իրենց միջավայրին և, ըստ այնմ, բանաձևում են իրենց պահանջները[44]:

Հոդվածագիրը շեշտադրում է, որ, բնականաբար, ճիշտ չի կարող լինել թուրք մամուլի տեսակետը և հղում է տալիս գերմանացի սոցիոլոգ Ֆերդինանդ Լասսալին, ըստ որի՝ կառավարությունը «զայն ժողովուրդի մը մէջ գտնուող ուժերու փոխյարաբերութեան արդիւնարարն է»[45]: Ըստ Լասսալի՝ որևէ ժողովրդի հասարակական կյանքը պարզ և միասեռ ամբողջություն չէ. այդ ժողովրդի մեջ գոյություն ունեն իրար ներհակ, զանազան հակումներով ուժեր, որոնք ստեղծված են անհրաժեշտորեն, առանց որևէ արհեստական միջոցների, և որոնց փոխադարձ հարաբերությունն ստեղծում է արդյունարար, որից կախում ունի նույն երկրի պետական կազմը, նրա ձևը, ոգին և ուղղությունը:

Պարբերաթերթը շեշտադրում է, որ սահմանադրությունը, սահմանադրական պետությունը կամ նույնիսկ հանրապետությունը միշտ չէ, որ համազոր են ազատությանը. հունական և հռոﬔական պատմական աշխարհների ﬔջ իսկ գոյություն ունեին հանրապետություններ, բայց դրանք չի կարելի համարել ազատական կառավարություններ, քանի որ թեև դրանց հիմքն ազատանիներն էին, սակայն պետության բոլոր գործերին մասնակցում էին անազատներն ու փոքր սեփականատերերը[46]:

Որպեսզի հնարավոր լինի փոխել որևէ երկրի պետական համակարգը, անհրաժեշտ է նախ փոխել այդ երկրի մեջ գոյություն ունեցող ուժերի փոխհարաբերությունը: Երբ խոսում են որոշ բարեկարգության կամ հեղափոխության մասին, պետք է նկատի ունենալ, որ տվյալ երկրի ժողովրդի լայն խավերի մեջ արդեն իսկ տեղի են ունեցել որոշ փոփոխություններ, կամ հողատիրությունը տեղի է տվել արդյունաբերական դրամագլխին, կամ խոշոր սեփականությունը տեղի է տվել մանր սեփականատիրությանը, և կամ սրա նման ուրիշ որևէ փոփոխություն է առաջ եկել: Ահա այս գիտական սկզբունքներով է պարբերականն առաջնորդվում՝ պարզելու վերջին մի քանի տարվա ընթացքում Թուրքիայի մեջ տեղի ունեցած քաղաքական դեպքերը:

Թուրքիայում բարեկարգությունն սկսում է Թանզիմաթից, ընդգրկում Միդհատ փաշայի սահմանադրությունը և հանգում 1908 թ. Իթթիհաթի հռչակած օսմանյան սահմանադրությանը, որի էությունն ու վախճանը ծանոթ են արդեն բոլորիս. «Թանզիմաթով կը ջնջուէր Ենիչէրիներու դրութիւնը, Թուրքիոյ մէջ կը հաստատուէր տարրերու հաւասարութիւնը: Միդհատ փաշայի սահմանադրութիւնով կը տապալէր միապետութիւնը եւ անոր կը յաջորդէր ժողովրդային իշխանութիւնը»[47]:

Միևնույն դերն էր գալիս խաղալու նաև իթթիհաթական սահմանադրությունը:

Թուրքիայի կյանքի մեջ բարեկարգության այս երեք դարագլուխներն էլ, ինչպես գնահատում է հոդվածագիրը, անհաջող փորձեր էին՝ թուրք պետական անձանց ձեռքի տակ երկիրը փրկելու անմիջական քայքայումից:

Այս բարեկարգությունները ժողովրդի ներքին ինքնաբուխ պահանջի արդյունք չէին, այլ արտաքին ճնշումների անմիջական հետևանք, ինչն էլ ունեցել է միմիայն ժամանակավոր ազդեցություն: Հոդվածագիրը պատմական մանրամասնությունների մեջ չի մտնում, միայն հիշատակում է, որ Թուրքիայի բարեկարգությունները եղել են մշտապես եվրոպական պետությունների ճնշուﬓերի ներքո, որից փորձում էին ամեն ձևով խուսափել բազմաթիվ թուրք պետական անձինք:

Զեյթունցյանը շարունակում է, որ բարեկարգության այդ ձգտումները մնացին անհետևանք այն պարզ պատճառով, որ Թուրքիան չէր ներկայացնում անհրաժեշտ պայմանները՝ դրանք տևական և արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Թուրքիայում՝ «Արևելքի տիպար այս անշարժ երկրի մեջ», իրերի փոփոխություններն այդ ժամանակահատվածում կատարվում էին այն աստիճան դանդաղ, որ ոչ միայն տարիների, այլև նույնիսկ դարերի ընթացքում հազիվ նշմարելի լինի մի որևէ ներքին իրական փոփոխություն ժողովրդային խավերի մեջ. «Թանզիմաթի ժամանակից այս երկրի մեջ տիրող դասակարգը եղել է էշրաֆը[48], ﬕացած պաշտոնեության (բյուրոքրասի), այս երկու  տարրի ﬔ ջ էլ չի կարելի փնտրել դեմոկրատական հակուﬓեր և ուստի ասոնք չէին որ պիտի գային օժտել այս երկիրը իրական սահմանադրական օրենքներով: Այս իսկ պատճառով անհաջող են անցնում Միդհատ փաշայի ջանքերը»[49]:

Հոդվածաշարով մատնանշվում է, որ հետադեմ տարրերն առաջին օրից Թուրքիայում բնակվող քրիստոնյա ժողովուրդներին դիտարկել են որպես հակառակորդ, որոնք իրենց իրենց պատմական ուղիով ներկայացնում էին նյութական և բարոյական տարբեր մակարդակ. վերջապես Թուրքիայի քրիստոնյա ժողովուրդները ցանկանում են տեսնել այս երկիրը քաղաքակրթված: Ճիշտ այս ցանկությունն էր, որ իրենց դեմ հանեց տիրող դասակարգին իր հակոտնյա շահերով, որն էլ հակառակորդին պատասխանեց «սրով և յաթաղանով»:

Սակայն, Զեյթունցյանն ուղղորդում է ընթերցողին, որ սխալ կլինի կարծել, թե Թուրքիայում քրիստոնյա ժողովուրդների տառապանքն ու զարհուրելի ջարդերն արդյունքն են թուրք ժողովրդի կրոնական մոլեռանդության: Հաճախ հանդիպում են տվյալներ, որ այդ նույն ժողովուրդը որպես բարեկամ ապրել է քրիստոնյա դրացիների հետ, երբ միտումնավոր գրգռողներ չեն եղել. «Թուրքիոյ քրիստոնեայ ժողովուրդները նահատակներ են, ոչ թե յանուն քրիստոնեութեան այլ յանուն քաղաքակրթութեան»[50]: Ապա լրացնում է, որ Իթթիհաթը կուսակցություն լինելուց առավել դժգոհների խումբ էր կազմում, որ ապաստանել էր Եվրոպայում: Երկրի մեջ՝ ո՛չ մի գործունեություն, ո՛չ մի համակերպություն: Հեղինակը շեշտադրում է, որ «նոյն իսկ բռնապետության վերջին շրջանին հոս ու հոն ցանուած դժգոհութեան վատառողջ սերմը այդ աւազուտ, անարգասաբեր հողին մէջ կուտային բոլորովին հակոտնեայ արդիւնք»: Էրզրումում 1907-ին երևան եկած փոքրիկ ըմբոստության փորձը՝ իշխող կառավարության դեմ, վերջիվերջո հանգեցրեց հակաքրիստոնեական շարժման, որին զոհ գնաց Գրիգոր Օհանյան անունով հայ վաճառականը»[51]:

Ապա հոդվածագիրը շարունակում է՝ առաջ բերելով այն կարծիքը, որ դեռևս այդ օրերին թուրքական օրաթերթում մի հոդվածագիր Իթթիհաթի պատմությանն անդրադառնալիս հայտնել է այն գաղափարը, թե քսանհինգ տարի առաջ Թուրքիայում ամեն խելահաս մարդ իթթիհաթական էր: Սակայն Զեյթունցյանը նշում է, որ այդ տեսակետը հիմնովին սխալ է, քանի որ Իթթիհաթն իր կազմությունից մինչև սահմանադրության հռչակումը երբեք ժողովրդային հոսանքի արտահայտություն չի եղել, ինչպես նաև չի վայելել համաժողովրդական համակրանք. «Նախորդ բռնապետական շրջանի տիրող ռեժիﬕ դեմ ցույց անելու համար «Անատոլիայի[52] զանազան մասերու մէջ»՝ պատերի վրա թռուցիկներ փակցնելու անհրաժեշտությունը և այդ գործը գլուխ բերելու համար Իթթիհաթը Հնչակյան կուսակցության աջակցությունն էր խնդրել՝ առարկելով, որ ինք այդ վայրերում պահանջված կազմակերպություններից չէ: Պարբերաթերթում պաշտպանվում էր այն դիրքորոշումը, որ Իթթիհաթը բառի բոլոր իմաստներով կուսակցություն չէր սահմանադրությունից առաջ, քանի որ թիկունքում չուներ կազմակերպություն, չուներ ժողովրդային մասսա, այլ մի քանի դժգոհների խումբ էր, որից շատերը վերադառնում էին Պոլիս, երբ ամեն անգամ բռնապետը «կը հաճէր իրենց հրամցնել պատառ մը անուշ խորոտիկ իր համադամ սեղանէն»[53]:

Հոդվածագիրը նշում է, որ այս երևույթներն իրենք արձանագրեցին՝ պարզապես ցույց տալու, որ թուրք ժողովուրդը ներքին իրական որևէ փոփոխություն չէր կրել այս վերջին մեկ դարի շրջանում, և որ Իթթիհաթի հռչակած սահմանադրությունը երբեք իր հիմքում չուներ ժողովրդային պահանջը:

«Ի՞նչ տեղի ունեցավ սահմանադրությունից հետո». այս հարցադրման դիրքերից պարբերաթերթն առաջ է քաշում հետևյալը. «Իթթիհատի շէֆերը սկսան գործի, բնական էր որ նախ մտածւէր կուսակցութիւնը ժողովրդականացնելու պէտքին վրայ, և Իթթիհատը սկսաւ իր կազմակերպութեան գաւառներու մէջ»[54]: Այդ օրերին, թեև սկզբնական շրջանում էր, որ ամեն անհատ իթթիհաթական էր, ամեն թուրք՝ սահմանադրական, ուստի շուտով էլ կազմվում են իթթիհաթական «գլիւպներ»՝ ակումբներ, նշվում է նաև, որ առաջին իթթիհաթական կազմակերպությունների մեջ մեծամասնություն են կազմում նաև քրիստոնյաները, նրանք, ովքեր իրենց տեղանքում ճանաչված էին պարկեշտ և սահմանադրասեր, ընտրվել էին առաջին հիմքը դնելու իթթիհաթական կազմակերպությանը, նրանց էր միացել նաև մի քանի թուրք, այդուհանդերձ, հետագայում, սակայն, երևույթը փոխվում է: Մասնավոր պատվիրակները պտտվում են գավառով, չեղյալ նկատում նախորդ կազմակերպությունները և երևան հանում ուրիշ կազմակերպություններ՝ բոլորովին տարբեր ոգով: Այս վերջին կազմակերպությունների մեջ են մտնում տեղի ավագանին, հարստահարիչները, կողոպտիչները, բեյերը և աղաները:

Այժմ ահա, եթե Իթթիհաթն իբրև ներկայացուցիչ նոր ու կենսունակ տարրի պատմության հրապարակ իջած լիներ, բնական է, որ պետք է փնտրեր և միանար այն տեսակ տարրերին, որոնք իր բնական դաշնակիցները կարող էին լինել. այդ տարրերը քրիստոնեաներն էին, բայց Իթթիհաթը նկատի չունեցավ այդ կետը, քանի որ նա հասարակական նոր պաշտոնով հրապարակ չէր գա, այլ պարզապես կգար կատարելու քաղաքական դեր[55]:

Եվ վերջապես, իթթիհաթականները, ինչպես նպատակային դիրքորոշմամբ շեշտադրում է պարբերականը, իրենց քվեարկած օրենքներով և պարտադրած տուրքերի դրությամբ էլ եկան ապացուցելու, որ երկրի վաճառական դրամատեր տարրի պաշտպանը չեն, այլ ներկայացուցիչն են ավատապետերի, որոնց շահերի հսկողությունը ստանձնելու համար ստիպված էին, ինչպես իրենց նախորդները, հանդես գալ իրենցից առաջ եղած ուրիշ դիմակների ներքո: «Թուրքիան իր ներքին կեանքով հոն էր ուր որ էր Թանզիմաթի կամ Միդհատ փաշայի սահմանադրութեան ժամանակ»,- նշվում է պարբերաթերթում: Ուրիշ՝ արտաքին պատճառներով, փոխվել էր պետության արտաքին երևույթը, բայց ներքին դասակարգային փոխհարաբերությունը պահում էր իր հին գոյությունը: Եվ այս պայմանների ներքո, ինչպես ընդգծվում է շաբաթաթերթում, իթթիհաթականները չձևավորեցին իսկական սահմանադրական կյանք:

Այսպիսով, ըստ պարբերաթերթի՝ Իթթիհաթի գործունեությունը ոչ թե անհատական ցանկությունների արդյունքն է, այլ դասակարգային շահերի: Պատասխանատուն ոչ թե անհատն է, այլ դասակարգը[56]:

Իթթիհատականների ազգայնականությունը, թուրք ազգայնական շարժումն օսմանյան սահմանադրության հայտարարումից հետո երևան է գալիս, և իր գործելակերպով ու ուղղությամբ տարբերվում թե՛ հին և թե՛ նոր երիտասարդ թուրքերի ծրագրից:

Երիտասարդ թուրք շարժումը մինչև Աբդուլ Համիդի անկումն ազդված էր ֆրանսիական հեղափոխության ազատական գաղափարներից: Ֆրանսիական մշակույթն էր, որ ազդում էր թուրքական մտավորական կյանքի վրա: Ֆրանսիական գրականությունը տարածված էր կրթված շրջանակներում, իսկ ֆրանսերենը՝ կատարելապես բարձրագույն վարժարաններում։ Թուրք ազատական վտարանդիները ապաստանում էին Փարիզում և այնտեղ հիմնում իրենց հեղափոխական թերթերը: Իսկ երիտասարդ թուրքերի գործելակերպը պարզ ընդօրինակություն էր հույն, սերբ և բուլղար չեթեական[57] գործունեության, ինչպես պարբերականը բնորոշում է իթթիհաթականներին:

Այս ուղղությամբ հոդվածաշարում ասվում է, որ Սալոնիկի երիտասարդ թուրքերը և թուրք սպաները, կռվելով մակեդոնացի հեղափոխականների դեմ, շատ բան սովորեցին, շատ բան ընդօրինակեցին նրանցից: Մինչև անգամ երբ Միություն և առաջադիմություն կուսակցությունը գաղտնի կազմակերպություն էր, դրանից հետո նրա ներքին կանոնագիրն ընդօրինակված էր Մակեդոնական հեղափոխական կազմակերպությունից[58]: Ապա շեշտադրվում է, որ եթե երիտասարդ թուրք շարժումն իր սկզբնական շրջանում տոգորված էր ֆրանսիական գաղափարներով և առաջնորդվում էր մակեդոնական գործելակերպով, շատ մոտ անցյալի ազգայնական շարժումը, ինչպես գրում է պարբերաթերթը, «գերման դավին ստեղծագործումն էր, և իր մեթոդը այնքան քանդիչ, այնքան ավերիչ, այնքան արյունաթաթախ, որքան գերմանականն էր»[59]: Հոդվածաշարում նշվում է, որ մի անգլիացի հրապարակագիր ասում էր, թե նախապես երիտասարդ թուրքերն ազգայնականներ չէին, քանի որ Միություն և առաջադիմություն կոմիտեն հիմնված էր ֆրանսիական հեղափոխության սկզբունքների վրա՝ կայսրության բնակչությունը ազատելու և հաշտեցնելու հավատով, ահա «1909ի համագումարին ամէնքը ժխտեցին ազգայնականները՝ անոնց երեսին պոռալով. «Մեր նպատակը կազմակերպութիւնն է, ուրիշ ոչինչ»[60]: Բայց երիտասարդ թուրքերի գաղափարները հետզհետե նեղացան: Ազատականությունը տեղի տվեց համաիսլամությանը, համաիսլամությունը՝ համաթուրանությանը, և Օսմանյան պետության գաղափարը փոխվեց, հավասարությունը և եղբայրությունը եղավ բոլոր ոչ թուրք ազգությունների բռնի թրքացումը[61]:

Համաթուրանական շարժումը սահմանադրության հաստատումից հետո երևան եկավ մայրաքաղաքում և համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո լայն ծավալ ստացավ թուրք-թաթարական ցեղերի մեջ: Ինչպես որ Գերմանիան համագերմանականությամբ ուզում էր ստեղծել Միջին Եվրոպա, այնպես էլ Գերմանիայի դաշնակից Թուրքիան համաթրքականությամբ ուզում էր ստեղծել Միջին Ասիա:

Ինչպես ամփոփվում է հոդվածաշարում, թուրքական ազգայնականությունը հիմնված էր ոչ թե «քաղաքական վարդապետության», այլ «ցեղագրական գիտության» վրա, որ առաջին անգամ երևան եկավ Հունգարիայում անցյալ դարերում: 1877-1878 թթ. պատերազմից հետո Ռուսաստանի թաթարական ցեղերի մեջ ռուսացման քաղաքականության դեմ շարժում է սկսում՝ «գործակցությունն ստեղծելու բոլոր թուրանական կամ թուրքական ցեղերու միջև»[62]:

Փաստենք, սակայն, որ պարբերաթերթում հաճախ էր նշվում այն մոտեցումը, որ կայսրության գոյությունը կախված էր երիտասարդ թուրք կուսակցության ուժից և թշնամական գաղափարների զարգացումից. «Բոլոր թուրքական ուրիշ հպատակների օսմանցիացման երիտասարդ թուրքերի դավադիր այս ծրագիրն իրականացնելու համար, թուրքն իր ազգային իդեալին հասնելու համար վայրենի ավազակի նման արյունկզակ ավազակների անխուսափելի բաժին կդարձնի հպատակ ժողովուրդներին, քանի որ թուրքերը ավազակի հոգեբանություն ունեն»[63]:

Այսպիսով, այս պարբերականի 1919 թ. բոլոր համարները յուրօրինակ անդրադարձ են այդ օրերի թուրքական քաղաքական-ազգայնական ուղեգծի՝ քննված ուղղությունների ներկայացմամբ և լուսաբանմամբ: Շաբաթաթերթի՝ բոլոր ուղղություններով ընդգծվող ամփոփիչ դիրքորոշումն առանձնանում է այն առանցքային մտքով, որ Թուրքիայի բոլոր ազգերը մշտապես կանգնած են լինելու թուրք ազգայնական ոճրագործների կողմից բնաջնջման վտանգի առաջ, քանի որ, պարբերաթերթում հաճախ կիրառվող ձևակերպմամբ՝ թուրքերի հայրենիքը ո՛չ Թուրքիան է, ո՛չ էլ Թուրքիստանը, այլ Թուրանիայի «լայն հավիտենական» երկիրը, իսկ այդ երկիրը ստեղծելու համար պետք էր ոչնչացնել այն ազգերին, որոնք այդ «լայն» ճանապարհի վրա են գտնվում. համաթուրք այդ ազգասպան քաղաքականությունը երիտթուքերի նպատակային ուղեգիծն էր:

[1]Ալբերտ Խառատյան, Կոստանդնուպոլսի հայ գաղթօջախը (XV-XVII դարեր) (Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2007), 7, 49-50:

[2] Լէօ, Հայկական Տպագրութիւն, Ա. Մաս (Թիֆլիս, Վրաց. հրատ. ընկ., 1901), 600:

[3] Վաղարշակ դպ. Սերոբեան, «Պոլսահայ մամուլը», Մարմարա (Կ.Պոլիս), 15 հոկտեմբեր 1994:

[4] Հայոց պարբերական մամուլը. Լիակատար ցուցակ հայ լրագրության, կազմող՝ Գարեգին Լևոնյան (Յերևան, հրատարակություն Մելքոնյան ֆոնդի, 1934), 4:

[5] «Հայ մամուլի մասին», Ժամանակ (Կ.Պոլիս), 15 հոկտեմբերի 1994:

[6] Արևմտահայոց ազգային սահմանադրության մասին առավել մանրամասն տե՛ս Ատոմ, Ազգային սահմանադրութիւնը. գիծեր մեր մշակոյթի պատմութենէն (Կ.Պոլիս, Արծիւ ժողովրդական գրավաճառանոցի, 1914); Արշակ Ալպոյաճեան, Ազգային սահմանադրութիւնը, իր ծագումը եւ կիրառութիւնը. «Ընդարձակ օրացոյց ս. Փրկչեան հիւանդանոցի հայոց» (Կ.Պոլիս, 1910); Լեւոն Չորմիսեան, Համապատկեր արեւմտահայոց մէկ դարու պատմութեան: Ա. հատոր: 1850-1878 (Պէյրութ, Imprimerie G. Doniguian & Fils, 1972); Ազգային սահմանադրութիւն հայոց (Լիբանան, Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, 1968); Ալբերտ Խառատյան, «Արևմտահայերի ազգային «Սահմանադրությունը» (1860-1863)», Պատմաբանասիրական հանդես 2-3 (1992), 51- 66; Ալբերտ Խառատյան, «Դարձյալ արևմտահայերի ազգային սահմանադրության մասին», Պատմաբանասիրական հանդես 2 (2008), 81-93:

[7] Յակոբ Օշական, Համապատկեր արեւմտահայ գրականութեան, հ. 5 (Երուսաղէմ, Սրբոց Յակոբեանց, 1952), 383:

[8] Բիւզանդ Քէչեան, «Երկու խափանումներ», Բիւզանդիոն (Կ.Պոլիս), թիւ 3, 13–26 մարտ 1909, 789:

[9] Анатолий Желтяков, Юрий Петросян, Печать в общественно-политической и культурной жизни Турции (1729-1908) (М.: Наука, 1972), 65:

[10] Ալբերտ Խառատյան, Արևմտահայ պարբերական մամուլը և գրաքննությունը Օսմանյան Թուրքիայում (1857-1908) (Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1989), 5:

[11] Նոր կեանք (Լոնդոն), 1898, թիվ 11, 216:

[12] Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ II-ի նստավայրը:

[13] Յուրի Ավետիսյան, «Անահիտ» հանդեսը (Երևան, Երևանի պետական համալսարան, 1999), 42:

[14] Նույն տեղում, նաև՝ Վիկտորյա Ղուկասյան, Պոլսահայ մամուլի և հրապարակախոսության սկզբնավորումը (1832-1853) (Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1975), 32-34:

[15] Նշված ժամանակաշրջանում մեկ «կասկածելի» բառի համար թերթերը ոչ միայն փակվում էին, այլև հարցաքննության էին ենթարկվում վարիչները և խմբագիրները՝ «Եըլտըզի միահեծան բռնակալութեան դէմ թաքուն նպատակ» հետապնդելու պատճառաբանությամբ: Սակայն շատերին չէր հաջողվում «օձիքը ազատել»: Ընդ որում՝ «ստոր զրպարտութեանց հետեւանքով, որ ընթացիկ նորոյթ էին հին ռէժիմին», բանտարկվել են հայ խմբագիրներ և արտոնատերեր: Ասվածի վառ օրինակ է «Մանզումե» թերթի հետ կապված «Ակօս»-ում բերված հիշատակությունը. «Օր մը Ֆրանսերէն թերթէ թարգմանուած հատուած մը, որ գուշակութիւններ կը պարունակէր աշխարհի վախճանին վրայ, վերջ կու տայ այս ձեռնարկին… այդ հատուածին մէջ կար տող մը մանաւանդ, որ կ’ըսէր թէ աստղերը (Եըլտըզ) պիտի թօթափին: Այս բառերը բաւական կ’ըլլան ոչ միայն թերթը փակելու, այլեւ հարցաքննութեան ենթարկելու թերթին վարիչն ու խմբագիրները, որոնց կը վերագրուէր թաքուն նպատակ մը՝ Եըլտըզի միահեծան բռնակալութեան դէմ: Անոնք դժուարաւ յաջողեցան իրենց օձիքը ազատել…»: Միսաք Գօչունեան, «Փոխն ի փոխ», Ակօս (Կ.Պոլիս), թիւ 462, 4 փետրուար 2005: Թերթը քանիցս դադարեցվել է գրաքննության համար, իսկ արտոնատերն ու խմբագրապետը բանտարկվել են կեղծ զրպարտությունների պատճառով: Սակայն «Բյուզանդիոն»-ը նկատել է տալիս, որ բռնակալության տարիներին անճարակները, անարժանները, անարժեքները միայն ջանում էին փակել տալ մրցակից թերթերը՝ իրենցը հաջողեցնելու համար: Դիտակ, «Կառավարութիւնն եւ Հայերը», Բիւզանդիոն, մարտ 13-26, 1909, նաև ՍՅԱլիքսանեան, «Ի՞նչ կ’ըսէ բրօֆէսօր մը», Բիւզանդիոն, մարտ 13–26, 1909:

[16] Иван Голобородько, Старая и новая Турция (Москва: “Польза” В. Антик и К., 1908), 117-119.

[17] Նույն տեղում:

[18] Հայրենիք (Բոստոն), 1924, թիվ 6:

[19] Արսեն ԱվագյանՌուբեն Մելքոնյան, Ստամբուլի հայ համայնքի արդի վիճակը (Երևան, Լուսակն, 2009), 108:

[20] Հայ պարբերական մամուլի մատենագիտություն (1794-1967), կազմող՝ ԱԿիրակոսյան (Երևան, Ա. հ., 1970), 325: Տե՛ս նաև Հայ պարբերական մամուլը։ Մատենագիտական համահավաք ցուցակ (1794-1980), կազմող՝ Մանվել Բաբլոյան (Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1986), 78: Վահան Զեյթունցյանը խմբագրի ծանրակշիռ փորձ ունեցող մտավորական էր, ինչպես նաև Հնչակյան կուսակցության անդամ, որն այս մասին գրում է. «Այն ինչ որ եմ, կը պարտիմ իմ կուսակցութեան-Հնչակեանութեան, որ հայութեան ծառայելէ շեղում չէ կատարած: Հնչակեանութեան ուղին եղած է պատմականօրէն շիտակ, արտասահմանի հայութիւնը կը շղթայէ մեր նոր ազատ հայրենիքին, որու որդեգրած ուղին վաղը քաղաքականապէս եւ տնտեսապէս անազատ ժողովուրդներու ուղին ըլլալուն հաւատքն ունիմ: Ուր որ ըլլամ պիտի ծառայեմ հայութեան եւ տառապող մարդկութեան»: Նա խմբագրել է Հարավային Ամերիկայի հնչակյանների պաշտոնաթերթ «Շարժում»-ը, ապա «Նոր Երկիր», «Նոր Աշխարհ» թերթերը: Այս մասին առավել մանրամասն տե՛ս Սիրվարդ, Ընկեր Վահան Զեյթունցեան, Երիտասարդ Հայաստան (Նիւ Եորք), 56-րդ Տարի, Թիւ 69, 15 Յունուար, 1960:

[21] Հայ պարբերական մամուլի մատենագիտություն (1794-1967), 325:

[22] Հայոց պարբերական մամուլը, 59, 100:

[23] «Մեր հրատարակութեան պատճառները», Հայ Աշխարհ, Ա. Տարի, Կ.Պոլիս, թիւ 1, 14/27 Յունուար, 1919, 1:

[24] Նույն տեղում։

[25] Վահան Շահրիման, «Իթթիհատականներու համաիսլամական քաղաքականութիւնը եւ 1915ի հայասպան եղեռնին գաղտնիքը», Հայ Աշխարհ, Ա. Տարի, 14/27 Յունուար, 1919, թիւ 1, 3:

[26] Նույն տեղում:

[27] Երբեմն մենք, թեև ոչ ուղղակի խոսքում, անհրաժեշտաբար պահպանում ենք թերթի բառապաշարային առանձնահատկություններն ընդգծող ձևակերպումներ, որով ևս ընթերցողը կարող է ձևավորել իր մոտեցումը թերթի տվյալ հարցի շուրջ դիրքորոշման մասին:

[28] Շահրիման, «Իթթիհատականներու համաիսլամական քաղաքականութիւնը», 3:

[29] Նույն տեղում:

[30] Նույն տեղում:

[31] Նույն տեղում, 3:

[32] Նույն տեղում:

[33] Նույն տեղում, 3-6:

[34] Նույն տեղում:

[35] Նույն տեղում:

[36] Նույն տեղում:

[37] Նույն տեղում, 4:

[38] Նույն տեղում:

[39] Նույն տեղում:

[40] Նույն տեղում, 6:

[41] Նույն տեղում:

[42] Նույն տեղում:

[43] «Արեւելքի ժողովուրդներու մէջ բաղդատութեան երկու եզրեր», Հայ Աշխարհ, Ա. Տարի, 9 Փետրուար, թիւ 3, 34:

[44] Վահան Զեյթունցեան«Թէ ի՛նչպէս կը դատենք թուրք ժողովուրդը», Հայ Աշխարհ, Ա տարի, 18/31 Յնվր., թիւ 2, 1919, 21, նաև թիւ 3, 1919, 36, 37:

[45] Նույն տեղում, 21:

[46] Նույն տեղում:

[47] Նույն տեղում, 22:

[48] Օսմաներենից թարգմանաբար՝ eşraf- 1. հարուստները, տեղանքի նշանավորները, 2. հարգված մարդիկ, ազնվականությունը, 3. երևելիները, 5. մեծարգո, ականավոր երեցները։

[49] Նույն տեղում:

[50] Նույն տեղում, 23:

[51] Նույն տեղում:

[52] Անվանաձևը պահպանվել է միայն այն պատճառով, որ ուղիղ մեջբերում է:

[53] Վահան Զեյթունցեան, «Թէ ի՛նչպէս կը դատենք թուրք ժողովուրդը», Հայ Աշխարհ, Ա տարի, 9 Փետրուար, թիւ 3, 1919, 36:

[54] Նույն տեղում:

[55] Նույն տեղում:

[56] Նույն տեղում, 37:

[57] Չեթե – սերբո-հորվաթերեն «չեթնիկ»՝ աշխարհազորային բառի թուրքերեն աղավաղված ձևն է:

[58] ՅովհՅակոբեան, «Թուրք ազգայնական շարժումը», Հայ Աշխարհ, Ա տարի, 23 Փետրուար, թիւ 5, 1919, 68-70:

[59] Նույն տեղում, 68:

[60] Նույն տեղում:

[61] Նույն տեղում:

[62] Նույն տեղում:

[63] ՅովհՅակոբեան, «Թուրք ազգայնական շարժումը», Հայ Աշխարհ, Ա տարի, 1 Մարտ, թիւ 6, 1919, 83-87:

Akunq.net